HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Մուլտի Գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանի, նախկին նախարար Գուրգեն Սարգսյանի և Սուրեն Ավագյանի կալանքի միջնորդությունների քննությունը երեկ սկսկվել է

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում երեկ սկսվել է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով անցնող մեղադրյալներ Սեդրակ Առուստամյանի, Գուրգեն Սարգսյանի և Սուրեն Ավագյանի խափանման միջոցը կալանավորումն ընտրելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունների քննությունը: Այս մասին «Հետքը» տեղեկացավ դատարանից:

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի խափանման միջոցի հարցը քննում է դատավոր Արտակ Թադևոսյանը, Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանի գործը դատավոր Արման Հովհաննիսյանի վարույթում է, իսկ Սուրեն Ավագյանի խափանման միջոցի գործը դատավոր Հարություն Մանուկյանի վարույթում է:

Երեկ սկսված դատական նիստերը հետաձգվել են ու նշանակվել այսօր: Սեդրակ Առուստամյանի գործի քննությունը կսկսվի ժամը 18:00-ին: Գուրգեն Սարգսյանի գործով նիստ է նշանակվել ժամը 17:00-ին, իսկ Սուրեն Ավագյանի գործով նիստը ժամը 19:00-ին է:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել է, որ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի» գործով որպես մեղադրյալ են ներգրավվել կալանքի տարված վերը նշված անձինք: Ըստ հաղորդագրության՝ քննությամբ պարզվել է, որ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը, փաստացի ղեկավարելով «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը, 2016թ. հունիսի 10-ից օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով «Սթոնս» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր, ընկերության աշխատանքներն իր հետ համակարգող Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի հետ միասին, «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի «М1 Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցում և բարելավում» ենթածրագրի շրջանակներում, Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների դրդմամբ, համաձայնություն է ձեռք բերել՝ «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղին առանց ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ դուրս գրելու միջոցով ընկերությունից ֆինանսական միջոցներ դուրս բերելու և այդ միջոցով ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելուն օժանդակելու շուրջ:

Նշենք, որ բացի վերը նշված երեք անձանցից գործով մեղադրյալի կարգավիճակ ունի ևս 12 անձ:

 

Լուսանկարում՝ Սեդրակ Առուստամյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter