HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արժույթի միջազգային հիմնադրամը հետաքրքրվել է անշարժ գույքի կադաստրային արժեքի գնահատմանը վերաբերող օրինագծի մանրամասներով

«Հեշտ առաջադրանք չէ»,- հանդիպման գրեթե ավարտին ժպտալով ասաց ԱՄՀ-ից Մոաթազ Էլ Սաիդը։

«Գիտակցում ենք, և մեր ամենամեծ մարտահրավերն է՝ մարդկանց բացատրել, որ այս օրինագիծը դեռևս հարկերի բարձրացման մասին չէ, այլ անշարժ գույքի շուկայականին մոտարկված գնահատման, և որ մյուս կողմից, այո', հետագայում կառավարությունը հարկային նոր դրույքաչափեր կսահմանի ըստ այդմ, քանի որ գույքահարկի չափման համակարգն արդար չէ այս պահին»,- ավելացրեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը։  

Սարհատ Պետրոսյանը նշեց նաև, որ բարձրարժեք գույքի ունեցողների գույքահարկն առաջիկայում ընդունվելիք ակտերով մի քանի անգամ կբարձրանա, «Երևանի կենտրոնում բնակարան ունեցող թոշակառու տատիկը» ոչ մի կերպ դա չի զգա, միջին խավը շատ թեթևակի կզգա.

«Ամենադժվարը նրանց դեպքում է, ովքեր երբեք գույքահարկ չեն վճարել, բայց հիմա ստիպված են գոնե մի քիչ վճարել։ Բայց մենք պոպուլիզմին տուրք չենք տալու այս հարցում, կառավարության դիրքորոշումը շատ հստակ է»։

Ինչպես տեղեկացնում է Կադաստրի կոմիտեն, Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությունը Կադաստրի կոմիտեում հանդիպում էր խնդրել՝ տեղեկանալու սեպտեմբերի 11-ին Հայաստանի Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված և անշարժ գույքի կադաստրային արժեքի գնահատմանը վերաբերող օրինագծի նրբություններին։ ԱՄՀ-ի պատվիրակների հետաքրքրում էին այս օրենքի նախագծի, դրա ընդունմանը հաջորդելիք հատկապես հարկային իրավական ակտերի մանրամասները, թե ինչ հետևանք դրանք կարող են ունենալ անշարժ գույքի շուկայի, համայնքների բյուջեների վրա ընդհանրապես, ուր նրանք ուղղվելու են, և մարդկանց ընտանեկան բյուջեների վրա մասնավորապես։

Սարհատ Պետրոսյանը ներկայացրեց այս պահին արված մոտավոր հաշվարկները, նկարագրեց գույքահարկի գործող համակարգը և սպասվող փոփոխությունները՝ ակնկալվող արդյունքներով, բացատրեց, թե Կոմիտեում միջազգային փորձագետների՝ վերջին ամիսներին գործած աշխատանքային խումբն ինչպես է դուրս բերել անշարժ գույքի գնահատման ընդհանրական բանաձևը, ծանոթացրեց տարածական գոտիավորման՝ նրանց պատրաստած քարտեզին (ներկայիս 16 գոտիների փոխարեն՝ 20-ը)։ Նշեց, որ հարկային դրույքաչափերի նախագիծը մշակելու է ֆինանսների նախարարությունը։

ԱՄՀ-ի պատվիրակները հարցրին, թե արդյո՞ք կլինի մի «ցուցատախտակ», որում անշարժ գույքի սեփականատերը կարող է տեսնել, թե որքա'ն է իր գույքամարկը, ի'նչ պարտք ունի վճարելու և այլն… Սարհատ Պետրոսյանն ասաց, որ դա էլ կլինի առաջիկայում, իսկ տվյալների մատակարարը կլինի Կադաստրը։ Ավելին, դա հնարավորություն կստեղծի, որպեսզի սեփականատերը գույքահարկը վճարի առցանց և դրա համար լրացուցիչ չգնա, հասնի համայնքային իշխանության շենք։

--

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter