HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը 38 միլիոն դրամ տրամադրեց 105 խորքային հոր լուծարելու համար

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց Արարատի և Արմավիրի մարզերում համայնքներին պատկանող, ձկնաբուծության նպատակով ապօրինի շահա­գործվող, ինքնաշատրվանող և բացասական մակարդակով հորերի լուծարման կամ կոնսերվացման (գործունեության դադարեցում) աշխատանքների իրականացման համար Շրջակա միջավայրի նախարա­րությանը 38 միլիոն դրամ տրամադրել։

Նշենք, որ կոնսերվացման ենթակա խորքային հորեր են համարվում այն խորքային հորերը, որոնք պիտանի են շահագործման համար, սակայն այդ հորերից չի իրականացվում ջրօգտագործում:

Շրջակա միջավայրի նախարարին հանձնարարվել է ձեռնարկել միջոցներ այդ հորերի լուծարման աշխա­տանքների համար ծախսված պետական միջոցները փաստացի սեփականատերերից գանձելու ուղղությամբ։ Դրանք կամավոր կարգով չգանձելու դեպքում գանձման գործընթացը կիրականացվի դատա­կան կարգով:

Շրջակա միջավայրի նախարա­րության հաղորդմամբ՝ Արարատյան դաշտի ջրային ռեսուրսները պատմականորեն հիմնականում օգտագործվում էին խմելու և ոռոգման նպատակներով: 2006թ.-ից սկսած՝ այնտեղ սկսեցին գործել մեծ քանակությամբ ձկնաբուծարաններ, որոնք կարճ ժամանակահատվածում դարձել են Արարատյան դաշտի ամենառեսուրսատար ջրօգտագործողները:

«2013թ.-ին ձկնաբուծարանների կողմից օգտագործվող ջրի քանակը գերազանցեց կայունության շեմը (տարեկան կտրվածքով սպառվում էր մոտ 1,6 անգամ ավել ջուր, քան հասցնում էր ձևավորվել), ինչն էլ պատճառ հանդիսացավ արտեզյան ստորերկրյա ջրերի ճնշման կտրուկ անկմանը: Դա բերեց ստորերկրյա ջրերի քանակի կտրուկ նվազմանն ու հյուծմանը: Որպես հետևանք՝ կտրուկ նվազեց հորերի ջրատվությունը, իսկ որոշ աղբյուրներ ընդհանրապես ցամաքեցին»,- նշել է նախարարությունը։

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ նախարարությունը նախատեսում է կրճատել, կանոնակարգել և նորմավորել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների օգտագործումը՝ լուծարելով խորքային հորերը։

Նախարարությունը օգոստոսի 5-16-ը ներառյալ Արարատի և Արմավիրի մարզերում իրականացրել է կոնսերվացման և լուծարման ենթակա խորքային հորերի տեխնիկական վիճակի ուսումնասիրման աշխատանքներ։ Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ անհրաժեշտ է լուծարել և կոնսերվացնել 105 խորքային հոր։

Մեկնաբանություններ (1)

՞
կառավարությունը վեց տարի առաջ 110մլն ի չափ ծախսել է,այս նույն գործի համար,,,,,,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter