HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուկրաինայում ձերբակալվել է հանցավոր խմբավորման ղեկավար Սամվել Մարտիրոսյանը (տեսանյութ, լուսանկարներ)

Ուկրաինայի Պոլտավա քաղաքում ձերբակալել են հանցավոր խմբավորման ղեկավար, Սամվել Դոնեցկիյ մականունով հայտնի Սամվել Մարտիրոսյանին և նրա խմբավորման անդամներին: Նա ծնվել է Վրաստանում, վերջին տարիներին ապրում էր Կիևում:

Ինչպես ասվում է Ուկրաինայի ազգային ոստիկանության տարածած հաղորդագրությունում, հանցավոր խմբավորմանը վերագրվում է Ուկրաինայի քրեական օրենսգքրի 6 հոդվածներով նախատեսված հանցագործություններ: Ըստ հաղորդագրության՝ խմբավորման անդամները զբաղվում էին ռեկետ իրականացնելով, մարդկանց առևանգելով, զենքի առևտրով, պատվիրված սպանություններով, ֆիզիկական հաշվեհարդարներով: 

Սամվել Մարտիրոսյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարված Ինտերպոլի կողմից՝ Հայաստանում 48-ամյա անձի սպանություն համար:

Ուկրաինայի ազգային ոստիկանության պետի առաջին տեղակալ Եվգենի Կովալի խոսքով՝ Հայաստանի իրավապահ մարմիններին ծանուցվել է, որ հետաքննությունն իրականացվելու է Ուկրանիայի տարածքում: «Հետք»-ը փորձեց Հայաստանի գլխավոր դատախազությունից ճշտել՝ ծանուցում ստացե՞լ են, թե՞ ոչ. դատախազությունից ասացին, որ կպատասխանեն մի փոքր ուշ:

«Սամվել Մարտիրոսյանը ամենաազդեցիկ մաֆիոզն է, ինչպես ինքն է իրեն անվանում: 90-ականներից սկսած՝ նա Դոնեցկի մարզում ղեկավարել է հանցավոր խմբավորում, ինչից հետո իր ազդեցությունը տարածել է նաև Պոլտավայի և Զապորոժյեի մարզերում»,- ասել է Եվգենի Կովալը:

Կովալի խոսքերով՝ իրավապահները երեք անգամ փորձել են պատասխանատվության ենթարկել Սամվել Մարտիրոսյանին և նրա խմբավորման անդամներին:

«Սակայն ամեն անգամ իրավապահ մարմիններում կոռումպացված կապերի միջոցով հաջողվել է խուսափել պատժից կամ նվազագույն պատիժ է ստացել»,- ասել է Եվգենի Կովալը: Ըստ նրա՝ հանցավոր աշխարհի վերնախավը Սամվել Մարտիրոսյանի նկատմամբ մահվան դատավճիռ էր կայացրել, ինչից հետո նա իր բնակության վայրը վերածել էր ամրոցի: 

Համաձայն Ուկրաինայի ազգային ոստիկանության հաղորդագրության՝ խմբավորման պարագլխին և անդամներին ձերբակալելու օպերացիային մասնակցել են հատուկ նշանակության ջոկատներ: Հատուկ գործողության շրջանակներում կատարվել է 50 խուզարկություն: Առգրավվել են տարբեր տեսակի հրազեններ, սառը զենքեր, ավտոմեքենաներ, թմրամիջոցներ:

«Միջնորդություն է ներկայացվել դատարան ձերբակալվածներին կալանավորելու համար՝ առանց գրավ կիրառելու հնարավորության»,- նշել է ազգային ոստիկանության պետի առաջին տեղակալը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter