HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կալիֆորնիայի հայ համայնքը պատրաստակամ է ընդունել փորձնակ ուսանողների Հայաստանից

Ագրարային համալսարանի ռեկտորի աշխատանքային այցը ԱՄՆ

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը գործակցության խորացման և ընդլայնման նպատակով հանդիպումներ է ունեցել Ֆրեզնոյի՝ Կալիֆորնիայի նահանգային համալսարանում եւ Փենսիլվանիայի նահանգային համալսարանում։

Համալսարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ հանդիպումներ են եղել Ֆրեզնոյի համալսարանի նախագահ Ջոզեֆ Կաստրոյի, Գյուղատնտեսական գիտության և տեխնոլոգիայի Ջորդանի քոլեջի, Նորարարությունների և ձեռներեցության կենտրոնի, Ջրային ռեսուրսների տեխնոլոգիական և ինկուբացիոն կենտրոնի ղեկավարների և աշխատակիցների, ինչպես նաև Ագրիան ընկերության գլխավոր գործառնական տնօրեն Ադրիանա Մաջարյանի և այլոց հետ: Քննարկումները գլխավորապես ծավալվել են Ֆրեզնոյի նահանգային համալսարանի և Ագրարային համալսարանի միջև գործակցության խորացման, ուսանողների և դասախոսների փոխանակման, վերապատրաստումների, ուսումնաարտադրական համատեղ փորձուսուցումների անցկացման և այլ ուղղություններով:

Հայ համայնքի հետ հանդիպումների ժամանակ պարոն Ուռուտյանը հավաստիացումներ է ստացել, որ Կալիֆորնիայի մեր հայրենակիցները պատրաստակամ են փորձուսուցման նպատակով հյուրընկալել ուսանողների ՀԱԱՀ-ից և առհասարակ հայաստանյան բուհերից, ինչպես նաև օժանդակել «Արտերկրում ուսումնառություն» ծրագրով ԱՄՆ-ից Հայաստան ուսանողների գործուղման հարցում: Ֆրեզնոյի հետ գործակցությունը ներառելու է նաև հետազոտական համատեղ նախագծերի իրականացումը:

Ֆրեզնոյի նահանգային համալսարանի Լայլզի նորարարությունների և ձեռներեցության կենտրոնում և Ջրային ռեսուրսների տեխնոլոգիական և ինկուբացիոն կենտրոնում ռեկտոր Ուռուտյանը պատասխանատուների հետ քննարկել է, մասնավորապես, Ագրարային համալսարանի՝ ստեղծման փուլում գտնվող Ագրոտեխնոլոգիական ինկուբատորի շրջանակում գործակցությանն առնչվող հարցեր:

Վարդան Ուռուտյանն այցելել է նաև Կալիֆորնիայում մեր հայրենակիցների կողմից ավելի քան տասը տարի առաջ հիմնադրված Ագրիան ընկերություն, որի հայաստանյան գրասենյակում աշխատում են Ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի շրջանավարտներ:

Կալիֆորնիայից ՀԱԱՀ-ի ռեկտորն ուղևորվել է Փենսիլվանիա՝ ՓենՍտեյթ համալսարան, որտեղ հանդիպումներ է ունեցել ՓեննՍտեյթի մի շարք ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Երկուստեք բարձր գնահատելով ՓենՍտեյթի գյուղատնտեսական գիտությունների քոլեջի եւ Ագրարային համալսարանի միջեւ տարիներ ի վեր ծավալված փոխգործակցությունը, քոլեջի տնօրեն Ռիչարդ Ռուշի եւ փոխտնօրեն, միջազգային ծրագրերի ղեկավար Դայանա Բեհրինգի հետ պարոն Ուռուտյանը քննարկեց գործակցության հետագա զարգացման հնարավորությունները։

Գյուղատնտեսական գիտությունների քոլեջը հիմնադրվել է 1855թ․-ին եւ եղել է այն հիմնարար կառույցը, որի շուրջ հետագայում ծավալվեց ու զարգացավ այսօր աշխարհի համալսարանների տեղակարգման մեջ մշտապես լավագույն 1 տոկոսի մեջ գտնվող, 100 հազ․ ուսանող և 17 հազ․ դասախոս ունեցող ՓեննՍտեյթ համալսարանը։

Ռեկտոր Ուռուտյանի հանդիպումների շարքը շարունակվեց Ագրարային ճարտարագիտության, Սննդագիտության ֆակուլտետներում, այլ ստորաբաժանումներում։ Հիշարժան հանդիպումներից մեկը սննդագիտության պրոֆեսոր, Սննդի անվտանգության և որակի ծրագրերի տնօրենի տեղակալ Քեթի Քաթերի հետ էր, որը մեծ ավանդ ունի ՀԱԱՀ-ի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում արդեն երրորդ տարին իրականացվող «Սննդի անվտանգության համակարգերի կառավարում» նորարարական կրթական ծրագրի ներդրման եւ դրա հաջողության գործում։ Պրոֆ․ Քաթերի հետ Վարդան Ուռուտյանը քննարկեց դասընթացի շարունակմանն առնչվող հարցեր։ Ի դեպ, ՀԱԱՀ-ում ծրագրի առաջին փուլի հաջողությունը պրոֆ․ Քաթերն այնուհետև հաջողությամբ կրկնել է Ուկրաինայում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter