HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Քաղաքացին տեղյակ չէր, որ իր անունից շինթույլտվություն ստանալու համաձայնագիր է տրվել

Երեւանի Աճեմյան փողոցի բնակիչ Ավետիք Չախալյանը պայքարում է իր տանը կից կատարվող շինարարություն իրականցնողների դեմ` չիմանալով անգամ, որ այդ շինարարության կատարման համար իր անունից համաձայնություն է տրվել։

Չախալյանը պնդում է, որ իր տնից մի քանի սանտիմետր հեռավորության վրա կառուցվող առևտրի կենտրոնը ամբողջովին փակելու է տան լույսը։ Կառուցվող շինության մասին նա տեղեկացել է սեպտեմբերին 18-ին, երբ տարածքում շինաշխատանքներ են սկսվել։

«Վեց ամիս առաջ եկան, ինձ ասացին՝ մեզ թուղթ տուր, որ դուք համաձայն եք, որ մենք այստեղ շինարարություն սկսենք՝ չորս-հինգ հարկ։ Ես համաձայն չեղա, որովհետև մեր լույսը կեսօրից հետո փակվելու է։ Իրանք մի անգամ էլ եկան, փորձեցին համոզել, փող խոստացան՝ 100 դոլար։ Ինձ բնականաբար ձեռք չի տալիս, որովհետև իմ լույսը փակվում է, ուզում է 100 տան, ուզում է 1000 տան։ Չհամաձայնեցի։ Որ 100 դոլար առաջարկեցին, ասացի՝ ինձ քո 100 դոլարը պետք չի, ասեց՝ բա, դու համաձայնվի, որովհետև քեզ 100 դոլարն էլ է հերիք ոնց նայում ենք քո վրա»,-պատմում է Ավետիք Չախալյանը։

Ավետիք Չախալյանը 100 դոլարի դիմաց համաձայնություն ստանալու զրույցը ունեցել է տարածքի սեփականատեր Դավիթ Ահարոնյանի հետ։ Չախալյանն ասում է, որ ինքը համաձայանություն չի տվել եւ զարմացել է, երբ տարածքում տեսել է շինարարներին և շինտեխնիական՝ կառուցվող շենքի հիմքը փորելիս։

Ավետիք Չախալյանը շինարարությունը դադարեցնելու համար դիմել է քաղաքապետարան, պետական վերահսկողական ծառայություն, կառավարություն։ Սակայն պետական այս մարմիններին  պատասխան և արձագանք չի ստացել։ «Քաղաքապետարանի թեժ գծից ասացին՝ մենք կհաղորդենք պատկան մարմիններին, բայց մինչև հիմա արձագանք չկա»,-նշում է նա։

Էրեբունի համայնքի վարչական շրջանի աշխատակազմից էլ հայտնել են, որ իրենք այդ գործընթացի հետ որևէ առնչություն չունեն, քանի որ շինարարությունը կատարվում է առաջին գծում, որի պատասխանատուն Երևանի քաղաքապետարանն է։

Դավիթ Ահարոնյանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց, որ շինաթույլտվությունը քաղաքապետարանից օրեր առաջ է ստացել։ Որպես հավաստիացում Ահարոնյանը ցույց տվեց շինթույլտվության վկայականը։ Նաև պնդեց, որ քաղաքապետարան՝ շինթույլտվություն ստանալու համար դիմելիս ունեցել է Ավետիք Չախալյանի և նրա մոր՝ Կլարա Ֆարմանյանի համաձայնությունը։ 

Դավիթ Ահարոնյանը հայտնեց, որ համաձայնագիրը ստանալու համար Չախալյանի քրոջը (Նարինե Չախալյան-հեղ) ու նրա որդուն (Սուրեն Բադալյան-հեղ․) 5000 դոլար գումար է տվել, որի մասին, ըստ Ահարոնյանի, Ավետիք Չախալյանը տեղյակ է եղել։ Նա նաև ցույց տվեց տեսանյութ, թե ինչպես է աշխատասենյակում գումարը փոխանցում Ավետիք Չախալյանի քրոջն ու նրա որդուն։

«Գումար եմ տվել քրոջն ու քրոջ տղուն, ասել է՝ (ի նկատի ունի քույրը-հեղ․) գումարը տալիս եմ եղբորս։ Մինչ հիմա պրոբլեմ չի ունեցել, մի հատ էլ է 5000 ուզել (ի նկատի ունի քույրը-հեղ․)։ Երկրորդ 5000-ը չենք տվել, 2000 ենք ուզեցել տալ, որ լինի իրար հետ ընդհանուր 7000, չեն համաձայնվել»,-նշում է Դավիթ Ահարոնյանը։

Վերջինս ասում է, որ գումարը մինչ շինթույլտվությունն է տրվել՝ համաձայնագիրը ստանալիս։

Շինարարություն կատարելու իր կողմից տրված համաձայնագրի մասին Ավետիք Չախալյանը առաջին անգամ մեզանից լսեց։ Զանգահարեց քրոջն ու պարզաբանում պահանջեց, թե ինչու է գումար վերցրել, իր և մոր անունից  համաձայնագիր ստորագրել՝ առանց իրեն ու մորը տեղյակ պահելու։ Նարինե Չախալյանը եղբորը բացատրեց, որ նման բան չի արել, որևէ մեկից գումար չի վերցրել։

«Ես ոչ մի համաձայնություն չեմ տվել, ոչ ստորագրել եմ։ Կեղծված է։ Ինչ-որ բան են սարքել, ինչ-որ մարդկանց միջոցով, որ ինձ ուղարկեն գրողի ծոցը»,-նշեց Ավետիք Չախալյանը։

Չախալյանը կասկածում է, որ իր ստորագրությունը կեղծել և շինարարություն կատարելու համար համաձայնագիր է տվել քույրը։ Ստորագրությունը կեղծելու և դեպքի մանրամասները պարզելու համար Ավետիք Չախալյանը դիմելու է ոստիկանություն։

Տարածքը շինարարությունը ազդարարող պաստառով առանձնացված չէ։

Դավիթ Ահարոնյանը պարզաբանեց, որ այժմ տարածքում շինտեխնիկան է աշխատում, մի քանի օրից պաստառը կփակցնեն։ Նշեց, որ այն չփակցնելու համար քաղաքապետարանի աշխատակիցներն արդեն 100 հազար դրամ իրեն տուգանել են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter