HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Որ հարևանը հարևանից հաց է ուզում, դա քրեական պատժելի՞ է».Կանևսկոյը կարծում է, որ քրեական հեղինակությունների մասին օրենքն իրեն չի վնասի

Կառավարությունը հավանություն է տվել «Քրեական օրենսգրքում փոփոխություներ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով  քրեական պատասխանատվություն է նախատեսվում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, պահպանելու և ստանալու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, դրանց անդամակցելու և այդ խմբավորման մասնակցին դիմելու կամ քրեական աստիճանակարգի բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար: «Արտյոմ Կանևսկոյ» անունով հայտնի «Արտյոմ Հարությունովը»  կարծում է, որ այս օրենքն իրեն որևէ կերպ չի առնչվում, և դրա ընդունման արդյունքում ինքը իրավապահների թիրախում չի հայտնվի:

«Որ հարևանը գնում է հարևանից մի կտոր հաց է խնդրում, դա էլ է որևէ մեկին դիմել , դա՞ էլ է քրեորեն պատժելի լինելու»,- հարց բարձրացրեց Կանևսկոյը՝  նշելով, որ երբ հարևանը հարևանին հաց է տալիս, այդպիսով նույնպես ինչ-որ հարց է լուծվում:

Մեր դիտարկմանը, որ խոսքն օրենքից դուրս, այսպես ասած, «հարցեր լուծելու համար»  քրեական հեղինակություններին  դիմելու մասին է, Կանևսկոյը պատասխանեց, թե դժվար է հասկանալ՝ ինչ է քրեական հեղինակությունը: Նա կարծիք հայտնեց, որ իրավապահների համար ևս բարդ է լինելու ապացուցելը, որ այս կամ այն անձը «քրեական հեղինակություն» է:

«Ես չգիտեմ՝ դա ինչ է: Թող բացատրեն, հասկանանք՝ դա ինչ է»,- ասաց Կանևսկոյը:

Մեր հարցին՝ քաղաքացիներն իրեն չե՞ն դիմում՝  իրենց ունեցած խնդիրներին իրավական  ճանապարհից դուրս լուծում տալու համար, Կանևսկոյը պատասխանեց.

«Ես 15 տարի է, էստեղ ապրում եմ, տենց դեպք չեմ հիշում»:

Հարությունովը մեզ հետ զրույցում պնդեց, որ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի հետ որևէ առնչություն չունի, նրան երբևէ չի զանգել:

Նշենք, որ մոտ մեկ ամիս առաջ Սեյրան Սարոյանն Էջմիածնի իր առանձնատանը լրագրողների հետ հանդիպում էր կազմակերպել: Նա ցանկանում էր հերքել իր մասին տարածված տեղեկություներն՝ իբր իր տանը խուզարկություն է եղել: Հանդիպումից  հետո մամուլում լուրեր հայտնվեցին այն մասին, որ Սարոյանն, ասուլիս հրավիրելով,  փորձել է հանրության ուշադրությունը կենտրոնացնել իր վրա և այսպիսով  իրեն պաշտպանել: Ըստ լուրերի՝ Սեյրան Սարոյանը  խնդիրներ ունի Արտյոմ Կանևսկոյի հետ, որոնք վերաբերում են մեծ գումարների: Կանևսկոյն, ըստ այդ  լուրերի, զանգահարել է Սարոյանին և ցանկանցել հանդիպել, և երբ գնացել է նրա տուն, զինված իրավապահներն այնտեղ են եղել:

Մեզ հետ զրույցում Կանևսկոյը նշեց, թե Սարոյանի հետ որևէ ֆինանսական խնդիր չունի և Սարոյանին անգամ չի էլ ճանաչում:

Արտյոմ Կանևսկոյն ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել է, թե չի ճանաչում նաև «Դոն Պիպո» անունով հայտնի Արթուր Ասատրյանին: Վերջինիս վերաբերյալ քրեական գործի շրջանակներում օրեր առաջ հրապարակվեց տուժող Արտակ Այվազյանի նախաքննական ցուցմունքը, որում շոշափվում էր նաև Կանևսկոյի անունը:

Նշենք, որ ըստ Արթուր Ասատրյանին առաջադրված մեղադրանքի՝ նա առևանգել է իր դեմ սպանություն նախապատրաստող անձանց, որոնց թվում՝ Արտակ Այվազյանին: Վերջինս նախաքննական ցուցմունքում հայտնել է, թե իրենց առևանգած «Պիպո» անունով անձն իրեն ստիպել է ասել,  իբր իր սպանության պատվերը տվել են Արտյոմ Կանևսկոյը, Սարատովի Արտյոմն ու սպանության նախապատրաստման գործով այժմ անցնող Զոհրաբ Ղումաշյանը:

Մեր հարցին՝ Դոն Պիպոն պատճառ ունե՞ր որևէ մեկին ստիպելու իբրև իր սպանության պատվիրատու՝ տալ Կանևսկոյի անունը, վերջինս պատասխանեց, թե քանի որ Դոն Պիպոյին չի ճանաչում, չի կարող ասել, թե ինչու նա կարող էր նման բան անել:

Նշենք, որ Արտակ Այվազյանն այժմ հայտնում է, թե իրեն առևանգող «Պիպոն» Արթուր Ասատրյանը չի եղել, բայց, այնուամենայնիվ, հենց Արթուր Ասատրյանն է մեղադրվում նրա և ընկերների առևանգման մեջ:

Օրեր առաջ Կանևսկոյի բնակարանում խուզարկություն է եղել: Մեր հարցին, թե ինչի՞ հետ է կապված եղել խուզարկությունը, Կանևսկոյը պատասխանեց, թե մամուլը դա կապել է Մասիվցի Անդիկի սպանության դեպքի հետ, մինչդեռ իրականում իր բնակարանը խուզարկել են, քանի որ զենք են փնտրելիս եղել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter