HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Վարդան Արամյան. «Չանելով կապիտալ ծախսեր այսօր` դու երկարաժամկետում տուգանում ես տնտեսության աճի ներուժը»

Այս տարի Հայաստանի պետական բյուջեի կապիտալ ծախսերը թերակատարվում են.  հունվար-հունիսին ծրագրվածից 65 մլրդ դրամով պակաս կապիտալ ծախսեր են արվել։ Դրանք պետական բյուջեից եկող ներդրումներ են, որոնք իրականացվում են հիմնականում ենթակառուցվածքներում ու մարդկային կապիտալում (կրթություն, առողջապահություն և այլն)՝ ճանապարհներ են կառուցվում, դպրոցներ ու հիվանդանոցներ են վերանորոգվում և այլն: Դրանց մի մասն արվում է միջազգային կազմակերպություններից ստացված վարկերի հաշվին: «Լույս» հիմնադրամի տնտեսական թիմը, որի համակարգող խորհրդի անդամ է Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը, ուսումնասիրել է պետբյուջեի կապիտալ ծախսերի թերակատարման հնարավոր հետևանքները և եզրահանգել, որ այդ երևույթը խիստ վտանգավոր է Հայաստանի տնտեսության համար և երկարաժամկետում բացասական հետևանքներ է թողնելու։ «Հետք»-ը Վարդան Արամյանի հետ զրուցել է այդ վտանգների ու տնտեսական վերջին միտումների մասին։ 

- Պրն. Արամյան, վերլուծության մեջ հաշվարկված է, որ տարվա կտրվածքով 65 մլրդ դրամով կապիտալ ծախսերի թերակատարման արդյունքում տնտեսական աճը կարճաժամկետ ժամանակահատվածի համար 1.1 տոկոսային կետով ավելի ցածր կլինի, քան եթե այդ ծախսերը կատարվեին ամբողջությամբ։ Սակայն տեսնում ենք, որ միայն առաջին կիսամյակի կտրվածքով է 65 մլրդ դրամով թերակատարվել։ Հնարավոր չէ՞, այդ ծախսերը կատարվեն երկրորդ եռամսյակում։ Որքա՞ն է հավանականությունը, որ մինչև տարեվերջ Կառավարությունը կհասցնի ծրագրվածի չափով կապիտալ ծախսեր կատարել։ 

- Նախ մենք վերլուծությամբ ապացուցում ենք, որ կապիտալ ծախսերի թերակատարումը խնդիր է մեր տնտեսության համար և՛ կարճաժամկետի, և՛  երկարաժամկետի համար։ Վերլուծության մեջ հիմք ենք վերցրել կապիտալ ծախսերի 65 մլրդ դրամով թերակատարումն այս տարվա առաջին կիսամյակում։ Եվ այս տեմպերով շարունակելու դեպքում, մեծ հավանականությամբ, թերակատարվելու է նաև երկրորդ կիսամյակի ծրագիրը։ Կապիտալ ծախսերի տարեկան ծրագիրը 220 մլրդ դրամ է։ Հուլիսը ներառյալ կատարվել է ընդամենը 39 մլրդ դրամի ծախսեր։ Այսինքն՝ ծրագրված շուրջ 180 մլրդ դրամի կապիտալ ծախսերը դեռ չեն արվել։ Կապիտալ շինարարության համար որպես ակտիվ շրջան մնում են հաջորդ չորս ամիսները՝ օգոստոս-նոյեմբեր։ Եթե որևէ մեկը մտածում է, որ չորս ամսվա ընթացքում հնարավոր է 180 մլրդ դրամի կապիտալ ծախսեր անել, շուրջ 30 մլրդ դրամով ավելին քան նախորդ ողջ տարում կատարած ցուցանիշը, ապա դա միամտություն է, որովհետև առկա է նաև կարողությունների խնդիր։ Կապիտալ ծախսերը շղթայական ազդում են մեր տնտեսության պոտենցիալի վրա։ Միամտություն է մտածելը, որ եթե այս տարի կապիտալ ծախսերը ծրագրից էական թերակատարում ես, իսկ հաջորդ տարի կատարում ես ծրագիրը կամ, ինչպես վերլուծությունում է նշված, վերադառնում ես կապիտալ ծախսերի կայուն կամ պատմական միջին մակարդակի, ապա քեզ մոտ ամեն ինչ շտկվում է և նախորդ տարվա թերակատարումը տնտեսությանը չի վնասի։ Դա այդպես չէ։ Վերլուծության կարևոր մեխերից մեկը դրա ապացույցն է։ Չանելով կապիտալ ծախսեր այսօր` դու երկարաժամկետ ժամանակահատվածում տուգանում ես տնտեսության աճի ներուժը։

- Պետական կապիտալ ծախսերն ու մասնավոր ներդրումները որտե՞ղ են հատվում։

 - Երբ դու կապիտալ ծախսեր չես անում, նշանակում է՝ չես օգտագործում քո ենթակառուցվածքները բարելավելու հնարավորությունը։ Եվ այնպես, ինչպես շենքն է մաշվում տարիների ընթացքում ու նվազում է դրա օգտակարությունը, այնպես էլ՝ ճանապարհներն են կամ այլ ենթակառուցվածքները։ Եթե ճանապարհների վրա դու ներդրումներ չես կատարում, այն մաշվում է։ Որպեսզի կարողանաս այդ ենթակառուցվածքները պահել նույն մակարդակում, պետք է ինչ-որ քանակությամբ կապիտալ ներդրումներ կատարես։ Իսկ եթե ցանկանում ես դրանով նաև խթանել տնտեսական պոտենցիալը, պետք է լրացուցիչ ենթակառուցվածքներ ստեղծես։ Մասնավոր ներդրողը չի գա և օրինակ՝ հյուրանոց չի կառուցի, կամ այլ բիզնես դնի այն երկրում, այն վայրում, որտեղ ենթակառուցվածքները բացակայում են կամ վատ վիճակում են։ Ճապարահներ, ջրագծեր, էներգետիկա և այլն՝ սրանք ենթակառուցվածքներ են, որոնք օգնում են մասնավորին։ Եվ դրա արդյունքում մասնավորի մոտ տեղի է ունենում ծախսերի նվազում։ Օրինակ՝ երբ դու բեռ ես տեղափոխում քանդված ճանապարհով և  ավտոմեքենան գնում է ընդամենը 20-30 կմ/ժ արագությամբ, շատ ավելի մեծ գումարներ ես ծախսում, քանի որ նույն բեռը կտեղափոխեիր լավ վիճակում գտնվող ճանապարհով ու կվարեիր 60-70 կմ/ժ արագությամբ։ Քանդված ճանապարհի դեպքում քո ծախսերն աճում են՝ վառելիքը, ժամանակը, բեռի փչացումը, մեքենայի վերանորոգման ծախսերը։ Այսինքն՝ երբ դու ճանապարհ ես կառուցում, իրականում դրանով նվազեցնում են մասնավորի ծախսերը և բարձրացնում ես նրա շահութաբերությունը։ Եվ մասնավորը, բնականաբար, ձգտում է այնտեղ, որտեղից ավելի մեծ շահույթ ունի։ Իսկ եթե դու կապիտալ ծախս չես անում, ուրեմն չպետք է մասնավորից արձագանք ակնկալես։

- Կապիտալ ծախսերի գծով խնայողությունը երկրի բյուջեի պակասուրդի վրա ինչպե՞ս կարող է ազդել։

 - Պետական բյուջեի պակասուրդը լրացնելու համար մենք պարտք են վերցնում արտաքին աղբյուրներից։ 2017 թվականից մենք ընդունեցինք նոր հարկաբյուջետային կանոններ, ըստ որոնց՝ մենք պետք է ձգտենք նվազեցնել պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշը հետևյալ սկզբունքով. այնպիսի քաղաքականություն պետք է վարենք, որ տնտեսական աճի տեմպերն ավելի բարձր լինեն, քան պետական պարտքի աճի տեմպերը։ Ընդ որում՝ դա ոչ թե ընդամենը մեկ տարվա համար է, այլ ավելի մեծ հորիզոնի՝ երկար ժամկետի։ Հիմա, երբ խնայողություններ ենք անում կապիտալ ծախսերի մասով, դա բերում է բյուջեի դեֆիցիտի նվազմանը։ Ցածր դեֆիցիտ ունես, պարտքդ ևս ցածր է։ Դրանով պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշը նվազում է։ Սակայն, որքանո՞վ է դա կայուն երկարաժամկետում։ Կայուն չէ։ Եթե դու կապիտալ ծախս չես անում, բացասաբար ես ազդում ՀՆԱ-ի աճի վրա, ներդրումների վրա և այլն։

Տեսեք, զարգացած երկրներում պետական պարտքը շատ դեպքերում գերազանցում է նույնիսկ ՀՆԱ-ի 100 %-ը։ Բայց դա նրանց համար վտանգավոր թիրախ չէ, քանի որ նրանց կապիտալի պաշարը՝ ենթակառուցվածքները շատ լավ վիճակում են, և դա հանգեցնում է մասնավորի (որը հիմնական ՀՆԱ գեներացնողն է) բիզնեսվարման արդյունավետության։ Ե՛վ պարտք տվող սուբյեկտները, և՛ կազմակերպությունները վստահում են նրանց։ Իսկ մեզ նման զարգացող երկրների դեպքում, երբ պետական պարտքը հատում է ՀՆԱ-ի 60 %-ը, այն արդեն, որպես համընդհանուր կանոն, վտանգավոր է դառնում, ինչու, որովհետև զարգացող երկրների ենթակառուցվածքները ավելի վատն են և քիչ արդյունավետություն են հաղորդում մասնավորին, քան զարգացած երկրներում։ Ի լրումն դրա՝ զարգացած ենթակառուցվածքները նաև երկրի հարստության տարր են։

- Պարադոքսալ է թվում այն, որ մի կողմից կապիտալ ծախսեր չեն իրականացվում, մյուս կողմից՝ բյուջե ավելի շատ հարկեր են լցվում, քան նախատեսված էր։ Այսինքն՝ փողը դուրս են հանել տնտեսությունից հարկերի տեսքով, բայց, գոնե, կապիտալ ծախսերի մասով չեն վերադարձրել տնտեսությանն այնքան, որքան ծրագրել էին։ Ի՞նչ են արվում այդ գումարները։

- Քաղաքացիներից և տնտեսվարողներից հարկեր հավաքագրելով՝ այդ գումարները տնտեսությունից իրոք դուրս են հանվում, լիկվիդայնությունն են վերցնում։ Այս տարվա առաջին կիսամյակում, նախորդ տարվա համեմատ, շուրջ 140 մլրդ դրամով ավել գումար է հավաքագրվել։ Այդ գումարը պահվում է Կենտրոնական բանկում (ՀՀ ԿԲ), քանի որ Կառավարության բանկային գործակալը ԿԲ-ն է։ Փողը քաշել են տնտեսությունից, բայց հետ չեն ներարկել, քանի որ առաջին կեսին ունեցել ենք 120 մլրդ դրամից ավել հավելուրդ, ծրագրված պակասուրդի փոխարեն։ Երբ փողը քաշում են տնտեսությունից, պետք է մեկ այլ խողովակով էլ ներարկվի նորից տնտեսություն, որ այդ փողը կարողանա բարիք ստեղծել։ Այդ փողը, որը գնացել է ԿԲ, տնտեսության մեջ այսօր հայտնվում է վարկերի տեսքով՝ ԿԲ-ն տրամադրում է բանկերին ռեպո գործիքի միջոցով, բանկերն էլ՝ վարկառուներին և հիմնականում քաղաքացիներին։ Սա խիստ վտանգավոր իրավիճակ է։ Հուլիսի վերջի դրությամբ ԿԲ-ն բանկերին 170 մլրդ դրամի ռեպո ունի տրամադրած։  Վերջերս նաև ԿԲ-ն ստիպված վերաֆինանսավորման տոկոսադրույքն է նվազեցրել, քանի որ տեսնում է ռիսկեր գնաճի իր թիրախից ցածր գտնվելու հետ կապված և նվազեցնում է տոկոսները կամ թուլացնում է դրամավարկային պայմանները, որ այդ փողն ավելի հեշտությամբ լցվի տնտեսություն։

- Տնտեսության կոնկրետ ո՞ր հատվածներ է գնում այդ փողը։

- Այդ գումարը հիմնականում գեներացվում է ոչ թե արդյունաբերողների, տնտեսվարողների մոտ, այլ՝ տնային տնտեսությունների՝ սպառողական վարկերի և հիպոթեքի տեսքով։ Մեծ արագությամբ աճում են սպառողական և հիպոթեքային վարկերը։ Այս երկու տեսակի վարկերի տեսակարար կշիռն ընդհանուր վարկերի կազմում այս տարվա հուլիսին արդեն հասել է մոտ 38 %-ի նախորդ տարվա հուլիսի 32 %-ի փոխարեն։ Դրանց ծավալներն աճել են ավելի քան 30 %-ով։ Երբ գումարները գնում են սպառմանը կամ բնակարան գնելուն, որը ևս երկարաժամկետ սպառում է, այդ գումարները չեն մասնակցում նոր արժեքի ստեղծմանը հետագա տարիներին։ Դրա համար էլ մենք 2009 թվականին շատ խորքային ճգնաժամ ունեցանք, քանի որ մեզ մոտ տնտեսական աճն ապահովվում էր բնակարանաշինության հաշվին։ Հետ գալով տնային տնտեսություններին, որոնք էլ ստանում են վարկերը, պետք է հիշենք, որ մենք բոլորս ունենք հաշվեկշիռ՝ ունենք ակտիվներ ու պարտավորություններ, եկամուտներ ու ծախսեր։ Վարկերը խայտառակ արագ աճում են, ինչի հետևանքով տնային տնտեսությունների հաշվեկշիռները դառնում են ավելի ռիսկային։ Վարկ վերցնելով՝ նրանք պարտավորվում են ամեն ամիս վճարումներ կատարել, դա լրացուցիչ ծախսեր է իրենից պահանջելու, որն էլ իր հերթին պահանջելու է լրացուցիչ եկամուտներ։ Սակայն խնդիրն այն է, որ բնակչության եկամուտներն այս ընթացքում չեն աճում համադրելի տեմպերով, որով աճում են վարկերը։ Մեր բնակչության եկամտի գլխավոր աղբյուրը աշխատավարձերն են ու տրանսֆերտները։ Այս տարվա ընթացքում աշխատավարձերն աճել են ընդամենը մոտ 6 %-ով, իսկ տրանսֆերտները՝ արտասահմանից Հայաստան դրամական փոխանցումները, աճել են մոտ 10 %-ով իսկ զուտով (հաշվի առած նաև դեպի դուրս փոխանցումները) նվազել՝ 8.7 %-ով։ Ընդ որում՝ աշխատավարձերի աճը որոշակիորեն պայմանավորված է նաև ստվերի կրճատմամբ։ Մյուս վարկածն այն է, որ մարդիկ միգուցե նոր աշխատանք են գտել և դրա շնորհիվ կկարողանան մարել վարկերը։ Սակայն, այս վարկածը ևս հերքվում է, քանի որ ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ գործազրկության մակարդակի իջեցում չունենք։

-Ի՞նչ պետք է անի ԿԲ-ն այս դեպքում։

-Կարծում եմ՝ ԿԲ-ն պետք է ավելի զգուշավոր գտնվի, որ կարողանա զսպել բանկերի ախորժակը սպառողական վարկավորման հարցում և պետք է կոշտացնի մակրոպրուդենցիալ կարգավորումները։ Հատկանշական է, որ նույնիսկ այս իրավիճակում Հայաստանում գնաճը շատ ցածր է։ Երբ մարդիկ շատ վարկ են վերցնում և սպառում են, դա տրամաբանորեն պետք է հանգեցներ գնաճի, սակայն այդպես չէ։ Այսօրվա ցածր գնաճը բոլորվին էլ հպարտանալու բան չէ։ Երբ վարչապետին սխալ տեղեկություններ են տալիս, որ ցածր գնաճը լավ ձեռքբերում է, ապա դա կարճատեսություն է։ Սպառողների համար, իհարկե, ցածր գնաճը լավ է։ Նրանց համար նույնիսկ հոյակապ է գնանկումը։ Եթե գնանկումն ու ցածր գնաճն այդքան լավ բան են, ինչու՞ աշխարհի կենտրոնական բանկերը չեն թիրախավորում 0 գնաճ կամ գնանկում։ Որովհետև տնտեսության համար երկարաժակետում դա բացասաբար ազդեցություն է թողնում և հակառակ ազդում նույն սպառողների համար՝ տուգանելով և կրճատելով իրենց աշխատատեղերը։ Մեզ մոտ գնաճի թիրախ է ընտրված 4 %-ը՝ 1.5 տոկոսային կետով տատանումների միջակայքով, քանի որ դա գնաճի այն շեմն է, որը թույլ է տալիս տնտեսությանը զարգանալ կամ այլ կերպ ասած՝ չի տուգանում տնտեսական աճի ներուժը։ Կենտրոնական բանկն իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը, քանի որ ռիկսեր է տեսնում ցածր գնաճի պատճառով։ Կարծում եմ՝ Կենտրոնական բանկը ստիպված է իջեցրել այն, քանի ժողովրդի մոտ պահանջարկի խնդիրներ է տեսնում։ Ազդում են, իհարկե, նաև համաշխարհային միտումները, սակայն ավելի մեծ է ներքին գործոնների ազդեցությունը։ ԿԲ-ն պետք է մի փոքր ավելի ագրեսիվ լինի և Կառավարությանը հայտարարի, որ կապիտալ ծախսերում չթերանա։

- Եթե այսքան ռիսկեր կան, ըստ Ձեզ՝ ինչու՞ Կառավարությունը բավարար չափով կապիտալ ծախսեր չի անում։

- Դրա համար կան մի քանի վարկածներ։ Առաջինը կառուցվածքային փոփոխություններն են կապված ԾԻԳ-երի (Ծրագրերի իրականացման գրասենյակ) հետ և միջազգային ֆինանսական կազմակերպությունների մասով գնումների համապատասխան մասնագետների բացակայության խնդիրն է։ ԾԻԳ-երն այն միջնորդ օղակներն էին, որոնք միջազգային ֆինանսական կառույցների գնումների ընթացակարգերին համապատասխան իրականացնում էին այստեղի գնումները։ Այդ ընթացակարգերը ամրագրված են միջազգային պայմանագրերով՝ Համաշխարհային բանկի, Ասիական Զարգացման բանկ և այլ կառույցների հետ։ Նրանց կողմից տրված վարկերը պետք է ծախսվեն այդ ընթացակարգերին համապատասխան։ Իսկ ենթակառուցվածքներում  հոսում են հենց այդ կառույցների կողմից տրված վարկերը։ Այն ժամանակ ես նշեցի, որ մինչև ԾԻԳ-երը մյուս պետական գնումների համակարգերի հետ կոնսոլիդացնելը, պետք է ԾԻԳ-երի մասնագետներին համապատասխան մասնագետներ ունենալ համապատասխան նախարարություններում, չհաշված նոր կառուցակարգերի՝ ներառյալ միջազգային վարկային ծրագրերում փոփոխությունների անհրաժեշտությունը։ ԾԻԳ-երի համընդհանուր բյուջետային կառուցակարգերի հետ կոնսոլիդացման գաղափարը շատ լավն է, ես ինքս էլ այդ գաղափարն առաջարկողներից մեկն եմ եղել, բայց դա պետք էր անել շատ զգույշ և ժամանակի ընթացքում ճիշտ քայլերով։ Առաջինը փակեցինք հենց ֆինանսների նախարարության ԾԻԳ-ը, որը սպասարկում էր վեց նախարարության և կազմակերպում էր գնումները։ Այդ գրասենյակի աշխատողների մի մասը տեղափոխվեցին Ֆինանսների նախարարության ներքո ստեղծված ստորաբաժանում, իսկ այլ նախարարության ստորաբաժանումը կամ վարչությունը իրավունք չունի իրականացնել այլ գերատեսչությունների գնումներ։ Հետևաբար, օրինակ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ինքը պետք է ինքնուրույն իրականացնի միջազգային կառույցների ընթացակարգերին համահունչ գնումները, որոնք նախկինում իրականացնում էր ֆիննախի ԾԻԳ-ը։ Հիմա հարց՝ սոցապնախարարության գնումների մասնագետն ունի՞ բավարար կարողություններ ու գիտելիքներ, որ գնումներ կազմակերպի Համաշխարհային բանկի ընթացակարգերին համապատասխան։ Այդ մասնագետը պետք է ոչ միայն գերազանց անգելերեն իմանա, այլև՝ գերազանց տիրապետի ընթացակարգերի մասին ձեռնարկներին։ Իմ կարծիքով՝ պատճառներից մեկը հենց սա է՝ չկան համապատասխան գնումների մասնագետներ։

Մյուս վարկածը, թե ինչու կապիտալ ծախսեր չեն կատարվում, հետևյալն է՝ քանի որ քեզ մոտ բավարար գիտելիքներ ու կարողություններ չկան այդ գործընթացները կազմակերպելու համար, քեզ մոտ կա վախ առ այն, որ կարող ես սխալ կազմակերպված գործընթացների արդյունքում հայտնվել քրեական գործերի մեջ։ Այսօր ամեն առիթով քրեական գործեր են հարուցվում, որոնցում հայտնվում են նաև պետական օղակների աշխատողներ։ Օրինակ՝ նախորդ տարվա վերջին նախկին սոցապնախարար Մանե Թանդիլյանի միջնորդությամբ Ֆիննախի ժամանակին գրված ակտի մասով, որը վերաբերում էր սոցապնախարարության աշխատակիցներին տրված պարգևավճարներին ու դրանց գծով ընթացակարգային խնդիրների շտկման անհրաժեշտությանը և ոչ թե չարաշահումներին, դատախազությունում քրեական գործ հարուցվեց: Նույն տրամաբանությամբ կարող է քրեական գործ հարուցվել ինչ-որ գնումների շրջանակներում և բնականաբար բոլորին պետք է հարցաքննեն։ Այս դեպքում՝ այդ պետական աշխատողի ռացիոնալ վարքագիծը թելադրում է ոչ մի բան չանել ու ձեռնպահ մնալ ավելորդ քաշքշուկներից, առավել ևս՝ որ ինքը չունի այդ ամենն անելու բավարար գիտելիքներ և չի կարողանում ամբողջությամբ իրեն ապահովագրել բոլոր ռիսկերից։

Երրորդ վարկածը կապված է առաջին երկու վարկածների և մասնավոր հատվածի վարքագծի հետ։ Երբ, օրինակ, ճանապարհներն են նորոգվում, դա կատարվում է մասնավոր հատվածի ընկերությունների միջոցով։ Այսինքն՝ պետությունը գնումների պայմանագրեր է կնքում որևէ ընկերության հետ, վճարում է նրան, վերջինն էլ իրականացնում է նորոգման աշխատանքները։ Ճանապարհաշինության կամ ընդհանրապես շինարարության մեջ միշտ շեղումներ լինում են նախնական ծրագրերից և եթե ամեն անպատեհ առիթով շինարարական ընկերության դեմ քրեական գործ է հարուցվում՝ պարզելու արդյոք այդ շեղումն արդարացված է, այդ ընկերության և նրա նման մյուս ընկերությունների մոտ վախ է առաջանում, ինչն էլ նրանց դրդում է չմասնակցել պետական գնումներին։ Լուրջ ընկերությունները ձեռնպահ կմնան պետության հետ հարաբերվելուց։ Այսօր մեր ամբողջ իրավական համակարգը լծված է նախկին գործեր բացահայտելուն, և այստեղ կարող է լինել հանրային ռեսուրսների վատնման ռիսկ։ Ես խիստ կողմնակից եմ չարաշահումների և կոռուպցիայի դեմ տարվող պայքարին, բայց պետք է միշտ կշռել ծախսված ռեսուրսները, դրանց ստեղծած հետևանքները ստացվելիք արդյունքների հետ: Այսինքն հանցանք գործողները պետք է պատժվեն և կոռուպցիան արմատախիլ արվի։ Բայց դա անելու որոշակի նրբություններ կան։ Դա պետք է այնքան բալանսավորված անել, որ տնտեսության վրա դրա բացասաբար ազդման ռիսկը մինիմալացվի։ Պետք է առաջ նայել։ Եթե դու անընդհատ հետ ես գնում և էական հանրային ռեսուրսներ ես վատնում դրա վրա, մեծ է ռսիկը, որ կկորցնես արդյունավետությունդ։

Եվ վերջում, եթե դու ունես ընտրություն վատի ու աղետի միջև, ավելի լավ է վատը ընտրես։  Պետք է կապիտալ ծախսեր անել՝ թեկուզ թերացումներով։ Դա է այստեղ վատ տարբերակը, իսկ աղետալին՝ այդ ծախսերն ընդհանրապես չանելն է։

- Կառավարությունն արձագանքե՞լ է ձեր հետազոտությանը։

- Մենք չենք էլ ակնկալում, որ Կառավարությունն անպայման պետք է արձագանքի այս հետազոտությանը։ Արձագանքը մենք այլ ձևաչափով ենք տեսնում՝ Կառավարությունն  օգտվի այդ վերլուծությունից և հետագայում դա կարողանա օգտագործել ի բարօրություն մեր երկրի։ Մենք այս հետազոտությունն արել ենք, որ իշխանությանը ոչ թե ասենք՝ այսինչ հարցում սխալ եք, այլ՝ որ օգտակար լինենք նույն իշխանությանը երկրի կառավարման հարցում և մեր երկրին։ 

 Շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter