HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոքր Վեդիում նշեցին Համաշխարհային մաքրության օրը և Ջրի մոնիթորինգի համաշխարհային օրը

«Թակարդ` աղբի համար»` Փոքր Վեդիում։ Սա նոր նախաձեռնություն է, որի նպատակն է մաքրել ոռոգման ջուրը կենցաղային աղբից։ Այն իրականացրել է «Քաղաքացի գիտնականներ» նախաձեռնող խումբը «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակում։ Այս մասին հաղորդում է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը: 

«Նորարար մոտեցումների համար միշտ չէ, որ անհրաժեշտ է բարձր տեխնոլոգիական կիրառում։ Համայնքի ակտիվ մասնակցությունը կարող է օգնել ամենօրյա խնդիրներին պարզ լուծումներ գտնելուն՝ նպաստելով պատասխանատու կազմակերպությունների և համայնքի բնակիչների միջև առավել սերտ համագործակցությանը»,-նշեց «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի ղեկավար Արմեն Վարոսյանը։

Միջոցառումը հնարավոր է դարձել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գործակցության և աջակցության շնորհիվ։  «Հայաստանն աշխարհի այն բացառիկ երկրներից է, որը հարուստ է ստորգետնյա ջրային պաշարով։ Այն երկրի համար ունի ռազմավարական ու տնտեսական մեծ նշանակություն։ Միևնույն ժամանակ կան մեծ ռիսկեր և խնդիրներ՝ կապված պաշարների ոչ արդյունավետ օգտագործման հետ։ Մենք լիահույս ենք, որ ԱՄՆ ՄԶԳ-ի գործակցությունը ՀՀ կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ շահառուների հետ կկանխի ստորգետնյա ջրի այդ ռազմավարական պաշարների հետագա նվազեցումը և մոտ ապագայում կնպաստի դրանց վերականգնմանը», - նշեց Լայլա Ջ․Էնդրյուս Բաշանը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության Կայուն զարգացման գրասենյակի տնօրենը։

Միջոցառմանը նախորդող օրերին ոչ միայն Փոքր Վեդիում, այլև ծրագրի գործընկեր 9-ը համայնքում տեղացիները մաքրել էին իրենց բնակավայրի ջրային տարածքները։ Նրանք հյուրերին ներկայացրին այդ հանրօգուտ աշխատանքի արդյունքները՝ «առաջ և հետո» լուսանկարներով։

«Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրին աջակցելով՝ մենք ցանկանում ենք մեր ներդրումն ունենալ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների պահպանման հարցում՝ բարձրացնելով ջրային ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը և որակը, կարևոր դերակատարում ունենալ երկրի գյուղատնտեսության ոլորտում, ինչպես նաև ընդլայնել համայքներում հանրային իրազեկումը՝ ուղղված ջրային և բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը»,- նշեց «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության հասարակական կապերի և հաղորդակցության տնօրեն Էլինա Մարգարյանը։

Միջոցառման մասնակիցները նշեցին նաև «Մաքրության համաշխարհային օրը» և «Ջրի մոնիթորինգի համաշխարհային օրը»։

***

«Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի նպատակն է խթանել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների պատասխանատու կառավարումն ու օգտագործումը` հանրային մասնակցության և իրազեկման միջոցով, ինչպես նաև խթանել վարքագծի փոփոխությունները՝ ստորգետնյա ջրերի արդյունահանման կրճատումը ապահովելու համար:

Ծրագիրն իրականացվում է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի, «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ի և ԵՊՀ Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter