ՀԲ-ի 1 մլն դոլարն ուղղվելու է մանկապարտեզների և դպրոցների սեյսմակայունությանը
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Երևան քաղաքի դպրոցներում, հիվանդանոցներում և այլ բուժհիմնարկներում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում ուժեղ երկրաշարժի ժամանակ գործողությունների և վարքականոնի ուսուցման պիլոտային ծրագիրը։
Մասնագետների կանխատեսմամբ, Կովկասում և Հայկական լեռնաշխարհում (ներառյալ Հայաստանի տարածքը) ցանկացած պահի հնարավոր է ուժեղ երկրաշարժ։ Սեյսմիկ ռիսկի նվազեցման կարևորագույն խնդիրներից մեկը բնակչության իրազեկության բարձրացումը և սեյսմապաշտպանության վարքականոնի ուսուցումն է։
Այս, ինչպես նաև սեյսմակայուն շինարարության ուղղությամբ ձեռնարկվող միջոցների վերաբերյալ նիստում պարզաբանում են տվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարը և ՀՀ քաղաքաշինության նախարարը։
Ամփոփելով քննարկումը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Խնդիրը պետք է բաժանել մի քանի մասի։ Դուք նշեցիք, որ բազմաթիվ կանոնակարգեր ենք ընդունել, որոնք վերաբերում են նոր կառուցապատմանը։ Այսինքն, այդ առումով մենք պետք է վստահ լինենք, որ նոր կառուցվող շենքերը սեյսմակայուն են։ Երկրորդ խնդիրը գոյություն ունեցող շենք-շինությունների ամրապնդման հետ է կապված և բավական ծախսատար է։ Այն պետք է բաժանել երկու մասի։ Առաջին, Երևանում և հանրապետությունում մենք արդեն իսկ ունենք շենքերի հաստատված ցանկ, որոնք պետք է ամրապնդել, որպեսզի ապահովենք մեր ազգային անվտանգության խնդիրը։ Երկրորդ, մասնավոր հատվածի հետ համատեղ պետք է ամրացնենք այն շենքերը, որոնք այսօր կան։ Կայացած խորհրդակցության ժամանակ առաջարկվող նոր տեխնոլոգիաները ենթադրում են, որ կարող է լինել մասնավոր հատվածի հետաքրքրությունը և շահագրգռվածությունը' այս ուղղությամբ ներդրումներ կատարելու համար։ Նոր կոնստրուկցիաները, որոնք ապահովում են գոյություն ունեցող շենքերի սեյսմակայունություն, լայնածավալ կերպով պետք է տարածենք։ Պետք է համագործակցենք Երևանի քաղաքապետի հետ և տեսնենք, թե բարձրահարկ շենքերի բնակիչների շահագրգռվածությունն առկա է, թե ոչ, որովհետև դա կարող է լինել նաև եկամտաբեր գործառույթ, եթե առաջարկվող նոր տեխնոլոգիայով կարողանանք ամրապնդել շենքերը։ Ընդ որում, այդ աշխատանքները պետք է արագ կատարենք։
Հաջորդը Համաշխարհային բանկի առաջարկությունն է։ Մենք շուրջ 1 միլիոն դոլարի դրամաշնորհ ենք ստանալու, որպեսզի նոր նախագծերով, որոնք իրականացնում ենք դպրոցների, մանկապարտեզների ուղղությամբ, Համաշխարհային բանկի վարկային միջոցների հաշվին, ի սկզբանե սեյսմակայունության վրա գումարներ ծախսենք և ապահովենք այդ շենք-շինությունների սեյսմակայունությունը։ Այս բոլոր ուղղություններով էլ մենք պետք է աշխատենք»։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել