HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Կալանավորի կինը բողոքում է․ ամուսինը «Դատապարտյալների հիվանդանոցում» պատշաճ բուժում չի ստանում

Արսեն Խաչատրյանը թմրանյութեր պահելու մեղադրանքով 2018թ-ի հուլիսի 6-ին կալանավորվել է, 2019-ի մարտից ողնաշարի գոտկային շրջանի ճողվածք ախտորոշմամբ տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ ողնաշարի ցավերով։ Մինչև այսօր գտնվում է հիվանդանոցում։

Կալանավորի կինը՝ Նունե Խաչատրյանը, ահազանգում է, որ ամուսինը հիվանդանոցում բուժում չի ստանում, միայն ցավազրկողների միջոցով փորձում են որոշակի ժամանակով թմրեցնել ցավը։ Արսեն Խաչատրյանը ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում անցել է լաբորատոր-գործիքային հետազոտություններ, հայտնաբերվել է ողնաշարի սկավառակների ճողվածք, հեմանգիոմաներ, իսկ գաստրոէնտերոլոգի կողմից հետազոտվելուց հետո հայտնաբերվել է ստամոքսի խոց։

Նունե Խաչատրյանին «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղեկացրել են, որ ամուսնինը ստացել է համապատասխան բուժում։ Հունիսի 11-ին դուրս է գրվել ստացիոնար բուժումից։ Նրան ուղարկված գրության մեջ նշվում է նաև, որ Առողջապահության նախարարության ֆիզիկական և վերականգնողական բժշկության գծով խորհրդատու Վ․ Բալասանյանի խորհրդատվությունից հետո Ա․ Խաչատրյանին ցուցված է կինեզոթերապիայի բուժում։

Նունե Խաչատրյանը չի հասկանում՝ ինչպես են պնդում, որ ամուսինն անցել է համպատասխան բուժում, եթե կինեզոթերապիայի որևէ կուրսի չի մասնակցել։ «Ես վստահ եմ՝ «Դատապարտյալների հիվանդանոցում» չկա ֆիզիոթերապիայի բժիշկ, ուստի չի կարող բուժվել, իսկ այլ հիվանդանոց չեն տեղափոխել։ Դատարան ուղարկել են գրություն, որ ստացել է համապատասխան բուժում, բայց որտե՞ղ է ստացել այդ բուժումը։ Նույնիսկ բժիշկ-նյարդաբան Աշոտ Քոսյանն է ասել, որ տվյալ պայմաններում, այդ մահճակալի վրա նա չի կարող բուժվել»,- ասում է Նունե Խաչատրյանը։

Ճողվածքի ցավերի պատճառով Արսեն Խաչատրյանը հրաժարվում է ներկայանալ նաև իր գործով դատական նիստերին, թեև «ԴՊ» ՔԿՀ-ից գրություն էին ուղարկել դատարան, որ Խաչատրյանը գտնվում է այնպիսի վիճակում, որ տեղափոխվելը խոչընդոտ չէ նիստին մասնակցելու համար։

«Դատապարտյալների հիվանդանոցում» դեղեր չեմ տանում, իսկ «Նուբարաշենում» գտնվելու ընթացքում տարել եմ Կետոնալ,Դիկլոֆենակ։ Նույն դեղերը ներարկում են հիվանդանոցում։ Հիմա էլ խոցի պատճառով այլ դեղեր ևս ներարկում են։ Երբ տեսակցության եմ եղել, երակները շլանգների նման էին, դեղը չէր գնում, ես գիտեմ, որ 3 մմ ճողվածքը վիրահատական չի, բայց կան նաև կիստաներ պարանոցի հատվածում, իսկ ֆիզոթերապիան չի կարելի այդ դեպքում»,- ասում է Նունեն։ Վերջինս պնդում է, որ առաջինը պետք է պարանոցի գոյացությունները բուժվեն, հետո ամուսինն անցնի ֆիզոթերապիայի կուրս։

Այս պահին Արսեն Խաչատրյանը «Դատապարտյալների հիվանդանոցի» մեկուսարանում է, քանի որ հրաժարվել է կալանավորների համար նախատեսված մեքենայով տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ, խնդրել է իրեն տեղափոխել պատգարակով կամ շտապօգնության մեքենայով։

Խաչատրյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ թմրանյութերի իրացման ապօրինի փորձ կատարել մեջ։ Ըստ քրեական գործի՝ Խաչատրյանը մեղադրվում է Ջաֆար Մարեֆաթի և Ալբերտ Ալեքսանմուջեմբարիասլինի հետ նախնական համաձայնության գալու համար։ Ըստ մեղադրանքի՝ Արսեն Խաչատրյանը ստացել է 0,5 կգ մեթամֆետամին, որի համար նախապես վճարել էր 5000 ԱՄՆ դոլար։

Արսեն Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու համար ընտանիքը դիմել է դատարան, սակայն գրավի հարցը չի քննարկվել։ Ըստ Խաչատրյանի կնոջ՝ կալանքը գրավով փոխարինելուց հետո հնարավորություն կտրվեր ամուսնուն՝ դրսում բուժում ստանալ։

Նունե Խաչատրյանը քրեական գործի վերաբերյալ նշում է, որ ամուսինը թմրանյութերի հետ կապ չունի, իսկ գումարը փոխանցել է ոսկի գնելու համար։

Լուսանկարում՝ Նունե Խաչատրյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter