HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Երեք անչափահաս երեխաների մայր Հասմիկ Սարգսյանը մեղադրվում է նոր գողություն կատարելու մեջ. գործը դատարանում է

Երեք անչափահաս երեխաների մայր Հասմիկ Սարգսյանն, ով նախկինում երեք անգամ մեղավոր է ճանաչվել գողության հոդվածով, մեղադրվում է 4-րդ անգամ նույն արարքը կատարելու մեջ: Գործն արդեն ուղարկվել է դատարան, գտնվում է դատավոր Մնացական Մարտիրոսյանի վարույթում:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության՝ «Հասմիկ Սլավիկի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2018 թվականի հունիսի 28-ին ժամը 13:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում մուտք է գործել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, կոտրել ընդունարանի բաժանմունքի 5-րդ աշխատասենյակում առկա պահեստարան հանդիսացող պահարանի դուռը և ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, այնտեղից գաղտնի հափշտակել է ավագ բուժքույր Սիրանուշ Գասեսյանին պատկանող 7.500 ՀՀ դրամ արժողությամբ դրամապանակը, որի մեջ եղել է վերջինիս «ՎՏԲ Հայաստան» բանկի», «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի բանկային քարտերը՝ իրենց ծածկագրերով և 500 ՀՀ դրամ գումար` այսպիսով Գասեսյանին պատճառելով զգալի չափերի գույքային վնաս»:

Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ինչպես արդեն նշեցինք, Սարգսյանին վերագրվող դեպքը տեղի է ունեցել 2018-ի հունիսի 28-ին: Սա այն ժամանակահատվածն է, երբ մեծ աղմուկ էր բարձրացրել Սարգսյանին 6 տարի, 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտելու վերաբերալ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի դատավճիռը:

Հատկանշական է, որ ենթադրյալ արարքը կատարելու օրվանից երկու օր առաջ՝ հունիսի 26-ին Վերաքննիչ դատարանը, քննելով առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ Սարգսյանի բողոքը, այն մասնակի բավարարել էր, և նշանակված  6 տարի, 6 ամիս ժամկետով ազատազրկումը դարձրել 5 տարի:

Այս ժամանակահատվածում և դրանից հետո մի խումբ իրավապաշտպաններ հայտարարություններ էին տարածել՝ պահանջելով, որ գոնե Վճռաբեկ դատարանն արդարացի որոշում կայացնի երեք անչափահաս երեխաների մոր նկատմամբ, որը սոցիալական լուրջ խնդիրներ ունի:

Իրավապաշտպանները պնդում էին, որ Հասմիկ Սարգսյանին Սիսիանի քննչական բաժնում ստիպել են տալ այնպիսի ցուցմունքներ, որոնց արդյունքում նա հայտնվել է ամբաստանյալի աթոռին: 2019 թվականի ապրիլի 11-ին Վճռաբեկ դատարանը մասնակի բեկանել է Սարգսյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումն ու նրա նկատմամբ նշանակել երկու տարի ժամկետով փորձաշրջան:

Հասմիկ Սարգսյանի շահերը Մնացական Մարտիրոսյանի վարույթում քննվող քրեական գործով ներկայացնում է հանրային պաշտպան Լուսինե Ասլանյանը: Վերջինս մեր հարցին ի պատասխան ասաց, որ Սարգսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

 

Լուսանկարում ձախից՝ Հասմիկ Սարգսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter