HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Խճանկարն ամբողջացնալու համար մնացել է կատարել 2150 քայլ

«Գյումրին առանց տնակների» հիմադրամն այս տարվա օգոստոսի 1-ին քաղաքապետարանի շենքի պատին տեղադրեց մի մեծ վահանակ, որի վրա 15 հազար կտորից պետք է հավաքվեր գեղանկարչուհի Սուսաննա Մկրտչյանի «Պապի ու տատի խոստացած մատաղը» կտավը: Բարեգործական այս ակցիայի նպատակը ևս 2 կամ 3 անօթևան ընտանիքի բնակարանով ապահովելն էր: Տնակից տուն մեկ քայլի կամ այլ կերպ ասած՝ խճանկարի մեկ կտորի արժեքը գնահատվել էր ընդամենը 1000 դրամ: «Գյումրին առանց տնակների» հիմադրամի տնօրեն Գևորգ Գրիգորյանն ասում է, որ գաղափարն եղել է իրենն ու հիմնադրամի կամավորներինը:

«Սկզբում որոշել էինք, որ ընտրված ընտանիքի լուսանկարը վերածենք խճանկարի, բայց հետո մտածեցինք, թե կարող է նեղվեն, որ իրենց նկարը 2 ամիս պատի վրա է լինելու,-ասում է Գևորգ Գրիգորյանը,-տարբեր առաջարկներ քննարկելուց հետո, հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆելիքս Գրիգորյանի հետ որոշեցինք գեղանկարչուհի Սուսաննա Մկրտչյանի այս գործը վերցնել: Նախ, որ հենց ընտանիք է պատկերված, բացի դրանից, ի սկզբանե արդեն իսկ մեծ կտավի վրա էր արված գործն ու մեզ համար էլ հեշտ եղավ այն խճանկարի վերածելը»:

20-րդ դարասկզբին, Գյումրիում ավանդույթ է եղել ընատնիքով լուսանկարվել մատաղացու գառի հետ: Գեղանկարչուհի Սուսաննա Մկրտչյանի փոխանցմամբ, անօթեւանների համար այս զոհաբերությունն էլ, որ ամեն մեկը կատարում է իր չափով, ինչ-որ տեղ մատաղ է հիշեցնում: Խճանակարի ամբողջացման ճանապարհին, իրենց քայլն են արել ոչ միան գյումրեցիներն, այլեւ քաղաք այցելող հյուրերը՝ տեղացի և օտարերկրացի: Իրականացվել է նաև օնլայն վաճառք:

«580 հազար դրամ ստացվել է օնլայն վաճառքից: Երեք գնորդ են եղել` մեկը ԱՄՆ-ից, մյուսը` ՌԴ-ից, և օգոստոսի 25-ին իր աշխատավարձից 100 հազար դրամ է փոխանցել ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը,-նշում է հիմնադրամի տնօրենը,-օտարեկրացիներից երևի ամենաշատ մասնակցությունն ունեցել են գերմանացիները: Ծնունդով գյումրեցի, բայց Երեւանում բնակվող Կառլեն պապիկ ունենք, ինքը նախկինում դասախոս է եղել, ուրեմն Գյումրի եկող գերմանացի զբոսաշրջիկներին ինքն է ուղեկցում և ամեն առավոտ` ժամը 9:30-ին, իր տուրը սկսում էր մեր փազլի մոտից, ու ինքն էլ ամեն անգամ մեկ կտոր փազլ էր առնում, որ գերմանացիներն էլ առնեն»:

Ամենախոշոր նվիրատուն կամ գնորդը Գյումրիում գործող «Թուրվանդ» ընկերություն է, որ 1 մլն դրամով խճանկարի 1000 կտոր է գնել: Երկրորդ տեղում՝ 500 կտոր ցուցանիշով մեկ այլ խոշոր՝ «Լենտեքս» ընկերությունն է: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն անձամբ գնել է 100 կտոր (100 հազար դրամ), նման քանակությամբ գնումներ էլի են գրանցվել այլ անձանց կողմից: Ակցիային մասնակցել են նաև Գյումրիում գործող բուժհաստատություններ, փոքր ու մեծ կազմակերպություններ, ընտանիքներ, անհատներ:  Հիմնադրամի նպատակն է, որ խճանկարն ամբողջանա սեպտեմբերի 21-ին: Այս պահին խճանկարի ամբողջացման համար անհրաժեշտ է մինչեւ երեկո կատարել ընդամենը 2150 քայլ:

Հոկտեմբերի սկզբին, առանձնացված 15 ընտանիքից, հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը կընտրի անօթևան երկու կամ երեք ընտանիք, կախված նրանից, թե քանի սենյականոց բնակարան հարկ կլինի գնել15 մլն դրամով: Հետագայում խճանկարը դրվելու է աճուրդի, որից ստացված հասույթը ևս ուղղվելու է բնակարանների ձեռք բերմանը: Գևորգ Գրիգորյանի փոխանցմամբ, երկու հոգի արդեն հայտնել են իրենց պատրաստակամությունը վճարելու 33 հազար դոլար ամբողջացած խճանկարի համար:

«Ես չգիտեմ` իրենք կմասնակցեն աճուրդին, թե ոչ, սակայն մեկնարկային 15 մլն դրամը պատրաստ են տալ,-ասում է հիմնադրամի տնօրենը,-վաճառքից հետո խճանկարը մնալու է Գյումրիում, սա աճուրդի պայմաններից է, և տեղադրվելու է հանրային վայրում, որ մարդիկ կարողանան տեսնել: Ցանկություն կա այն Շիրակ օդանավակայանի սպասասրահում տեսնել: Տեսնենք, եթե տնօրինությունը գնի, մենք շատ ուրախ կլինենք, գուցե քաղաքապետարանը ցանկանա ձեռք բերել, գուցե մեկ այլ խոշոր ձեռնարկություն, ամեն դեպքում այն Գյումրիից չպետք է դուրս գա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter