
Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու հերթական միջնորդությունը
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու միջնորդությունը նորից մերժվեց: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այս որոշումը հրապարակեց քիչ առաջ:
Քոչարյանի պաշտպանները միջնորդել էին նրան ազատ արձակել ստորագրությամբ կամ գրավի դիմաց: Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:
Նույն գործով անցնում են նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: Մասնավորապես` Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը մեղադրվում են 300.1 հոդվածով նախատեսված արարք կատարելու մեջ, իսկ Արմեն Գևորգյանը կաշառք ստանալու, փողերի լվացման և սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու մեջ է մեղադրվում: Բացի Ռոբերտ Քոչարյանից՝ մյուս բոլոր ամբաստանյալներն այս գործով ազատության մեջ են:
Մեկնաբանել