
Իսրայելում կստեղծվի Հայաստանի դեսպանություն
Իսրայելում կստեղծվի Հայաստանի դեսպանություն։ Նման որոշում այսօրվա նիստին կայացրեց Կառավարությունը։
Դեսպանության նստավայրը կլինի Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվը։
Ինչպես Կառավարությանը հայտնել է Արտաքին գործերի նախարարությունը՝ Հայաստանի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են դեռևս 1992թ. ապրիլին: Այնինչ վերջին տարիներին զգալիորեն աճել են հայ-իսրայելական երկկողմ համագործակցության զարգացման դինամիկան և տարբեր մակարդակներում շփումները:
«Իսրայելում դեսպանություն ստեղծելը, անպայմանորեն, կնպաստի հայ-իսրայելական փոխգործակցության խորացմանը՝ միաժամանակ ապահովելով դրանց բնականոն զարգացումը»,- հայտնել է ԱԳՆ-ն։
Իսրայելում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու անհրաժեշտությունը նախարարությունը պայմանավորել է նաև այն հանգամանքով, որ մերձավոր արևելյան տարածաշրջանում Իսրայելը հանդիսանում է կարևոր աշխարհաքաղաքական դերակատար, որի վարած քաղաքականությունն ուղղակիորեն ազդում է այդ տարածաշրջանի վերաձևավորման և կայունության վրա։
Նշենք, որ 2000-2008թթ. ընթացքում Իսրայելում Հայաստանի դեսպանն է եղել Էդվարդ Նալբանդյանը՝ նստավայրը Փարիզ, 2012-2018թթ. ընթացքում Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը համատեղությամբ նշանակվել է դեսպան Իսրայելում, իսկ 2018 թվականի մարտից Իսրայելի Պետությունում Հայաստանի դեսպանն է Արմեն Սմբատյանը, նստավայրը՝ Երևան:
Մեկնաբանել