HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանդիպում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում

Փետրվարի 16-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց Նիդերլանդների Թագավորության ԱԳՆ Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Կլաաս ֆան Դեր Տեմպելին: Հանդիպմանը ներկա էին նաեւ ՆԹ ԱԳՆ Հայաստանի հարցերով պատասխանատու Մոնիկ դե Խրոտը եւ Հայաստանում Նիդերլանդների դեսպան Պիտեր Լանդենբերգը:

Ն. Զոհրաբյանը ներկայացրեց Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները` նշելով, որ դրանք բավականին ակտիվ են ընթանում: Ներկա դրությամբ արդեն ժամանակավորապես փակվել են ապագա համաձայնագրի տնտեսական, ֆինանսական եւ ոլորտային համագործակցությանն առնչվող 22 գլուխները:

Կողմերն անդրադարձան ասոցացման համաձայնագրի կարեւոր մաս կազմող խորը եւ համապարփակ, ազատ առեւտրի գոտի ստեղծելու վերաբերյալ դրույթներին: Ն. Զոհրաբյանը նշեց նաեւ, որ փետրվարի 27-ից ԵՄ-ի հետ մեկնարկելու են մուտքի վիզաների դյուրացման եւ հետընդունման համաձայնագրերի շուրջ բանակցությունները, ինչը մի քանի խմբերի համար էականորեն կհեշտացնի մուտքը Եվրոպական միության երկրներ:

Հյուրերին հետաքրքրում էր առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես թե ինչպես են քաղաքական ուժերը նախապատրաստվում  ընտրություններին եւ թե ինչ ակնկալիքներ կան միջազգային դիտորդական կազմակերպություններից: Ն. Զոհրաբյանը հյուրերին համապարփակ տեղեկատվություն տրամադրեց առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական փուլի վերաբերյալ` կարեւորելով հատկապես թե ԵԱՀԿ, թե ԵԽԽՎ երկարաժամկետ առաքելությունների գործունեությունը: Նա նշեց, որ ինքը ԵԽԽՎ-ում արդեն ունի նախնական պայմանավորվածություն, ըստ որի` ապագա կազմավորվելիք դիտորդական առաքելությանը մինչեւ Հայաստան ժամանելը կներկայացվեն ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական ուժերի տրամադրած խնդիրները, մտահոգությունները, թե հատկապես ինչի վրա արժե, որ ուշադրություն դարձնեն միջազգային դիտորդները:

Կլաաս ֆան Դեր Տեմպելին կարեւորեց այդ նախաձեռնությունը` նշելով, որ ինքն ամեն ինչ կանի, որ երկարաժամկետ դիտորդները Հայաստանում շատ լինեն եւ հաշվի առնեն բոլոր այն մտահոգությունները, որոնք կնշեն ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը:

Կողմերն անդրադարձան նաեւ տարածաշրջանային խնդիրների:  Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter