HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատարանը վճիռ է կայացրել հօգուտ Արզնի ջրերի գործարանի. IDBank-ը պարտավոր է 22 մլն դոլար վճարել գործարար Աֆանդյանին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Գայանե Մազմանյանի նախագահությամբ, մերժել է «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հակոբ Ասոյանի հայցն ընդդեմ «Անելիք բանկ» ՓԲ ընկերության (ռեբրենդինգից հետո վերանվանվել և այժմ կոչվում է IDBank): Սակայն մասնակի բավարարել է «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ-ի ինքնուրույն պահանջը: Այդպիսով, դատարանը որոշել է բանկից հօգուտ «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ-ի բռնագանձել շուրջ 22 մլն դոլարին համարժեք դրամ՝ որպես կնքված համաձայնագրով սահմանված տույժի գումար: Հիշեցնենք, որ այս գումարը բանկի կանոնադրական կապիտալի շուրջ 35 %-ն է կազմում:

Հիշեցնենք, որ Արզնի ջրերի գործարանի նախկին սեփականատերը` Գևորգ Աֆանդյանը, 2010-ին 7 մլն դոլար վարկ էր վերցրել «Անելիք բանկ» ՓԲԸ-ից՝ իր բիզնեսի խումբ հանդիսացող «Բյուրակն» ՍՊԸ-ի համար: Դրա դիմաց գրավադրել էր խմբի անդամ «Բ.Մ.Լ Արզնի» ՍՊԸ-ին պատկանող Արզնի հանքային ջրերի գործարանի շենքը՝ շուրջ 14 հազար քմ մետր, հողամասը՝ 2,8 հա, ծածկարանները՝ 1074 քմ, 113 քմ և 92 քմ:

Գևորգ Աֆանդյանը, սակայն, չէր կարողացել ժամանակին վճարումներ կատարել, և ժամկետանց պարտավորություններ էին կուտակվել: Գործարարը բանկին առաջարկել է գնել գրավադրված գույքը, որպեսզի ինքը կարողանա շարունակել գործունեություն ծավալել` դրանով փակել պարտավորությունները: Բանկի լիբանանցի ղեկավարները համաձայնել էին: Բանկը և Գևորգ Աֆանդյանը մի համաձայնագիր էին կնքել, որով բանկը պարտավորվել է գրավատուին կամ նրա նշած 3-րդ անձին տրամադրել 2 տարի ժամկետով գնման բացառիկ նախապատվություն: Նախապատվության իրավունքը չպահպանելու դեպքում բանկը պարտավորվել է տույժ վճարել՝ բռնագանձման արժեքի հնգապատիկի չափով: Այս համաձայնագրի պատճառով էլ առաջացել է դատական քաշքշուկը:

Գործարանի կառավարումը հանձնվել էր «Տարմակ» ՍՊԸ-ին, որի հիմնադիր ընկերության բաժնեմասում մասնակցություն ուներ նաև Աֆանդյանի որդին` Վահե Աֆանդյանը: Սակայն հայր և որդի Աֆանդյանները դատարանում ցուցմունք են տվել, որ տեղյակ չեն եղել և համաձայնություն չեն տվել ընկերության գույքը «Տարմակ» ՍՊԸ-ին փոխանցելու որոշման մասին: Դատարանը նրանց ցուցմունքներն արժանահավատ է համարել, և «Տարմակ» ՍՊԸ-ն երրորդ անձ համարել:

Դատարանը հաստատված է համարել այն հանգամանքը, որ բանկի կողմից երկու տարվա ընթացքում «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ-ից և/կամ վերջինիս նշած երրորդ անձից բացի՝ այլ անձի գրավի առարկա գույքն օտարելը համաձայնագրով սահմանված պարտավորության խախտում է:

Ընդդեմ «Անելիք բանկ» ՓԲԸ-ի կայացրած առաջին ատյանի դատարանի վճիռը բանկը Վերաքննիչում բողոքարկել էր, որից հետո այն ուղարկվել էր նոր քննության: 

IDBank-ը, սակայն, պատրաստվում է կրկին բողոքարկել Գ. Մազմանյանի կայացրած դատական այս ակտը` այն որակելով «աներևակայելի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter