HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արտյոմ Կանևսկոյը չընդունեց մեղադրանքը. դատարանում հետազոտվեց զենքը, որը հայտնաբերվել է նրա վարած մեքենայից

Արտյոմ »Կանևսկոյ» անունով հայտնի Արտյոմ Հարությունովն իր գործով դատական նիստը սկսելուց առաջ նախ խաչակնքվեց։ Վայրկյաններ անց դատական նիստերի դահլիճ եկավ դատավոր Մնացական Մարտիրոսյանն և մեկնարկեց Հարությունովին վերագրվող ապօրինի զենք-զինամթերք կրելու մեղադրանքով  քրեական գործի քննությունը:

Այսօրվա դատական նիստի ընթացքում մեղադրող դատախազ Հայկ Խաչատրյանն ընթերցեց Հարությունովի մեղադրանքը: Վերջինս, ըստ քրեական գործի, իր կողմից օգտագործվող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի մեջ ապօրինի պահել է մեկ այլ անձի` Մյասնիկ Մատինյանի անվամբ հաշվառված, կրակոցներ կատարելու համար պիտանի, ակոսափող հրազեն հանդիսացող որսորդական ինքնալից կարաբին՝ իր պահեստատուփով լիցքավորված, կրակելու համար պիտանի որսորդական ակոսափող զենքերի համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող թվով 30 հատ գործարանային արտադրության փամփուշտներ և մեկ հատ պահեստատուփ՝ լիցքավորված կրակելու համար պիտանի, որսորդական ակոսափող զենքերի համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող թվով 20 հատ գործարանային արտադրության փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են Արտյոմ Հարությունովի նշված ավտոմեքենայի զննությամբ։

Հարությունովը չընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը:

Դատարանն այսօր ավարտեց քրեական  գործում առկա փաստաթղթերի և իրեղեն ապացույցների հետազոտումը:

Մեղադրող Խաչատրյանն ընթերցեց դեպքի վայրի զննության արձանագրությունը, որը կազմել է Հարությունովին բերման ենթարկելու օրը՝ 2019 թվականի հունվարի 12-ին: Քննությունը սկսվել է ժամը  23:30-ին և ավարտված ժամը 00:10-ին: Մասնավորապես՝  ըստ մեղադրող դատախազի՝ Նալբանդյան 130 հասցեում, որը ոստիկանության 6-րդ վարչության բակն է, զննվել է «Տոյոտա» մակնիշի վերը նշված մեքենան: Մեքենայի զննության մասնակից Ա. Հարությունովը հայտարարել է, որ այն հաշվառված է իր ծանոթ Վիտալի Մուշեղյանի անունով, սակայն պատկանում է իրեն:

Ըստ դատախազի՝ դրանից հետո Հարությունովին առաջարկվել է բացել մեքենայի դռներն ու մեքենայի սրահի ներսը, Հարությունովը բացել է, ու հայտնաբերվել են վերը նշված իրերը:

Նույն վայրում զննվել է նաև մեկ այլ անձի՝ Ա. Գևորգյանի վարած մեքենան, և այնտեղ ևս զենք է հայտնաբերվել:

Դատախազի կողմից դեպքի վայրի զննության արձանագրությունը ներկայացնելու ընթացքում Հարությունովի պաշտպանները մի քանի հայտարարություն արեցին:

Մասնավորապես՝ փաստաբաններ Հովսեփ Սարգսյանն ու Վարդուհի Էլբակյանը նշեցին, որ զննության արձանագրության մեջ «Ա. Հարությունով» ինչպես նաև «Ա. Գևորգյան» ազգանունները հստակ չեն երևում, արձանագրությունը կազմվել է ձեռագիր և անընթեռնելի, ուստի պնդել, թե դրանցում հենց այն անուն, ազգանուններ են գրված եղել, որոնք ընթերցեց մեղադրողը, ճիշտ չէ:

Բացի այդ՝ Հովսեփ Սարգսյանը հիշեցեց, որ իրենց պաշտպանյալ Հարությունովը բերման է ենթարկվել Քոչար-Վաղարշյան փողոցների խաչմերուկից, ու հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ է Նալբանդյան 130-ը դեպքի վայր, թե հատկապես ի՞նչ դեպքի վայր էր այն:

Ըստ զննության արձանագրության՝ Արտյոմ Հարությունովը հրաժարվել է ստորագրել դրա տակ: Նրա համար հրավիրվել է թարգմանիչ, (Հարությունովը լավ չի տիրապետում հայերեն գրավոր լեզվին, և դատական նիստերին ևս թարգմանիչ է մասնակցում, հեղ), բայց թարգմանությունից հետո ևս հրաժարվել է ստորագրել արձանագրության տակ:

Սարգսյանը նաև հայտարարեց, որ Հարությունովն ինքնակամ չի բացել մեքենայի դռները, հայտարարեց, որ «դեպքի վայրի զննության» անվան տակ իրականում կատարվել է խուզարկություն:

Վարդուհի Էլբակյանն էլ բարձրաձայնեց այն մասին, որ քրեական գործում թարգմանիչ է ներգրավվել ավելի ուշ, քան նշված է դեպքի վայրի զննության արձանագրության մեջ: Պաշտպանի խոսքով՝ դեպքի վայրի զննությունն, ըստ քրեական գործի, կատարվել է հունվարի 12-ին՝ ժամը 23:30-ից սկսած, մինչդեռ քրեական գործի հետագա նյութերի համաձայն` թարգմանիչը ներգրավվել է հունվարի 13-ին: Էլբակյանի խոսքով` այն ժամանակ, երբ Արտյոմ Հարությունովն արդեն բերման ենթարկված է եղել 6-րդ վարչություն, նրան, ինչպես նաև թարգմանչին թույլ չեն տվել մուտք գործել ներս. վերջինս իրենց հետ կանգնած՝ սպասելիս է եղել:

Փաստաբանի հայտարարություններին արձագանքեց Հայկ Խաչատրյանը. վերջինիս խոսքով՝ արձանագրության մեջ որևէ նշում չկա, որից կարելի է ենթադրել, որ խուզարկություն է տեղի ունեցել: Ըստ դատախազի` մեքենայի որևէ չերևացող հատված չի բացվել՝ ստուգելու նպատակով, որը բնորոշ է «խուզարկություն» քննչական գործողությանը:

Գրավոր փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ դարձավ նաև, որ Հարությունովի մեքենան եղել է զրահապատ: Վերջինս նախաքննության ընթացքում ցումունք չի տվել:

Դատական նիստին հետազոտվեց նաև Հարությունովի մեքենայում հայտնաբերված զենքն ու զինամթերքը: Հաջորդ` սեպտեմբերի 25-ի դատական նիստին պետք է հարցաքննվի վկա Մյասնիկ Մատինյանն, ում անվամբ հաշվառված է Հարությունովի վարած մեքենայում հայտաբերված զենքը:

 

Լուսանկարում`դատավոր Մնացական Մարտիրոսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter