HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բանտից պաշտոնապես աշխատում եմ որպես իրավաբան

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Եթե մի քանի տարի առաջ ինձ ասեին, որ բանտում նստած պաշտոնապես աշխատելու եմ որպես իրավաբան, կասեի՝ հեքիաթ է, ո՞նց կարող է նման բան լինել: Բայց իմ գրքերի հերոսուհին՝ Կին-Աղջիկը կարողանում է հեքիաթներն իրականություն դարձնել: Նախ, հենց նա ինձ համոզեց, որ իրավաբան դառնալու երազանքս կարող եմ հենց բանտում իրականացնել: Եթե չլիներ Զարուհու աջակցությունը, ապա հնարավոր չէր դառնա թե՛ ուսման ընթացքը, թե՛ քննություններիս հանձնումը: Իսկ եթե սովորեի խորհրդային գնահատականներով թեկուզ ամուր 4-ի, ապա հաստատ ոմանք կկտրեին քննություններից: Ուսմանս վերջին երկու տարիներին ակնհայտ ճնշում կար, որ ես չավարտեմ: Բայց իմ գիտելիքներով, համառությամբ ու Զարուհու աննախադեպ աջակցությամբ, որ հանկարծ ուսման իրավունքս չխափանեն, ես դարձա իրավաբան`ստանալով ՀՀ և ՌԴ պետական նմուշների դիպլոմներ: Իսկ 5 ու կես տարի ուսման վարձը կարողացանք վճարել «Հետքից» ստացած իմ աշխատավարձի ու գրքերիս վաճառքի շնորհիվ:

Հսկիչը խցիս դուռը բացեց, ինձ ուղեկցեցին առաջին հարկ: Կոկիկ հագնված ներկայացա գործատուիս: Ինձ էր այցելել «Քո պաշտպանը» փաստաբանական ընկերության տնօրենը աշխատանքային պայմանագիր կնքելու համար: Հեքիաթային պահ` ստորագրում ենք աշխատանքային պայմանագիր, որտեղ կետ առ կետ նշված են կողմերի պարտականությունները և իրավունքները: Նաև պետությանը հարկեր ենք վճարելու: Այո՛, հիմա պաշտոնապե՛ս աշխատում եմ որպես իրավաբան: Ունեմ երկու աշխատանք: Հրաշքները շարունակվում են:

Պայմանագրի համաձայն` կատարելու եմ քրեական գործերով իրավագիտական վերլուծություններ, ուսումնասիրություններ, տեսական ու գործնական աշխատանք, իրավաբանական գրավոր խորհրդատվություններ, աջակցելու եմ դիմումների, բողոքների կազմմանը: Նմանատիպ աշխատանք այստեղ կատարել եմ ուսման ընթացքում, նաև դիպլոմավորված իրավագետ դառնալուց հետո թե՛ իմ գործերով, թե՛ կամավորության սկզբունքով ինձ դիմող կալանավոր-դատապարտյալների: Մինչ պայմանագրի ստորագրումը նաև կամավոր օգնում էի «Քո պաշտպանին», իսկ հիմա  պաշտոնապես համարվում եմ աշխատակից:

Իհարկե, մեկուսարանի պայանները բավարար չեն դատապարտյալների ուսման և աշխատանքային իրավունքները լիարժեք ապահովելու համար, ինչը նշված էր հենց մեկուսարանի կողմից քրեակատարողական ծառայությանը ներկայացված տեղեկանքում, և պատկերացնում եք՝ 21-րդ դարում այդ հիմքով առաջարկ էր արվում թղթով ու գրիչով աշխատել խցում, որտեղ համակարգիչ չի թույլատրվում: Մենք, բնականաբար, չընդունեցինք այդ առաջարկը, քանի որ ժամանակակից դարում ցանկացած աշխատանք համակարգչի միջոցով է արվում: Եվ ահա «Նուբարաշեն» ՔԿՀ-ի նոր պետի` ՀՀ արդարադատության փոխգնդապետ Սամվել Մկրտչյանի կարգադրությամբ ավելացվեցին ոչ միայն ուսանող ու աշխատող դատապարտյալների համար հատկացված աշխատասենյակում տեղադրված համակարգչիցս օգտվելու ժամերը, այլ նաև լրացուցիչ օր հատկացվեց, ինչի համար շնորհակալությունս եմ հայտնում և փաստում, որ պարոն Մկրտչյանի նշանակմամբ այստեղ սկսել են տեղի ունենալ նաև այլ դրական փոփոխություններ, որոնց ընթացքի մասին կներկայացնեմ իմ հոդված-նամակներում:

Հ. Գ. Շնորհակալություն եմ հայտնում նաև, որ բավարարվեց իմ դիմում-առաջարկը` ֆիզիկական սպորտաձևերի մրցաշարերն անցկացվեն ըստ քաշային կատեգորիաների: Բանտի պետ Սամվել Մկրտչյանն անձամբ գնեց կշեռք, մրցումներում արդարացի մոտեցում լինելու համար և անձամբ էր ներկա ծանրամարտի մրցաշարին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter