HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը խստացրեց Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով ամբաստանյալների պատիժը՝ 18 տարի ազատազրկումը դարձնելով 21

Վերաքննիչ քրեական դատարանը` նախագահությամբ դատավոր Կարեն Մարդանյանի, հրապարակեց Երրորդմասցի Լյովիկ մականունով հայտնի Լևոն Ղազարյանի, Դրաստամատ Թադևոսյանի և Մեսրոպ Նազարյանցի սպանության գործով բողոքների վերաբերյալ որոշումը՝ խստացնելով ամբաստանյալների պատիժը:

Սպանության մեջ մեղադրվող ամբաստանյալներ Գաստիկ մականունով հայտնի Վահան Հակոբյանին, Ծըգլ մականունով հայտնի Սարգիս Գրիգորյանին եւ Տլե մականունով հայտնի Սարգիս Հախանումյանին առաջին ատյանի դատարանը դատապարտել էր 18 տարվա ազատազրկման, սակայն Վերաքննիչ դատարանը խստացրեց պատիժը՝ դարձնելով 21 տարի:

Նշենք, որ դատարանը խորհրդակցական սենյակ էր հեռացել այսօր: Մինչ այդ տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Վահան Հակոբյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդել էր իր պաշտպանյալին ազատ արձակել կալանքից: Սահակյանը դատարան էր ներկայացրել բժշկական փաստաթղթեր այն մասին, որ Հակոբյանը Կառավարության որոշմամբ պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություն ունի: Հակոբյանին կալանքից ազատելու այս միջնորդության դեմ մեղադրող դատախազ Արամ Արամյանն ու տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանն առարկել էին, և դատարանը որոշել էր այս հարցին անդրադառնալ խորհրդակցական սենյակում՝ բողոքների վերաբերյալ դատական ակտ կայացնելիս:

Հիշեցնենք, որ մեղադրող և տուժող կողմերը բողոք էին բերել Վերաքննիչ դատարան՝ պահանջելով սպանության համար 18 տարվա ազատազրկման դատապարտված Սարգիս Հախանումյանին, Սարգիս Գրիգորյանին և Վահան Հակոբյանին դատապարտել ցմահ ազատազրկման, իսկ ամբաստանյալների պաշտպանները պահանջում են հռչակել նրանց անմեղությունը:

Երրորդմասցի Լյովիկը, նրա երկու ընկերները՝ Մեսրոպ Նազարյանցը, Դրաստամատ Թադևոսյանը, սպանվել են 2015 թվականի մարտի 4-ին՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ավտոկայանատեղիի մոտակայքում:

Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանն ու Սարգիս Գրիգորյանն, ըստ մեղադրանքի, 2015թ. մարտի 4-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող 3 ինքնաձիգներից Լևոն Ղազարյանի, Դրաստամատ Թադևոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ կրակահերթ են արձակել: Կրակոցների հետևանքով ստացված հրազենային վնասվածքներից Մեսրոպ Նազարյանցը՝ տեղում, իսկ Լևոն Ղազարյանն ու Դրաստամատ Թադևոսյանը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:

Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter