
Մինչև տարեվերջ հարկ վճարողներին վերադարձնել 50 մլրդ դրամ. ԱԺ-ն քննարկում է դեբետների հարցը
Ավելացված արժեքի հարկի գծով հարկատուների նկատմամբ պետության պարտքը (դեբետները) վերադարձնելու մասին նախագիծը հրատապ է և պետք է օր առաջ ընդունվի, որպեսզի Պետական եկամուտների կոմիտեն ժամանակ ունենա գործընթացները կազմակերպելու համար։ Այս մասին այսօր Ազգային ժողովում տեղի ունեցող արտահերթ նիստին հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Քննարկվում է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը։
Այս նախագծով նախատեսվում է ավելացված արժեքի դեբետները վերադարձնել հարկ վճարողներին։ Խոսքն այն գումարների մասին է, որոնք ավելացված արժեքի հարկի հաշվարկով պետությունը պարտք է հարկատուներին:
Ընդ որում՝ այս գումարները կուտակվել են տարիների ընացքում։ Ինչպես զեկուցեց Դավիթ Անանյանը, «հին» դեբետային գումարները, որոնք կուտակվել են մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը, կազմում են 56 մլրդ դրամ։ Այս գումարները «սառեցված» են և չեն վերադարձվել տնտեսվարողներին։ Այդ 56 մլրդ դրամը պետությունը պարտք է 2835 հարկ վճարողների, որոնցից գործող հարկ վճարողներ են 2571-ը, այսինքն՝ լուծարված չեն, սնանկության վարույթում չեն գտնվում, հաշվառումից հանված չեն։ Մասնավորապես, 2571-ի նկատմամբ ունեցած պարտքը կազմում է շուրջ 50 մլրդ դրամ։
Այս նախագծով առաջարկվում է նրանց վերադարձնել այդ գումարները՝ սահմանելով հստակ հերթականություններ։ Օրինակ՝ առաջարկվում է այն տնտեսվարողներին, որոնց պետությունը պարտք է մինչև 5 մլն դրամ, գումարները վերադարձնել՝ առանց հարկ վճարողի կողմից դիմումի ներկայացման և առանց սահմանված կարգով իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության:
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Դավիթ Անանյանին խնդրեց այս ամենն ավելի հանրամատչելի ու մի քանի նախադասությամբ ներկայացնել, որպեսզի բոլորին պարզ լինի, թե ինչի մասին է նախագիծը։
«Պետությունը պարտք է 56 մլրդ դրամ։ Դրանք այն գումարն են, որոնք առաջացել են մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը։ Եվ պետությունն այսօր, ունենալով բավարար ֆինանսական միջոցներ, նպատակ ունի վերադարձնել այդ պարտքը հարկ վճարողներին։ Ակնկալվում է, որ հարկ վճարողները դրանք կներդնեն տնտեսության մեջ՝ արդյունք տալով գալիք ժամանակաշրջանում և նպաստելով տնտեսական աճին»,- ներկայացրեց ՊԵԿ նախագահը։
Նշենք, որ նախագիծը դրական եզրակացություն է ստացել ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից։
Մեկնաբանել