HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակ Բեգլարյանը «Իմ քայլը» և «Վորլդ Վիժն Հայաստան» հիմնադրամների ղեկավարության հետ քննարկել է Արցախում իրականացվելիք ծրագրերը

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է «Իմ քայլը» և «Վորլդ Վիժն Հայաստան» հիմնադրամների պատվիրակություններին՝ Հովհաննես Ղազարյանի և Ժիրայր Էդիլյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է Պաշտպանի գրասենյակը:

Պաշտպանը ողջունել է կազմակերպությունների որոշումն Արցախում գործունեություն ծավալելու վերաբերյալ: Նա ընդգծել է, որ ԱՀ միջազգային կարգավիճակով պայմանավորված Արցախի բնակչությունը մեծապես զրկված է միջազգային ծրագրերին մասնակցելու և կուտակված փորձին հաղորդակից լինելու ուղիղ հնարավորությունից: Ուստի, հայկական կազմակերպությունները զգալի անելիք ունեն այդ բացը լրացնելու հարցում՝ ակտիվորեն ընդգրկվելով Արցախում մարդու իրավունքների պաշտպանության, կարողությունների զարգացման, աղքատության հաղթահարման և այլ նմանատիպ ծրագրերի կյանքի կոչման գործընթացներում:

Հիմնադրամների ներկայացուցիչները հակիրճ ներկայացրել են իրենց կատարած աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը՝ պատրաստակամություն հայտնելով իրենց ներուժը կիրառել նաև Արցախի բնակիչների իրավունքների պաշտպանության ու բարօրության համար:

Հ.Ղազարյանն ու Ժ. Էդիլյանը տեղեկացրել են, որ իրենց գործունեության առաջին փուլում նախատեսում են «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ Արցախի 20 ընտանիքների համար իրագործել աղքատության փուլային հաղթահարման ծրագիր, որի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվելու շահառու ընտանիքներին՝ կարողությունների զարգացման, եկամուտների կայուն ավելացման ու արդյունավետ կառավարման նպատակով:

Պաշտպանն իր աջակցությունն է հայտնել աղքատության հաղթահարման նոր մոտեցման կիրառման ծրագրին՝ ընդգծելով, որ դրա արդյունավետության ապահովման համար անհրաժեշտ է խորությամբ գնահատել ընտանիքների կարիքները և հաշվի առնել տեղի առանձնահատկությունները: Նա հույս է հայտնել, որ ծրագրի դրական արդյունքները կնպաստեն նաև պետական ոլորտային ծրագրերի երկարաժամկետ արդյունավետության բարձրացմանը:

Կողմերը պայմանավորվել են շարունակել փոխշփումները և քննարկել համատեղ այլ ծրագրերի իրականացման հնարավորությունները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter