HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գիտության շարժիչ ուժը երիտասարդները չե՞ն

«2011 թվականը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համար «նորմալ, հետազոտական տարի է եղել,- հավաստիացնում է Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ու ավելացնում,- այդ տարում մենք ծանրաբեռնված ենք եղել գիտության մեջ գիտական հետազոտությունների իրավական դաշտի ստեղծմամբ»: 

Գիտության վերաբերյալ զրուցել ենք ԳԱԱ-ի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հետ: 

-Վերջերս «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության էջում ներկայացվել է 111 հայ գիտնականների անուններ, որոնք վերջին 11 տարիների ընթացքում առնվազն 20 գիտական հոդված են տպագրել ԱԳ (Ազդեցության գործակից՝ impact factor) գիտական ամսագրի կարեւորության թվային ցուցիչ ունեցող միջազգային պարբերականների էջերում:

-Կարո՛ղ է ես մի հոդված տպեմ արտասահմանում, նա այնքան նշանակություն ունենա այս երկրի համար, որ այդ բոլորը միասին կոպեկ չարժենան:

-Նախաձեռնողները նշում են, որ ցանկը խիստ նախնական է և հնարավոր է հավելումներ, սակայն այս պահի դրությամբ ԳԱԱ-ի անդամ միայն 5-6 գիտնականների անուն է ներառված: Եթե այդ վիրտուալ ակադեմիան լիներ, ապա, փաստորեն, տարբերվելու էր մեր իրական ԳԱԱ-ից: 

- Էդ քեզ ո՞վ ա սովորացրել: Այնտեղ դեմագոգներ են: Ապուշություն է, ապուշությո՛ւն: Տպագրված աշխատանք­ները գիտնականի վաստակի գնահատականներից մեկն է, բայց միակը չէ: Ակադեմիայի անդամները, եթե հաշվենք 60 տարեկան են, նրանց ակտիվությունը չի կարող հավասար լինել 40 տարեկանի ակտիվությանը:

 - Ի դեպ, Ձեր անունն էլ այդ ցանկում չկա:

- Ես ակադեմիայի անդամ եմ դարձել 1990թ-ին: Իմ աշխատանքներից ամենալավերը եղել են մինչև 1990 թվականը: Ես ունեմ 200 տպագրված աշխատանք: Իմ անունը չկա, որովհետև այս վերջին տարիներին ես ադմինիստրատիվ աշխատանքով եմ զբաղվում: Դա մանիպուլյացիա է՝ իրենց ցույց տալու համար: Լուրջ ուսումնասիրություն չէ: Եթե որոշում ենք տվյալ գիտնականի օգտակար գործունեության արդյունքերը, պետք է հաշվի առնել նրա դերը հասարակության մեջ, ինչպիսի պաշտոններ է զբաղեցրել, ինչպիսի պարգևներ ունի այդ մարդը:  Պարգևները հենց այնպես չեն տալիս: Ասում եք` իմ անունը չկա: Ես ունեմ Սովետական Միության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական բոլոր պարգևները: Բա իմ սիրուն աչքերի՞ համար են տվել:

- Մարդկանց մոտ գիտական գործունեությամբ զբաղվելու ակտիվ շրջանն ընդունված է համարել 40-60 տարեկանը: Ակնհայտ է, որ ԳԱԱ-ի գիտնակնների մեծ մասի տարիքը նշվածից բարձր է: Արդյոք այդ փաստը չի՞ հանգեցնում գիտական ակտիվության նվազեցմանը:

-Այո, ստեղծագործական աշխատանքով զբաղվելու մարդու տարիքը 40-50 մինչև 60 տարեկանն է: Պարզ է, որ ինչքան շատ ունենանք այդպիսի թվով գիտնականներ, այնքան ավելի շատ կլինի արդյունքը: ԳԱԱ-ում կա նաև միջին սերունդ, որի թիվը, հայտնի պատճառներով, պակաս է: Եթե մենք ասում ենք 40-50 տարեկան, ուրեմն 90-ական թվականներին նրանք պետք է լինեին 20-25 տարեկան: Այդ տարիներին երիտասարդությունը, որը նոր էր ավարտել բուհը, չգնաց գիտության ուղղությամբ, մի մասը գնաց արտասահման, մի մասն էլ իր գիտելիքները կիրառեց կյանքի այլ բնագավառներում:

-Ինչպե՞ս եք պատկերացնում ԳԱԱ-ն երիտասարդ կադրերով համալրելու խնդիրը:

-Երիտասարդ կադրերի հարցը ֆետիշացրել են: Գիտության շարժիչ ուժը երիտասարդները չեն: Գիտության շարժիչ ուժը, արդյունք ցույց տվողը միջին սերունդն է: Իսկ միջին սերունդ մենք համարում ենք մինչև 30-35 տարեկանը:

Այստեղ սոցիալական խոշոր պրոբլեմ կա: Երիտասարդ մասնագետի համար, գիտությամբ զբաղվելու դեպքում, այսօր ապահովված չեն նրա սոցիալական մինիմալ պահանջները: Այսօր ակադեմիայի համակարգում 20 տոկոսը երիտասարդներ են: Այսպիսի պայմաններում քիչ թիվ չէ:

-Այսօր ի՞նչ խնդիրներ ունի ԳԱԱ-ն:

-Կառանձնացնեի գիտության ինֆրակառուցվածքի արդիականացման խնդիրը: 

Ցույց  տալու համար, որ գիտության զարգացումը Հայաստանում լավ վիճակում է` Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացնում է ՅՈւՆԵՍԿՕ-ի վերջին՝ 2010թ.-ի գիտական հաշվետվությունը աշխարհում գիտության վիճակի վերաբերյալ (UNESCO Science Report 2010: the Current Status of Science around the World), որում մանրակրկիտ ներկայացված են բոլոր երկրների գիտությունների վիճակագրական ցուցանիշները: Կենտրոնական և Արևմտյան Ասիայում հայկական գիտությունը հարաբերական ցուցանիշներով առաջատար է և զիջում է միայն Իսրայելին: Այդ տվյալները ցույց են տալիս ՝ մենք աշխատում ենք, խոսում ենք, թե քնած ենք: 

Այդ տվյալները վերաբերում են ոչ միայն ԳԱԱ-ին, այլ ողջ Հայաստանի գիտական գործունեությանը: Միայն ԳԱԱ-ի գիտնակաների գործունեության արդյունավետության մասին դեռևս ուսումնասիրություն չկա: 

Նունե Հովսեփյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Մեկնաբանություններ (5)

Tamar
Bayts de aydqan el shat chi eli mot 50 instituti hamar
Գիտաշխատող
Եվ այդ մակաբույծ կառույցը խժռում է գիտության փողերի առյուծի բաժինը՝ մոտավորապես 500 միլիոն դրամ իսկ իրական գիտական արտադրանք տվողներին հասնում են փշրանքներ միայն:
Lilit
Voxjuneli e usanoxi xizaxutyuny. Ays hodvacov nerkayacrel eq ain, inchy shaterin chi hajoxvum. Sovetakan tarineric e himq drvel anarjan pargevneri bashxumy, vory cavoq bacahait sharunakvum e ev hima, iskapes mardik giten ov ove, baic lav klini imanaluc baci konkret gorcoxutyunner arven ev amen meky ir texy zbaxecni. Ete nman makardak Azgayin Akademiayum e.........., Husadrum en Nune Hovsepyani nman eritasardnery, miguce tuneli verjum luis varvi.
Նունե
Ճիշտը մնալն է. Երկիրը կա ու հարատևելու է այն հայ գիտնականների շնորհիվ, ովքեր իրենց նվիրված աշխատանքով միշտ բարձր են պահում Հայաստանի անունը: Իսկ մնացածներն էլ թող նրանց ստվերի տակ իրենց լավ զգան: Ժողովուրդը լավ գիտի՝ ով ով է;
Ribok
Ոնց որ կաշառակեր լինի ու կոռուպցիայի հիմնադիր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter