HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գեղանկարիչ Մամիկոն Վարդերեսյանը երազում է Գյումրիում բացել «Թռչունների տուն»

Երրորդ անգամ եմ սեղմում դռան զանգը՝ արձագանք չկա: Ներսից լսվող թռչունների չդադարող ձայներին ձուլվող զանգի ղողանջներն, հավանաբար, չեն հասնում տանտիրոջը: Որոշում եմ դիմել հեռախոսի օգնությանը՝ կասկածելով, թե ներսում որեւէ մեկը կա: Մամիկոնի պատասխանի մեջ մեղավորության երանգներ են հնչում. «Չեմ լսել, էս ձեների մեջ դռան զանգ կլսվի՞, սպասե, հըմի կբացեմ»: Եվս 5-6 րոպե սպասողական վիճակ: Լսում եմ, թե ինչպես է տանտերը սենյակներից մեկում փակում շներին եւ վերջապես ոտքերի քստքստոցը մոտենում է դռանը: 

Օտար մարդու այցից անհանգստացած չորքոտանիները մի երկու բերան ալարկոտ հաչում են ու տիրոջ հանգստացնող հրահանգից հետո լռում են, տանն իշխող է դառնում թռչունների բազմաձայն երգչախումբը: Երեք սենյականոց բնակարանի երկու սենյակն ամբողջովին տրամադրված է թռչուններին՝ հիմնականում թութակի տարատեսակներ են, 3-րդ սենյակում տեղավորված է գեղանկարիչ Մամիկոն Վարդերեսյանի արվեստանոցը, որի մեկ անկյունում «ամադին» կոչվող թռչունների վանդակներն են: Պատերին կտավներ են, պահարանի դարակներում՝ գրքերի կողքին, նկարազարդ կավե ափսեներ, փայտե դրվագազարդ կախազարդեր կան: 

«Թռչունների տուն» ունենալու գաղափարը 28-ամյա Մամիկոնի դեռեւս չիրականացած երազանքներից է: «Դե էնպես չէ, որ բոլոր երազանքներս իրականացել են,- Մամիկոնը ժպտում է,- բայց էս պահին առաջին տեղում է սա, որովհետեւ եթե հարմար մի ուրիշ վայր չգտնեմ տեղափոխվելու համար՝ փողոցում ենք հայտնվելու»: Զրույցին զուգահեռ՝ Մամիկոնը պատրաստվում է կերակրել իր բազմերանգ ու բազմաձայն փետրավորներին:

Սերը տարատեսակ թռչունների նկատմամբ մանկական տարիներից է: «Մեր թաղում թռչունների խանութ կար՝ թութակներ ունեին հիմնականում: Փոքր էի, կերթայի խանութ, կկանգնեի, կնայեի, շատ ժամանակ դուրս կհանեին խանութից, երեւի կմտածեին, թե կարող է վնաս տամ»,- Մամիկոնի ձայնում դառնություն չկա անցյալի անարդարության վերհուշից: Տան ու պատշգամբի պատերի սպիտակ մակերեսը նկարազարդելու տղայի սերը թղթի վրա փոխանցելու եւ մասնագիտական կրթության համար ջանքեր չխնայող ծնողները համառորեն խուսափում էին թույլատրել տանը պահել կենդանիներ: Բոլոր տեսակի խնդիրները լուծվեցին, երբ վերադարձավ բանակից (ծառայել է Արցախում): 

«Ամադին» տեսակի երկու թռչուն էր ձեռք բերել ու տանը հայտնել, թե ընկերներն են տվել, մի որոշ ժամանակ պահելու է, վերադարձնի: Իհարկե թռչունները մնում են, շատանում այնպես, որ 3 տարի անց հարկ է լինում տուն վարձել նորաստեղծ թռչնանոցի համար: Նույն տարում ընկերների հետ ստեղծում են նաեւ «Արվեստանոց»-ը՝ տարածք, որտեղ ոչ միայն նկարում էին, ստեղծագործում, այլեւ ազգային պարերի փորձերն էին անցկացնում: Մամիկոնի համոզմամբ, 2015թ.-ն բեղմնավոր էր շատ առումներով՝ արվեստագետ ընկերներով ձեւավորում են «Հրայրք» ազգային-ավանդական պարերի խումբը, բացում «Արվեստանոցը», դեկորատիվ թռչնատեսակների տուն հիմնելու գաղափարի հիմքերը գցում:

«Առաջին ալիքավոր թութակները գնել եմ 2005թ.-ին, առաջին ամադինները ձեռք եմ բերել 2012թ.-ին եւ 14 տարի անց ունեմ արդեն մոտ 15 տեսակի 300 թռչուն,- նկատում է Մամիկոնը,- ես Երեւանում նայել եմ, էնտեղ մի երկու տեղ կա թռչունների ցուցադրման տարածքներ, բայց էսքան քանակություն չունեն, որքան ես: Հիմա եթե կարողանամ տարածքի հարց լուծել, կկարողանամ նաեւ ցուցադրություն կազմակերպել»: Ներկա տարածքը, որտեղ տեղավորված են «Թռչունների տունն» ու «Արվեստանոցը», պատկանում է Մամիկոնի ազգականին: «Ինձ ժամանակավոր են տվել, մինչեւ որ կարողանամ ավելի հարմար տեղ գտնել, բայց արդեն 5 տարի է՝ ստեղ ենք,- զրուցակիցս մեղավոր ժպտում է,-փորձեցինք էս տարի համացանցով դրամահավաք անել ընկերներով, որ թռչունների համար սեփական տարածք գնենք, բայց աջակիցներ չեղան»

Գեղանկարչությունը, ինչպես Գյումրիում շատ նկարիչների, այնպես էլ Մամիկոնի համար ապրուստի միջոց չէ: Դասավանդում է Շիրվանյան երիտասարդական կենտրոնում, Գյումրիում կազմակերպվող տարբեր ցուցահանդես-վաճառքների է ներկայանում դրվագազարդ ափսեներ ու փայտե կախազարդեր, սթրիթ արտի պատվերներ է վերցնում եւ ստացած գումարի մեծ մասն ուղղում թռչնանոցի պահպանման ծախսերին: «Իհարկե նաեւ վաճառում եմ թռչուններից, երբ գնորդներ են լինում, բայց նրանք այնքան էլ շատ չեն, որ ասեմ՝ թե հա, մի մասին կգնեն, էդ եկամուտով մյուսներին կպահեմ»,- շեշտում է զրուցակիցս՝ հավելելով, թե գլխավոր նպատակը կրթադաստիարակչական կենտրոնի ստեղծումն է, որն ունենալու է բնապահպանական նշանակություն:

«Հնարավոր է սկզբում էդ մասին չեմ մտածել՝  թռչուն պահելը հոբբի էր, բայց հիմա համոզված եմ, որ հատկապես երեխաներին, պետք է կրթել, ինչու չէ՝ մեծերին էլ:  Իմ պատկերացրած թռչունների տան մեջ վանդակներ չեն լինելու, լինելու են ապակեպատ մեծ տարածքներ, լինելու են տեղեկատվական վահանակներ, որ այցելուն կարողանա տեղեկանալ, թե ինչ թռչուն է, որտեղից է ծագումով, ինչպես պետք է պահել ձեռք բերելու դեպքում եւ այլն,- բացատրում է Մամիկոնը,- նաեւ ուզում եմ մեր տարածաշրջանին բնորոշ թռչնատեսակների հետ կապված տեղեկատվությունը հասցնել մարդկանց, որ չվնասեն, չբռնեն, չփորձեն զրկել ազատությունից: Գոնե տարրական գիտելիքներ ունենան մարդիկ, երբ ասենք վիրավոր թռչուն է պատահում, կարողանան կողմնորոշվել՝ ինչ անեն, ուր տանեն»

Մամիկոն Վարդերեսյանի ներկայիս Արվեստանոցը, որտեղ տեղավորված է նաեւ թռչնանոցը, գտնվում է Տիգրան Մեծ փողոցի երկհարկանի շենքերից մեկում: Բնակելի շենքերի հետնամասում, մեկ հարկանի լքված շինություն կա, որ նախկինում ծառայել է որպես գրասենյակ համատիրության համար եւ 10 տարուց ավելի է՝ չի գործածվում: Մամիկոնը մտածում է դիմել քաղաքային իշխանություններին, որ հնարավորության դեպքում տրամադրեն իրեն «Թռչունների տուն» բացելու համար: 

«Շենքը բավական անմխիթար վիճակում է, ահագին գործ կա վրան անելու՝ տանիք պետք է փոխվի, արտաքին տեսքը կարգի բերվի, դե ներսի աշխատանքների մասին էլ չասեմ: Եթե կարողանամ շենքը ձեռք բերել, էն կից ավտոտնակները եղբորս հետ որոշել ենք նկարազարդել, այսինքն սթրիթ արտի միջոցով միջավայր ձեւավորենք,- ասում է Մամիկոնը,- անցած տարի էս հարցով գնացել եմ քաղաքապետարան, պարզել եմ, որ շենքին սեփականատեր չկա, օտարված չէ, ինձ ասին՝ դնենք աճուրդի, մասնակցի, բայց մտածում եմ, որ շատ մեծ բան արած կլինեն, եթե մի 10 տարով անվարձահատույց տրամադրեն, հետո երբ ոտքի կանգնեմ, կգնեմ: Արդյունքում մի շինություն կփրկվի, քաղաքը կունենա զբոսաշրջիկների այցելության համար եւս մեկ հետաքրքիր վայր, երեխաները բնապահպանական գիտելիքներ կստանան եւ այլն»:

 Տեսանյութերն ու լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի եւ Երանուհի Սողոյանի

Վիդեոմոնտաժը՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանություններ (1)

Յուրո Սարիբեկյան
Հալալ է Մամո ախպեր,վարձքդ կատար ափ ջան,հուսով եմ մե օրմ Աստծո կամքով կհասնիս երազանքիդ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter