Սերժ Սարգսյանն ու ԱԺ նախագահն ընդունել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին
ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն այսօր ընդունել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Անդրեյ Սորոկինին:
Շնորհավորելով պարոն Սորոկինին նշանակման առթիվ` ԱԺ նախագահն ընդգծեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նախկին ղեկավարության հետ համագործակցության լավ ավանդույթները, վստահություն հայտնելով, որ դրանք հետագայում ևս կխորանան ու կընդլայնվեն: Ս. Նիկոյանը հատկապես կարևորեց օրինաստեղծ ոլորտում, մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքական ազատությունների, բնապահպանական հիմնախնդիրների շուրջ փոխգործակցությունը: ԱԺ նախագահն անդրադարձավ ՀՀ ներքաղաքական իրավիճակին, ընտրական գործընթացներին, առկա օրենսդրական դաշտին: Նրա խոսքով, Հայաստանն ունի միջազգային չափանիշներին համապատասխան ընտրական օրենսգիրք, և այժմ առաջնահերթ խնդիրներից է առաջիկա խորհրդարանական ընտրությունները օրենքի տառին ու միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելը: Պակաս կարևոր չէ, ըստ Ս. Նիկոյանի, այդ ամենը միջազգային հանրությանը պատշաճ կերպով ներկայացնելը: Այս առումով ԱԺ նախագահը մեծապես կարևորեց ԵԱՀԿ-ի, միջազգային այլ դիտորդական առաքելությունների դերը` ակնկալելով նրանցից անաչառ գնահատականներ:
Ս. Նիկոյանը ներկայացրեց նաև նախորդ օրը ԱԺ-ում ընթացած լսումների ժամանակ իր ներկայացրած առաջարկը` ԱԺ-ի և Ազգային ժողովի նախագահի իրավասությունների շրջանակներում ստեղծել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերից կազմված մի մարմին, որը կհետևի օրենքի կիրառությանը, ընտրական գործընթացներին:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ա. Սորոկինը նշեց, որ ինքը տպավորված է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի արդյունավետ գործունեությունից, ՀՀ պետական ատյանների, մասնավորապես Ազգային ժողովի, ինչպես նաև քաղաքական ուժերի ու հասարակական կազմակերպությունների հետ ունեցած սերտ համագործակցությունից: Ներկայացնելով իր տպավորությունները` Ա. Սորոկինը նշեց, որ ակնառու է ՀՀ իշխանությունների կողմից ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու վճռականությունը, ինչը գնահատելի է:
Ողջունելով նաև ԱԺ նախագահի` տարբեր ուժերից կազմված ներկայացուցչական մարմին ձևավորելու առաջարկը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը ներկայացրեց այն ծրագրերը, որոնք պատրաստվում են իրականացնել առաջիկայում: Նա իր և իր ղեկավարության անունից պատրաստակամություն հայտնեց ամենայնս աջակցել համատեղ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ծրագրերին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ-ն:
Նախագահի մամլո գրասենյակը տեղեկացնում է, որ նախագահ Սերժ Սարգսյանն էլ շնորհավորել է Անդրեյ Սորոկինին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ հույս հայտնելով, որ իր գործունեությամբ նա կնպաստի ԵԱՀԿ-ի շրջանակներում մեր երկրի համագործակցության ընդլայնմանն ու հարաբերությունների առավել ամրապնդմանը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարը վստահեցրել է, որ գրասենյակի անձնակազմի հետ միասին կշարունակեն փոխգործակցությունը Հայաստանի հասարակական, քաղաքական կազմակերպությունների, իշխանության տարբեր կառույցների հետ՝ աջակցելով երկրում իրականացվող բարեփոխումներին և ժողովրդավարության զարգացմանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել