HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեծ Այրումի երեխաները Ալավերդու պատկերասրահում կազմակերպված ցուցահանդեսին ներկայացել էին հայրենի գյուղի բնանկարներով

Ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղում Հայատանի Անկախության տոնի առթիվ բացվել է փախստականներով բնակեցված Մեծ Այրում գյուղի երեխաների նկարների ցուցահանդեսը: Այն կգործի մեկ ամիս: «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) գյուղական համայնքի երեխաների նկարելու տաղանդի դրսևորման համար Մեծ Այրումում արդեն 3-րդ տարին է՝ բացել է նկարչական խմբակ: Ցուցահանդեսին ներկայացված էին նկարչական խմբակի 4 աշակերտների նկարներ: Մյուսների նկարները Ալավերդու պատկերասրահի ցուցասրահում չէին ներկայացվել՝ Երևանի ՔՈԱՖ-ի կենտրոնում՝ սեպտեմբերի 28-ին կայանալիք ցուցահանդեսին ներկայացվելու համար:

«Ծնողներս գաղթել են Ադրբեջանի Դաշկեսանի շրջանի Կուշչի գյուղից: Մոտ 30 տարի ապրում ենք Մեծ Այրումում: Ես չեմ տեսել Կուշչի գյուղը: Այնտեղ ծնվել են 86-ամյա պապս, տատս և ծնողներս: Հատկապես պապս հաճախ է խոսում Կուշչիի բնության և դաշտերի գեղեցկության մասին: Այսուհանդերձ, ինձ համար անփոխարինելի վայր էր իմ ծննդավայր Մեծ Այրումը: Ես նկարում եմ  Մեծ Այրումի անտառները, Լոռվա բնությունը: Նկարներիս մեջ իմ հոգին ու սերն եմ  դնում ծննդավայրիս նկատմամբ»,- ասում է Լյուդմիլա Շիրվանյանը:  

Նա ցուցահանդեսին ներկայացրել է «Մեծ Այրում» նկարը: Լյուդմիլան սովորում է Մեծ Այրումի դպրոցի 12-րդ դասարանում:

«Դպրոցն ավարտելուց հետո պետք է փորձեմ ընդունվել Երևանի գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիա»,- ասաց նա:

Մարտա Մելքումյանը սովորում է Վանաձորի պոլիտեխնիկական քոլեջում: Մարտան ապրում է Փոքր Այրումում: Ցուցահանդեսին ներկայացվել են Մարտայի 5 ստեղծագործություններ:

«Հիմնականում նկարում եմ բնապատկերներ: Առաջին բնանկարը Մեծ Այրումի անտառներում եմ նկարել: Այն կոչել եմ «Մեծ  գյուղը»: Նկարներիս գունային ոճը ես եմ ընտրել: Երկրորդ նկարում Մեծ Այրումի հացահատիկի աշնանային դաշտերն եմ նկարել։ Ես ամառն եմ սիրում նկարել: Մեծ Այրումում նախկինում բնակվել են ադրբեջանցիներ: «Գյուղամիջյան ճանապարհներ» նկարս նկարել եմ  ադրբեջանցիների գերեզմանատնից»,- պատմեց Մարտան:

Անժելիկա Գաբրիելյանի նկարներից մեկը վերնագրված է «Ամառ»: Անժելիկան ասում է` երկու օրում է այդ նկարը նկարել: «Այդ ժամանակ մենք ամբողջ խմբով Հաղպատում պլենարի էինք: Նկարելիս ես պետք է որսայի  բնության գունային փոփոխությունները»,- պատմեց նա:

Աննա Խուդինյանը Մեծ Այրումի հարևան Ճոճկան գյուղից է, նա նույնպես նկարչություն է սովորել ՔՈԱՖ-ի նկարչական խմբակում: Աննան երեք նկարներով էր ներկայացել ցուցահանդեսին:

«Ես նկարել եմ Հաղպատի եկեղեցին: Նկարս ուղղակի բնանկար եմ վերնագրել: Սովորում եմ Ալավերդու ուսումնարանի մետալուրգիական բաժնում, բայց ես փոխելու եմ մասնագիտությունս, երազում եմ նկարիչ դառնալ»,- ասաց Աննան:

Նկարիչ Վարդան Վարդանյանի խոսքով, խմբակներում ընգրկված 25 երեխաներից 8-ը պարապմունքներին հանդես են եկել ուրախացնող արդյունքներով: Հենց 1-ին տարում խմբակի անդամներից Տիգրանուհի Նազարյանն ընդունվել է Երևանի գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի հագուստի մոդելավորման բաժին: 2018-ին Էլզա Առաքելյանն ընդունվել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի նկարչության ֆակուլտետ:

Խմբակների պարապմունքներն անցկացվում են Մեծ Այրումի դպրոցում:

ՔՈԱՖ-ը հատկացված տարածքում լավագույն պայմաններ է ստեղծել՝ գյուղաբնակ երեխաների նկարչական տաղանդի բացահայտման և զարգացման համար: Խմբակի անդամները մասնակցել են պլեների, որտեղ  բնության մեջ նրանց ուսուցանվել է արևի, լույսի և օդի ազդեցությամբ պայմանավորված գույների փոփոխությունների վերարտադրումը:

«Դա ՔՈԱՖ-ի ծրագրում չկար: Բայց այն, ինչ ես առաջարկել եմ երեխաների նկարչական  ընդունակությունների զարգացման համար, ՔՈԱՖ-ն անմիջապես արձագանքել և պայմաններ է ստեղծել դրանք իրականացնելու համար»,- ասաց Վարդան Վարդանյանը:

«Ցուցահանդեսում ներկայացված նկարները՝ կապված երեխաների տարիքային ընկալումների հետ, շատ դրական եմ գնահատում: Նկարչական խմբակների հիմնական խնդիրը երեխաներին նկարչության այբուբենը ուսուցանելն է: Ցուցահանդեսում ներկայացած երեխաներն արդեն նկարչության այբուբենը գիտեն, նրանց համար դեպի արվեստ ճանապարհը բացված է»,- ասաց պատկերասրահի տնօրեն Ռաֆայել Ջավախյան:     

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter