HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արագածոտնի փոխմարզպետ. «Խնդրել եմ զինվորական կոմիսարին, որ գոնե ճաշարանում տանեն ծառայեմ, բայց չեղավ»

Արագածոտնի փոխմարզպետ Գառնիկ Աթանեսյանը պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է տեսողական խնդիրների պատճառով։

Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց փոխմարզպետ Աթանեսյանը։

«Դեռևս իններորդ դասարանից հաշվառված եմ Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում։ Առաջին տարկետումս լրացել է 2006 թվականին, երբ ավարտեցի պետական համալսարանը, մյուս տարկետումը ստացել եմ 2009 թվականին, ապա 2012-ին եմ բժշկական հետազոտություն անցել և ստացել տարկետման իրավունք»,- ասաց Գառնիկ Աթանեսյանը։

Փոխմարզպետը, սակայն, վստահեցրեց, որ միշտ է ցանկացել պարտադիր զինվորական ծառայություն անցնել, այն պետք է եղել նաև իր մասնագիտական կարիերայում։

«Քանի որ ես իրավաբան եմ, ինձ շատ էր պետք պարտադիր զինվորական ծառայությունը, 2000-ականների սկզբներին եթե ցանկանայիր աշխատել դատախազ կամ ռազմական ոստիկանությունում միայն չծառայելու համար քեզ գործի չէին ընդունի։ Ես շատ եմ ցանկացել գնալ ծառայել, նույնիսկ խնդրել եմ զինվորական կոմիսարին, որ գոնե ճաշարանում տանեն ծառայեմ, եթե պիտանի չեմ շարային ծառայությանը, գոնե ճաշարանում օգուտ տամ, բայց չեղավ»,- պատմեց Աթանեսյանը։

Վերջինս վստահեցրեց, որ ցանկացած օր պատրաստ է նորից բժշկական փորձաքննության ենթարկվել՝ ցույց տալով, որ այս պահին էլ կա նման առողջական խնդիր։

«Ցավոք սրտի իմ տեսողությունն այնպիսին է, որ առանց ակնոց ոչինչ չեմ տեսնում, իսկ ակնոցով էլ թույլ է տեսողությունս»,- ասաց նա։

Գառնիկ Աթանեսյանը 2018 թվականի հունիսի 29-ից Արագածոտնի փոխմարզպետ է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։

Հիշեցնենք, որ «Հետքը» պարբերաբար անդրադառնում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատված պաշտոնյաների զինծառայությունից ազատման հիմքերին։

Լուսանկարը՝ Գառնիկ Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter