HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սաուդական նավթային օբյեկտների վրա հարձակումն ու դրա ազդեցությունը նավթի համաշխարհային շուկայի վրա

Սեպտեմբերի 14-ի գիշերը դրոնների միջոցով հարձակման էին ենթարկվել Սաուդյան Արաբիայում գտնվող նավթային օբյեկտները, որոնցից մեկը Աբքաիքում տեղակայված աշխարհի խոշորագույն նավթավերամշակման գործարանն էր: 

Հարձակման պատասխանատվությունը ստանձնեցին Եմենի հութի-զինյալները, որոնք 2015թ. կարողացան իրենց տիրապետության տակ վերցնել Եմենի տարածքի զգալի հատվածը, այդ թվում՝ մայրաքաղաք Սանան՝ ստիպելով նախագահ Աբդրաբուհ Մանսուր Հադիին փախչել երկրից: Այդ ժամանակվանից ի վեր Եմենում ռազմական գործողությունները շարունակաբար սրվում են: Սաուդիան Արաբիան աջակցում է Հադիի իշխանությանը և գլխավորում է հութիների դեմ պայքարի կոալիցիան, իսկ շիա հութիներին աջակցում է Իրանը:

Սաուդյան Արաբիան և ԱՄՆ-ն իրանական հետք են տեսնում, իսկ Իրանը հերքում է

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեն հայտարարեց, որ ոչ մի ապացույց չկա, թե Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակումը եղել է Եմենի տարածքից՝ մեղադրելով այդ ամենում Իրանին: 

Պոմպեոյի խոսքով Իրանի կողմից Սաուդյան Արաբիայի վրա հարձակման 100 դեպք է գրանցվել, չնայած այն ամենին, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին և արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը տպավորություն են ստեղծում, թե տրամադրված են դիվանագիտական լուծումների:

Ի պատասխան ԱՄՆ պետքարտուղարի հայտարարության՝ արտգործնախարար Զարիֆը հերքեց մեղադրանքները և քննադատեց Պոմպեոյին՝ ընդգծելով, որ «երբ չի աշխատում առավելագույն ճնշումը, գործի է դրվում առավելագույն սուտը»:

Այնուհետև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե իրենց հետախուզական ծառայությունների տրամադրության տակ կան տվյալներ, որոնք վկայում են, թե հարձակումները, ամենայն հավանականությամբ, տեղի են ունեցել Իրանի տարածքից: 

Եվ չնայած որ Էր-Ռիյադն ու Վաշինգտոնը շարունակաբար հայտարարում են, թե հարձակումների հետևում իրանական հետք են գտել, միևնույն ժամանակ նշում են, որ իրենց ձեռքի տակ անառարկելի փաստեր չունեն, և շարունակում են մի շարք վարկածներ դիտարկել: 

Հարձակումների ազդեցությունը նավթի համաշխարհային շուկայի վրա

Հարձակումներից հետո նավթի արդյունահանմամբ աշխարհի խոշորագույն երկրներից մեկը համարվող Սաուդիան Արաբիան երկու անգամ կրճատեց նավթի արտադրությունը՝ օրական 5,7 միլիոն բարելով: Մի շարք նավթային ձեռնարկություններում նավթի արտադրությունը կասեցվել էր անվտանգության նկատառումներից ելնելով:

Հարձակումներն իրենց ազդեցությունն ունեցան նաև նավթի համաշխարհային շուկայի վրա: Սաուդական ֆոնդային բորսայի ինդեքսը նվազեց 2,5 տոկոսով: Saudi Aramco-ն Սաուդյան Արաբիայի ազգային նավթային ընկերությունն է՝ աշխարհի խոշորագույն նավթարտադրողը, որն ապահովում է համաշխարհային պահանջարկի 10%-ը: Սեպտեմբերի 16-ին նավթի գները վերջին 4 ամսվա ընթացքում հասան առավելագույնին: Brent տեսակի նավթի մեկ բարելի արժեքն աճեց 19%-ով՝ կազմելով 71,95 դոլար, իսկ West Texas Intermediate տեսակի նավթի մեկ բարելի գինն աճեց 15%-ով՝ հասնելով 63,34 դոլարի: 

Գները մի փոքր նվազեցին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ նրանք կօգտվեն ամերիկյան նավթային պահուստներից, որպեսզի բավարարեն շուկայի պահանջարկը: Դրանից հետո Brent-ի մեկ բարելը դարձավ 69,06 դոլար, իսկ West Texas-ինը 61,1 դոլար:

Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Աբդուլազիզ բին Սալմանն էլ հայտարարեց, որ նավթի արտադրության նվազումը կփոխհատուցվի երկրում գտնվող հսկայական նավթային պահեստներում առկա պաշարների հաշվին:

Սեպտեմբերի 16-ին նավթի գների բարձրացման ֆոնին ռուսական ռուբլին դոլարի և եվրոյի նկատմամբ զգալիորեն թանկացավ: Ռուբլին դոլարի նկատմամբ թանկացավ 57 կոպեկով, իսկ եվրոյի նկատմամբ՝ 63 կոպեկով: 

Ինչ վերաբերում է ռուսական ֆոնդային բորսաներին, ապա մոսկովյան բորսայի առևտրային ինդեքսը ավելացավ 0,82, իսկ РТС բորսայի ինդեքսը՝ 1,4%-ով:

Այնուամենայնիվ նավթի գների բարձրացումը երկար չտևեց: Սեպտեմբերի 17-ին Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Աբդուլազիզ բին Սալմանը հայտարարեց, որ իրենք վերականգնել են նավթի արտադրությունը սեպտեմբերի 14-ի մակարդակով, այնքան, ինչքան որ եղել է մինչև նավթային օբյեկտների վրա հարձակումը:

Սեպտեմբերի 17-ին Brent տեսակի նավթի գինը նվազեց 7%-ով՝ մեկ բարելի համար կազմելով 64,5 դոլար:

Նավթի համաշխարհային շուկայի գները Սաուդյան Արաբիայի թագաժառանգ և պաշտպանության նախարար Մուհամեդ բեն Սալմանի հետ հեռախուսազրույցի ընթացքում քննարկել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Զրույցի ընթացքում կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը նավթի շուկայի կայունացման ուղղությամբ:

Նյութը պատրաստվել է РБК-ի և BBC-ի ռուսական ծառայության հրապարակումների հիման վրա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter