HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ Արման Թաթոյանը երեկ աշխատանքային այցով հանդիպումներ է ունեցել Գեղարքունիքի մարզում

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ աշխատանքային այցով հանդիպումներ է ունեցել Գեղարքունիքի մարզում: Նա այցելել է Սևանի բիզնես կենտրոն, հանդիպում ունեցել կենտրոնի ներկայացուցիչների հետ, քննարկել գործարարության խթանման ուղղությամբ հետագա համագործակցության քայլեր: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժինը:

Արման Թաթոյանը Գավառի պետական համալսարանում հանդիպում է ունեցել նաև Գեղարքունիքի մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ուսանողների հետ։

Հանդիպման ընթացքում գլխավորապես քննարկվել են կանանց ու հաշմանդամություն ունեցող անձանց տնտեսական, սոցիալական կարողությունների զարգացմանն առնչվող հարցեր։

«Մենք պետք է ամեն կերպ աջակցենք կանանց տնտեսական կարողությունների զարգացմանը, քանի որ միայն ֆինանսապես կայուն եկամուտներ ունեցող կանայք կարող են զերծ մնալ բռնությունից ու խտրականության այլ դրսևորումներից։ Կանանց ու հաշմանդամություն ունեցող մարդկանց ակտիվ ներգրավվածությունը երկրի սոցիալ-տնտեսական կյանքին ու որոշումների կայացման գործընթացներին բխում է հասարակության շահերից»,- բացման խոսքի ժամանակ ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

USAID-ի աջակցությամբ իրականացվող «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակում կազմակերպված հանդիպման ժամանակ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերն ու Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչության (ABA ROLI) տնօրեն Հասմիկ Հակոբյանը կարևորել են մարզային նման ձևաչափով քննարկումները կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ։

Մարզային քննարկումների արդյունքում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրաձայնում են խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ տարվում են անհատական աշխատանքներ։

Նմանօրինակ քննարկման ժամանակ «Արեգունի» սոցիալական զարգացման հկ նախագահ Գայանե Խաչատրյանի բարձրացրած հարցը սոցիալական խնդիրներ ունեցող կնոջ վերաբերյալ լուծում է ստացել Պաշտպանի աջակցությամբ, ինչ համար միջոցառման ժամանակ Գայանե Խաչատրյանը հայտնեց շնորհակալություն։

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև քաղաքացիներին հուզող այլ հարցեր։

Նույն օրը Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել նաև մարզի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ՝ քննարկելով կանանց իրավունքների հետ կապված խնդիրները: Մասնավորապես, նրանց ներգրավվածությունը քաղաքական և տնտեսական կյանքին, հավասար աշխատանքային հնարավորությունների ապահովումը, ընտանեկան բռնությանն առնչվող և մի շարք այլ հարցեր, որոնք տեղ են գտել նաև Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։