HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռամկավար ազատական կուսակցության Ամերիկայի Արևմտյան ափի ղեկավար կազմի ներկայացուցիչներին

ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում հանդիպել է Ամերիկայի Արևմտյան ափի Հայկական դեմոկրատ ազատական (Ռամկավար) կուսակցության ղեկավար կազմի հետ՝ կուսակցության ատենապետ դոկտոր Րաֆֆի Բալյանի գլխավորությամբ։

Ողջունելով Ռամկավար ազատական կուսակցության Ամերիկայի Արևմտյան ափի ղեկավար կազմի ներկայացուցիչներին՝ Հայաստանի վարչապետը նշել է. «Հարգելի գործընկերներ, հարգելի պարոն Բալյան, շատ ուրախ եմ այսօրվա հանդիպման համար։ Սա շատ լավ առիթ է՝ Լոս Անջելեսում հանդիպել, քննարկել։ Իհարկե, այսօր մենք հանդիպելու, քննարկելու մի քանի առիթներ կունենանք։ Մենք բարձր ենք գնահատում ձեր կազմակերպության դերն ընդհանրապես հայապահպանման գործում՝ Հայաստանի Հանրապետությունում, նրա տարածքից դուրս։

Մեր մյուս գործընկերների հետ հանդիպման ժամանակ նույնպես այդ շեշտադրումն անում ենք: Մեր կառավարության կարևորագույն խնդիրներից է՝ այն դրական ֆոնը, որն առկա է Հայաստանի կառավարության և Սփյուռքի միջև, ոչ միայն պահպանել և զարգացնել, այլև դա դարձնել մշտական և ավանդույթ Հայաստանի բոլոր կառավարությունների համար: Այսօրվա մեր իրավիճակում մեր խնդիրն է գեներացնել, կրկնապատկել, եռապատկել հաջողությունները և դա ազգային, համազգային արդյունքի վերածել: Դրա համար շատ կարևոր է Սփյուռքի հետ հարաբերություններում ճիշտ մթնոլորտ կառուցելը, ճիշտ աշխատանքային մեխանիզմներ ստեղծելը, և, ամենակարևորը, անել այնպես, որ ամբողջ Սփյուռքն իրեն զգա Հայաստանի Հանրապետության լիարժեք շահառու։ Սա մեր խնդիրն է, որը մենք հույս ունենք լուծել ինչպես ձեր, այնպես էլ Սփյուռքի մեր մյուս կառույցների և կուսակցությունների մասնակցությամբ»։

Ամերիկայի Արևմտյան ափի Հայկական դեմոկրատ ազատական (Ռամկավար) կուսակցության ատենապետ Րաֆֆի Բալյանը ողջունել է Հայաստանի վարչապետին՝ նշելով. «Մեծարգո պարոն վարչապետ, Ռամկավար ազատական կուսակցության Արևմտյան Ամերիկայի շրջանի ղեկավարության անունից ցանկանում ենք Ձեզ բարի գալուստ մաղթել Լոս Անջելես քաղաք և շնորհավորել Անկախության տոնի 28-րդ տարեդարձի առթիվ։ Մենք շնորհակալ ենք այս առիթի համար։ Մեր կուսակցությունը, որ հարյուրամյա հայ ավանդական կուսակցություն է, իր գործունեությունն իրականացնում է Արևմտյան Ամերիկայի տարածքում՝ հատկապես Ֆրեզնո և Լոս Անջելես քաղաքներում։ Այդ հայրենանվեր գործունեությունը շարունակում ենք նաև այսօր, և մենք միշտ զորավիգ ենք մայր հայրենիքին»։ Կուսակցության ղեկավար կազմի անդամները նշել են, որ զորավիգ են Հայաստանի վարչապետին և աջակցում են կառավարության կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումներին, որոնք ուղղված են Հայաստանի առաջընթացին և բարգավաճմանը։

Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդմանը, Հայաստանի զարգացմանը, իրականացվող գործընթացներում Սփյուռքի լիարժեք ներգրավմանը վերաբերող հարցեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter