
SOS. Մաշտոցի այգում սադրանքնե՞ր են սկսվել (լրացված)
Մաշտոցի այգում կառուցապատումը դադարեցնելու նպատակով բնապահպաններն ու ակտիվիստները բողոքի ակցիա են նախաձեռնել և շարունակաբար նստացույց են իրականացնում: Քիչ առաջ ցույցի մասնակիցներից ահազանգ ստացանք, որ Մաշտոցի այգում սադրանքներ են սկսվել. «Երբ ակտիվիստները փորձել են պոլիէթիլենային տոպրակ ամրացնել կրպակի երկաթե կարկասի վերևում' ձնից պատսպարվելու համար, մոտեցել են 3 հոգի և սպառնալիքով կարգադրել հանել ծածկոցը: Դրանք հավանաբար հարակից ռեստորանի աշխատակիցներն էին»:
Վերջիններս ոստիկանություն են կանչել, և ոստիկանները երիտասարդներին ասել են, թե վերևներից հրաման կա, որպեսզի թույլ չտան այդտեղ տոպրակներ կապել և կես ժամ ժամանակ են տվել երիտասարդներին տոպրակը հանելու համար: Երիտասադներն ակնկալում են Երևանի ազատ քաղաքացիների, ԱԺ պատգամավորների և մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցչի միջամտությունից հետո, որի հավաստմամբ` բնապահպանները նման իրավունք ունեն և ոչ մի օրենք չեն խախտում, թույլատրվել է պաշտպանվել տեղացող ձյան շերտից:
Սակայն, ակտիվիստները հավաստիացնում են, որ հենց այս պահին շինարարները փորձում են վերսկսել շինարարական աշխատանքները` չունենալով դրա իրավունքը հավաստող որևէ փաստաթուղթ, «և թե շինարարները, թե ոստիկանները դիմում են սադրանքների, փորձում են բնապահպանների հետ կոնֆլիկտ հրահրել»: Այս պահին այգում գտնվող բնապահպանների խոսքով' իրենք բոլորովին չեն զարմանա, եթե ոստիկանները սկսեն ուժ գործադրել:
Մեկնաբանել