HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Կանխի՞կ, թե՞ քարտով վճարումներ. ինչու է տնտեսվարողների մի մասը դեմ երկրորդ տարբերակին

Հայաստանի կենտրոնական բանկն առաջարկում է գործող բոլոր խանութներին ու սպասարկման այլ վայրերին պարտավորեցնել վճարային քարտ ընդունող սարքեր (ՊՈՍ-տերմինալ և այլ նմանատիպ սարքեր) տեղադրել, որպեսզի հաճախորդներն այդ վայրերում կարողանան վճարումներ կատարել բանկային քարտերի միջոցով։ ԿԲ-ն այս մասին նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման՝ հիմնավորելով, որ դրա արդյունքում երկրում կանխիկ դրամաշրջանառութունը կնվազի։ Դա էլ կօգնի կրճատել տնտեսության մեջ առկա ստվերը, և հասարակության մեջ կամրապնդվի քարտով վճարումներ կատարելու մշակույթը։

Թեև անկանխիկ գործարքների մշակույթն այսօր ընդունված է աշխարհում, սակայն՝ ԿԲ-ի առաջարկած այս նախագծին տնտեսավարողների մի մասը կտրականապես դեմ է։ Նրանք համարում են, որ այն լուրջ ֆինանսական բեռ է դառնալու հատկապես փոքր ու միջին բիզնեսի համար՝ հաշվի առնելով բանկերի սահմանած միջնորդավճարները։ Մինչ նրանց դժգոհություններին անցնելը, փորձենք ավելի մանրամասն հասկանալ, թե ինչ է առաջարկում ԿԲ-ն։

Ինչ է առաջարկում գլխավոր դրամատունը

«Առօրյա կյանքում հաճախորդների կողմից դժգոհություններ են արտահայտվում սպասարկման ոլորտում այդպիսի սարքերի բացակայության վերաբերյալ, ինչը բարդացնում է անկանխիկ վճարումների իրականացումը: Քաղաքացին ստիպված է վատնել ժամանակ և կրել մի շարք անհարմարություններ վճարային քարտից գումար կանխիկացնելու և որոշակի ապրանքի (ծառայության) դիմաց վճարում կատարելու համար, այնինչ շատ հեշտությամբ վճարային քարտով կարող է սպասարկվել խանութներում և այլ սպասարկման վայրերում»,- նշված է ԿԲ-ի ներկայացրած նախագծի հիմնավորման մեջ: Հաշվի առնելով այդ ամենը՝ նախագծերի փաթեթով նախատեսվել է խանութներում և սպասարկման այլ վայրերում վճարային գործիքներ (վճարային քարտ) ընդունող սարքերի տեղադրումը պարտավորեցնող դրույթներ: Եվ այն տնտեսվարողները, որոնք այս նախագծի ընդունումից հետո կհրաժարվեն հաճախորդների վճարումներն ընդունել բանկային քարտի միջոցով, կտուգանվեն։

Այնուամենայնիվ, հաճախորդն ինքն է ընտրելու կանխիկ թե անկանխիկ վճարման ձևը, բացառությամբ օրենքով սահմանված չափից ավել կատարվող գործարքների դեպքերը:

Կանխիկի վրա սահմանափակում սահմանելիս հաշվի է առնվել Երևանի և մարզերի միջև ոչ համաչափ զարգացվածության հանգամանքը: Այդ պատճառով Երևանի դեպքում անկանխիկ գործարքները պարտադիր դարձնելու ժամկետներն ավելի փոքր են, քան մարզերի դեպքում։

Այս նախագծով նաև առաջարկվում է պարտադիր դարձնել կենսաթոշակների անկանխիկ վճարումը։ Այսինքն՝ եթե այսօր կան կենսաթոշակառուներ, որոնք իրենց թոշակները ստանում են կանխիկ եղանակով, այս նախագծի ընդունումից հետո նրանք պետք է այն ստանան միայն բանկային քարտերի միջոցով։ Բացառություն են կազմելու միայն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող թոշակառուները, ինչպես նաև այն թոշակառուները, որոնց 75 տարին լրացել է։ Այս բացառությունների դեպքում կենսաթոշակը կարող է վճարվել նաև կանխիկ եղանակով՝ կենսաթոշակառուի ընտրությամբ։ Նախագծում նշված է. «Ընդ որում, անցումը կենսաթոշակների կանխիկ համակարգի անցնցում իրականացնելու համար առաջարկվում է փուլային տարբերակ` սկսած 2020 թվականի հունվարի 1-ից՝ Երևան քաղաքում, 2021 թվականի հունվարի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոններում, 2022 թվականի հունվարի 1-ից՝ այլ բնակավայրերում կենսաթոշակը վճարվում է անկանխիկ եղանակով»:

Այս նախագիծը նաև նախատեսում է համատարած աշխատավարձերի վճարում անկանխիկ եղանակով, որին ևս պետք է հասնել աստիճանաբար։

Նաև կարևոր է նշել, որ  փաթեթում նախատեսվել է անկանխիկ վճարման դեպքում ապրանքի, ծառայության դիմաց ավելի բարձր գին սահմանելը և ավելի մեծ գումար ստանալը արգելող դրույթ: Այսինքն՝ այս փոփոխությունները, ըստ ԿԲ-ի, չեն հանգեցնելու ապրանքների կամ ծառայությունների թանկացմանը։

Մեր հարցմանն ի պատասխան ԿԲ-ն տեղեկացրել է, որ նախագծի այս տեսքով ընդունման պարագայում լինելու են ոլորտներ, որտեղ միայն անկանխիկ գործարքներ են իրականացվելու։ «Անկանխիկ եղանակով իրականացվելու են պետական կամ տեղական ինքնակառավարման բյուջեներից կատարվող ցանկացած վճարում, կրթաթոշակները, ներկայացուցչական ծախuերի դիմաց կատարվող վճարումները, գործուղման նպատակով կատարվող վճարումները և այլն, սակայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել բացառություն կազմող այն վճարների տեսակները և այդպիսի վճարներ ստացողների առանձին կատեգորիաների ցանկը, որոնք կարող են վճարվել կամ որոնց կարող է վճարվել կանխիկ եղանակով»,- նշված է հարցման պատասխանում:

ԿԲ-ից նաև նշել են, որ նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաները կիրառվում են նաև որպես ՊՈՍ-տերմինալ և տնտեսվարողի համար այլ ֆինանսական ծախս չեն ենթադրում:

Ինչ արդյունք կտան այս փոփոխությունները

Առաջարկվող նախագիծն ունի մի քանի հիմնական նպատակ։ Ըստ այն մշակողների՝ եթե գործող բոլոր խանութներին ու սպասարկման վայրերին պարտավորեցնեն ՊՈՍ-տերմինալներ և վճարումներ ընդունող այլ սարքեր տեղադրել, ապա դա կարող է առաջին հերթին հանգեցնել կանխիկ դրամաշրջանառության նվազմանը։

Այն կարող է նպաստել հարկային վարչարարության և ստվերային տնտեսության դեմ պայքարի ուժեղացմանը: ԿԲ-ն հիշեցնում է, որ անկանխիկ գործառնություններ իրականացնելիս դժվարանում է կամ գրեթե անհնար է հարկային և մաքսային օրենսդրության պահանջներից խուսափելը:

Անկանխիկ գործարքների աճը կարող է նաև մեծացնել ֆինանսական միջնորդության ծավալները: Նախագծում նշված է, որ օրենքների ընդունումը կբերի նաև բանկային համակարգում ֆինանսական միջնորդության ավելացմանը, որն իր հերթին կհանգեցնի ողջ ֆինանսական համակարգի զարգացմանը:

Ի վերջո, Հայաստանում  կձևավորվի անկանխիկ վճարումներ իրականացնելու մշակույթը:

Սակայն, արդյունքները միայն սրանք չեն։ Տնտեսվարողների մի մասը գտնում է, որ այս ամենը լրացուցիչ ֆինանսական բեռ է դառնալու բիզնեսի համար։ 

Ինչու են դժգոհում տնտեսվարողները 

ՊՈՍ-տերմինալներ տեղադրելու և դրանցով աշխատելու համար տնտեսվարողները լրացուցիչ ծախսեր են կատարում՝ վճարելով տարեկան և ամսական սպասարկման վճարներ, յուրաքանչյուր գործարքից բանկերը գանձում են միջնորդավճարներ ու կանխիկացման վճարներ։ Այսօր բանկերի կողմից սահմանված միջնորդավճարները, ըստ տնտեսվարողների, բավականին բարձր են և ամսական ու տարեկան կտրվածքով լուրջ բեռ են դառնալու տնտեսվարողների համար։ «Կասեցում» քաղաքացիական շարժումն այս կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում նշված է. «...Ներկա իրավիճակում, յուրաքանչյուր քարտային վճարումից բանկերը ստանում են 1,5-3% միջնորդավճար, 0.3% և ավելի գումարի կանխիկացման վճար, տարեկան և ամսական սպասարկման վճարներ։ Համարում ենք՝ այս հոդվածը միտված է որոշ չինովնիկների կամ նրանց բարեկամների բանկերի հարստացման և ՓՄՁ ոլորտի հարստահարման նոր միջոց է։ Փաստացի գործարարի վրա բարդվում է պետական հարկերը գերազանցող, որոշ մարդկանց համար անձնական եկամուտ ապահովող վճարներ»։

Տնտեսվարողներն առաջարկում են չընդունել նախագիծը։ Անկանխիկ վճարումներ իրականացնելու մշակույթը, ըստ նրանց, պետք է ներդրվի միայն բանկային միջնորդավճարների ու սպասարկման վճարների նվազեցումից հետո։ Մինչդեռ ներկա պայմաններում՝ այս օրենքի նախագծի ընդունումը բանկերի համար «յուղալի պատառ» է լինելու։

Այսպիսով, անկանխիկ վճարումների մշակույթի ամրապնդման գաղափարն ինքնին կարևոր է ու ընդունված է ամբողջ աշխարհում, սակայն այսօր Հայաստանում դրա զարգացման գլխավոր խոչընդոտը բանկային միջնորդավճարներն ու տոկոսավճարներն են։ Ու քանի դեռ բանկերի ախորժակը զսպել չի հաջողվում, բիզնեսը չի ձգտում անցում կատարել անկանխիկ վճարումների համակարգին։

Կենտրոնական բանկից մեզ խոստացան առաջիկայում ներկայացնել հաշվարկներ, թե այսօր Հայաստանում գործող խանութների ու սպասարկման վայրերի քանի տոկոսն ունի ՊՈՍ-տերմինալներ։ Ինչ վերաբերում է բանկերի կողմից թողարկված քարտերին ու դրանցով կատարված գործարքների ծավալներին, ապա այդ մասին վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին տարիներին քարտերի քանակն աճել է, զուգահեռ ավելացել են նաև դրանցով կատարվող գործարքների ծավալները, այդ թվում՝ ՊՈՍ-տերմինալով գործարքները։

Մասնավորապես, ըստ Կենտրոնական բանկի տեղեկագրերի՝ այս տարվա հունիսի վերջի դրությամբ  հայաստանյան բանկերի կողմից թողարկված և շրջանառության մեջ գտնվող վճարային քարտերի քանակը կազմել է 2 184 288։ Միայն այս տարվա առաջին վեց ամիսներին քարտերի քանակն աճել է 160 218-ով կամ 7.9 %-ով։

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում տեղի և օտարերկրյա բանկերի կողմից թողարկված քարտերով կատարվել են մոտ 106 մլրդ դրամի POS տերմինալով անկանխիկ գործառնություններ։ Հաշվի առնելով Հայաստանում կատարվող ներքին առևտրաշրջաառության ծավալները՝ POS տերմինալով անկանխիկ գործարքները փոքր մասնաբաժին ունեն դրանցում։ Կոպիտ հաշվարկներով՝ այն չի հասնում 10 %-ի։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։