
Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի գտնվել կալանքի տակ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, քիչ առաջ մերժեց Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ նրա պաշտպանների միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում միջնորդել են նրան անհապաղ ազատ արձակել՝ նրա դիմումի գործով ՍԴ որոշման հիմքով:
ՍԴ-ն, սեպտեմբերի 4-ին քննության առնելով Ռոբերտ Քոչարյանի դիմումը, եկել է եզրահանգման, որ Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելը ճանաչվել է Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածին հակասող և անվավեր:
Միջնորդության դեմ առարկել էր մեղադրող կողմը:
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:
Նույն գործով անցնում են նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: Մասնավորապես` Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը մեղադրվում են 300.1 հոդվածով նախատեսված արարք կատարելու մեջ, իսկ Արմեն Գևորգյանը կաշառք ստանալու, փողերի լվացման և սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու մեջ է մեղադրվում: Բացի Ռոբերտ Քոչարյանից՝ մյուս բոլոր ամբաստանյալներն այս գործով ազատության մեջ են:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել