HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Շուշիի ազատագրմանը մասնակցելը էտալոնի նման բան է եղել»

Գնդապետ Մխիթար Ավշառյանը պատմում է, որ իր մարտական կենսագրությունը սկսվել է 19 տարի առաջ, երբ 1991-ին ընդգրկվեց Ստեփանակերտի իրենց թաղի ինքնապաշտպանական ջոկատում: Ջոկատի հրամանատարը Արսեն Շումանյանն էր: Դասակներից կամ խմբերից մեկի հրամանատարն էլ եղել է ինքը: «Քարինտակի պաշտպանության ժամանակ` 1992-ի հունվարի 26-ին, Արսենը զոհվեց:

Դրանից հետո մեր ջոկատի տղաները տարբեր ուղղություններով գնացին` ընդգրկվելով մի քանի ստորաբաժանումների կազմում: Չորս եղբայրներով` Ռոմանը, Սլավիկը, ես ու Գագան, ընդգրկվեցինք ԼՂՀ ԻՊՈՒ չորրորդ վաշտում,- հիշում է Մ. Ավշառյանը:- Մեր երրորդ եղբայրը` Սոկրատը (ծնվ. 1960 թ.- հեղ.), ժամանակին միլիցիայում էր աշխատում, դեռ մինչեւ բուն կռիվների սկսվելը Ղայբալուում ընդհարում էր եղել թուրքերի հետ, նա մասնակցել էր դրան, հետո Ասկերանի «ԳԱԻ-ի պոստ»-ում էլի կրակել էր թուրքի վրա: Ու քանի որ այն ժամանակ նման դեպքերում տանում էին Շուշի, որտեղ տղերքը «կորչում» էին, Սոկրատին մենք այստեղից մի կերպ ինքնաթիռով փախցրինք»:

Ավագները` Ռոմանն (ծնվ. 1955 թ.) ու Սլավիկը (1956 թ.), մինչեւ թոշակի անցնելը եղել են Մխիթարի ու Գագիկի հետ, չնայած մի որոշ ժամանակահատված Սլավիկը ԿՊՇ-ի 3-րդ գումարտակի կազմում Սամվել Հարությունյանի հրամանատարությամբ կռվել է Մարտակերտի ճակատում, հետո միացել եղբայրներին: Մխիթարն ու Գագիկը եղել են ընտանիքի կրտսերները, նրանք երկվորյակներ են:

 «Մեր ծնողների ասելով` ես Գագայից մի քանի րոպե շուտ եմ ծնվել»,- ասում է Մ. Ավշառյանը:

«ԻՊՈՒ 4-րդ վաշտի հրամանատարը Սարգսյան Գագիկն էր, տեխնիկայի գծով տեղակալը` Յուրա Պողոսյանը: Մենք ընդգրկված էինք Սամվել Կարապետյանի դասակում: Այսպես` նախնական շրջանում չորրորդ վաշտի երկրորդ դասակի կազմում մեր տանկի անձնակազմով մասնակցում էինք մեծ ու փոքր ընդհարումների: Մենք այն ժամանակ չորս հոգի էինք` Սարգսյան Շահենը, Ավանեսյան Աշոտը, Գագան, ես: Մարտերի սկզբում ես անձնակազմ չունեի, ու քանի որ այն ժամանակ նաեւ չորս երեխա ունեի, Գագան ասում էր, թե ինքը մեկն ունի, ու ավելի լավ է` ես չգնամ»,- հիշում է գնդապետ Ավշառյանը:

422 կողային համարով Տ-72 տանկի հրամանատարը Գագիկ Ավշառյանն էր, նշանառու-օպերատորը` խաչմաչեցի Շահեն Սարգսյանը, մեխանիկ-վարորդը ` ստեփանակերտցի Աշոտ Ավանեսյանը: Մինչեւ Շուշիի օպերացիան նրանք հիմնականում մասնակցում էին Ասկերանի շրջանի գյուղերի ինքնապաշտպանական մարտերին:

«Խանաբադ գյուղում էինք, մեզ հետ ՀՄՄ-2-ի (հետեւակի մարտական մեքենա- հեղ.) անձնակազմի տղաներն էին` Սամոն էր, Ալիկը…,- պատմում է Մ. Ավշառյանը:- Ապրիլի 24-ի առավոտյան թուրքերը հարձակվեցին գյուղի վրա: Ես նստեցի տանկը որպես նշանառու, Աշոտը` մեխանիկ, Գագան` հրամանատար: Մեր հետեւից գալիս էր նաեւ ՀՄՄ-ն: Թուրքերը մարտում զոհեր ու տեխնիկայի կորուստ տվին ու նահանջեցին: Երբ հետ եկանք, Շահենը, որ ինձնից 10 տարով մեծ էր, եկավ, ասաց. «Կլինի՞ քեզ մի բան ասեմ: Էլ իմ տեղը չնստես, քո համար «էկիպաժ» ճարի, քո «էկիպաժով» գնա»: Էն ժամանակ մեզ համար էնպես չէր, թե` վայ, ինչ լավ է, էսօր ես չգնացի, կենդանի մնացի, հակառակը` միշտ ուզում էինք մենք էլ լինել»:

Շուշիի ազատագրումից առաջ Մխիթար Ավշառյանին մի կերպ հաջողվում է աձնակազմ հավաքել: Որպես մեխանիկ ընտրում է քաղաքացիական կյանքի ընկերներից մեկին` Քաջիկ Մանգասարյանին (զոհվել է 1994-ի հունվարի 6-ին): Իսկ նշանառուի դիրքում ընտրում է հորաքրոջ թոռանը` 16-ամյա Արմեն Ղուլյանին:

«Մեր դասակը էն ժամանակ Խոջալուի մանկապարտեզում էր տեղակայված,- պատմում է Մ. Ավշառյանը:- Տղաներով հավաքվում ենք, սովորեցնում եմ մի քանի օր: Մի հատ էլ տանկ ենք բերում, շարժիչը չէր աշխատում, յուղ էր վառում, բերում սարքում ենք, ունենում ենք երկու տանկ: Արդեն պիտի գնայինք Շուշիի կռվին, զգում եմ, որ ինձ չեն ուզում ուղարկեն: Ասում են, թե թող մի տանկը իջնի Ասկերանի դարպասները պահի, էնտեղ մի ԴՄՄ (դեսանտի մարտական մեքենա- հեղ.) էլ ունեինք: Պիտի ես դրա հետ իջնեի Ասկերան`«Չորրորդ պոստ», որ թուրքերի գրոհը հետ տայինք: Գալիս եմ Սամվել Կարապետյանի մոտ, ասում եմ. «Ես էլ եմ ուզում Շուշի գամ»,-ասում է. «Ա, դե, կարող է՞ տանում ենք հարսանիք, տանում ենք, որ զոհվեք: Չէ, ասում է, չես գալու»: Ես մի քիչ վատ եմ զգում, ասում եմ. «Օրինակ ինչի՞ չեմ գալու, որն ա պատճառը, խնդրում եմ ինձ էլ ուղարկեք, ես էլ գնամ Շուշի»: «Դե լավ»,- ասում ա: Մի երկու օր գնում, նայում ենք` ով որտեղից պիտի բարձրանա, որտեղից պիտի կրակի: Ինձ խնդիր է տրվում, որ Դաշուշենի մոտով պիտի բարձրանամ Շուշիքենդ, Թոփխանա տեղանքից մեր Ավանեսյան Գառնիկի հետ, որ ՀՄՄ-2-ի վրա էր, պիտի ապահովեինք մայրուղով դեպի Շուշի բարձրացող տղաների ճանապարհը: Մայիսի 7-ի իրիկունը նստած հաց էինք ուտում, մեկ էլ ինձ ասում են, թե «էկիպաժդ» վերցրու գնա քո տեղը: Ժամը 22-ի կողմերն էր: Գալիս ենք հասնում Դաշուշենի տակ, տեխնիկան տաքանում է, կանգնեցնում ենք, որ մի քիչ հովանա: Տանկից դուրս ենք գալիս: Ես մեր նշանառուին ցույց էի տալիս, թե ուր պիտի կրակենք, կամ որտեղից կարող են մեզ վրա կրակել, էդ ժամանակ հանկարծ տանկը կանգնում է, նայում եմ, տեսնեմ` յուղը, ջուրը տանկի տակով գնում է, մատոռը «թափվել» էր: Դաշուշենի տղերքի «պալատկայից» կապ ենք տալիս մերոնց, ասում եմ, որ մատոռը «թափվել ա», մեկ էլ եթե հնարավոր ա, մի տրակտոր ուղակեն, որ մեր տանկի դեմը մի քիչ հող հավաքի, ու մենք էստեղից կխփենք: Տրակտորը չի գալիս, մեկ էլ տեսնում ենք` ջոկատները գալիս են: Մեզ վատ էինք զգում. էդքան ուզում էինք գնայինք Շուշին ազատագրեինք, հիմա էլ տանկը չէր աշխատում, մնացել էինք տեղում կանգնած:

 Հրամանատարական կետը մեզնից վերեւ էր, մենք էլ համարյա դրա տակն էինք, մի քիչ աջ: Էստեղ մի ջոկատ է գալիս: Մի ՈՒԱԶ են բերում կանգնեցնում մեր տանկից մի 50 մետր առաջ: Ասում են. «Դե, տղերք, դուք էստեղ երկար եք մնալու, մեր ավտոն նայեք, մինչեւ քաղաքը վերցնենք, գանք»: Նախանձելի էր, ասում ենք` իրենք գնացին, մենք մնացինք:

Կռիվը սկսվելուց հետո մեր չորրորդ վաշտը կամաց-կամաց բարձրանում է ասֆալտով: Մեր դասակի սկզբից գնում էր Գագայի տանկը, երկրորդը` ՀՄՄ-ն, մեջը Կարապետյանն էր, Մարտիկը… Տեսնում եմ թուրքերը «պուշկեքով» խփում են, հեռավորությունը հաշվում եմ, մինչեւ հիմա հիշում եմ` 2660 մ: Իրավունք եմ հարցնում, ասում եմ. «Թողեք մի հատ կրակեմ», էն ժամանակ իմ հետ կապը Յուրա Պողոսյանն էր պահում: Ասում է. «Չէ, մի խփի», բայց ասում եմ. «Լավ է, է, երեւում, թող մի հատ խփեմ»: Մի հատ կրակում եմ… ուղիղ «պուշկեքի» մեջ: Թուրքերի արկերը հրավառության նման պայթում են: Հետո էդտեղ մի տանկ ա գալիս: Ինքը վերեւն է, մենք ներքեւը, սկսում է մեզ վրա կրակել: Քաջիկին ասում եմ. «Դուրս եկ տանկից, էն մեծ քարի հետեւը թաքնված կաց, մեզ որ խփեն, գոնե կգաս կօգնես», ասում է. «Չէ, ես էստեղ եմ նստում»: Տեսնում եմ, որ խոսքը չի անցնում, մի երկու «լավ» բան եմ ասում: Չնայած ինքն ինձնից մեծ էր, բայց հրամանատարը մնում է հրամանատար: Ես նստում եմ նշանառու: Արդեն ձեռքով ենք ամեն ինչ անում: Դե թուրքի տանկն էլ 8 վայրկյանը մեկ ավտոմատ լիցքավորվում ու կրակում էր: Մեկ էլ Արմենն ասում ա. «Մխո, էն հինչ կարմիր պյան ա կյամ», ասում եմ. «Վախիլ մի, կումուլյատիվնի սնարյադն ա կյամ»: Արկը ընկնում ա տանկի առաջը: Թուրքի տանկը մոտ 27-29 անգամ կրակում է, բայց մեր տանկին մի հատ չի կպնում: Էդ ընթացքում մի կերպ 8 հատ էլ ես եմ հասցնում կրակեմ: Էդ ժամանակ մեր վաշտի տղերքն արդեն գալիս հասնում են վերեւ: Էնտեղ թուրքերի մի տանկ է դուրս գալիս: Գագայի «էկիպաժը» խփում է տանկի վրա, բեկորային արկը կպնում է տանկին: Գագայի հետ առանձին կապ ունեի: Ասում եմ. «Եշի տես, եթե յիրան տռոսներ կա, շուտ մի մաշինավ ղարկի Դաշուշեն, տանկս բուկսիր տամ, տանինք, լի, ստեղ թողեմ վուչ, ես էլ տեսնամ հինչյավ եմ կյամ ըտեղ»: Նստում եմ մեր դիմացի ՈՒԱԶ-ը, տեսնում եմ` լրիվ ծակծկված: Էստեղ հասկանում եմ, թե թուրքի տանկը խի չի կարողացել մեզ խոցի: Հեռավորությունը հաշվելուց անդրադարձը գալիս է ՈՒԱԶ-ի հայելուց, ու ինքն էլ ինչքան խփում է, արկը գալիս անց է կենում ՈՒԱԶ-ի վրայով ընկնում տանկի ու ավտոյի արանքը: Էնքան մեծ փոս էր բացել, որ հետո տանկը չկարողացանք էդտեղով տանել: ՈՒԱԶ-ով բարձրանում եմ դեպի Շուշի:

«Մազի կամուրջի» մոտ տեսնում եմ` մեր ՀՄՄ-ն կանգնած: Մեխանիկին` Յախային, ասում եմ. «Հինչ ա՞ իլալ», ինքն էլ Կրկժանից պիտի խփեր, ասում ա. «Ալիկը վատ ա, «ուգարը» շատ ա իլալ, նավոդչիկ չունիմ»: ՈՒԱԶ-ը թողնում եմ էդտեղ, ռազմամթերքը բեռնում, որպես նշանառու ՀՄՄ-ի վրա բարձրանում Շուշի: Գալիս հասնում ենք ավտոբազայի մոտ, տեսնում եմ, որ Կարապետյանի ՈՒԱԶ-ով մարդ են իջեցնում, Միշիկն էր ղեկին, Գագային էր վիրավորված իջեցնում: Հարցնում եմ իրենց` ինչ ա, ոնց ա, ասում են. «Արխային կաց, Գագան լյավ ա, տղորցան մինը տանկին տյուսումը պառկած, մինն էլ, դե, մաչին ա, գյուդում չենք, տեսնանք` կարում ենք տյուս օնինք»: Բայց հետո թուրքական ուղղաթիռ ու ինքնաթիռ են անց կենում էդ սարերով, ու էդ օրը տղերքն էդպես մնում են: Առավոտը լուսանալով որ գալիս ենք, տեսնում ենք` Աշոտն ա էնտեղ, Շահենը` ընդհանրապես տանկի մեջ վառված, աշտարակը գցած: Հետո մեր դասակի հետ բարձրանում, մտնում եմ Շուշի: Ժորա Գասպարյանը` «Գրադ» Ժորան, «պուշկայի» մոտ ինձ ասում ա. «Քեզ ազգի դավաճան ենք տալու, որ խփել ես «պուշկան» վնասել»: Իմ կրակելուց որ թուրքերի «պուշկաներն» ու արկերը պայթել էին, ահագին զոհեր էին եղել…»:

Մխիթար Ավշառյանն այսօրվա պես հիշում է, թե Շուշի մտնելուց հետո առաջինն ինչ է արել. «Լյափ լավ եմ հիշում: Առաջինը տանկի մոտ թուրքի հետ ենք զրուցել: Ոտքերից վիրավոր էր, ասում էր. «Յա զա վաս բուդու վոեվատ, զա վաս բուդու վոեվատ», բայց դե ո՞վ ա թողնում որ… Ժամը 11-ին մի լավ նախաճաշել ենք: Հետո քաղաքով ման էինք գալիս: Իրիկունը մտել ենք եկեղեցի: Արկերով լիքն էր: Զենքերը հանել, դրել ենք աստիճանների վրա, մտել, շուտ դուրս ենք եկել»:

Ի վերջո ի՞նչ էր Շուշիի ազատագրումը իր` զինվորի ու ղարաբաղցու համար: Այս հարցին ի պատասխան` գնդապետ Ավշառյանն ասում է, որ այն ժամանակ իրենք իրենց որպես զինծառայողներ դեռ չէին ընկալում: Բայց այլ էր ղարաբաղցու, ավելի ճիշտ` ստեփանակերտցու հոգեվիճակը: «Ստեփանակերտցի ամեն մի տղայի պարտք է եղել մեր քաղաքը ռմբակոծումից ազատելը,- ասում է Մ. Ավշառյանը,- հիշում եմ, որ առաջին աշխատավարձը երբ բերին, որ մեզ տան, ասինք. «Էս հինչ ե՞ք անում, խի մունք դրա հետի ե՞նք ծառայում»: Էսպես է եղել: Ամեն մեկն էլ ուզել է գնալ ու մասնակցել Շուշիի կռվին: Դա էտալոնի նման բան է եղել: Իհարկե, եղել են ահագին կռիվներով անցած լավ տղաներ, որոնք Շուշիի ազատագրմանը չեն մասնակցել, բայց հարցը դա չէ: Ուղղակի մեր` ստեփանակերտցիների մեջ կար էդ բանը` էդ թուրքի ձենը էնտեղից կտրել: Դա մեր քաղաքն է, իրանցը չէ: Հետո կնանիք, աղջկերք հարցնում են, թե` ձեզ ի՞նչն է ստիպել, որ պատերազմի էս հատվածը տարել եք, քիչ եք եղել, զենք քիչ է եղել: Ես միշտ հանաքով մի բան եմ ասում` մենք ձեզանից ամաչել ենք, դրա համար էլ հաղթել ենք: Կռիվը տանուլ տված ո՞նց պիտի նայեինք երեխեքին: Ես էլ չորս երեխա ունեի, բոլորը` նկուղում, մի պահ Չանախչիում էին, մայիսի 2-ին բոլորին բերել եմ տուն, պապաս ասում է. «Ինչի հե՞տի ես բերալ խոխոցը», ասում եմ. «Գիդվյալ չի, մեզնը հետ հինչ կկատարվի, թող մեր խոխեքը գիդան»: Էդպես ենք մտածել, կինս էլ էդպես է մտածել` ինչ ուզում է լինի, թող ես կողքին լինեմ, խոխեքը կողքին լինեն: Ո՞վ է մտածել, թե ով է կենդանի գալու, ով` վիրավոր, ով` զոհված: Էն ժամանակ ուղղակի մի տեսակ ատելություն է եղել, որը մի տեղից պիտի դուրս գար: Պարկի բերանը արդեն համարյա կապված է եղել: Էլ տեղ չունես` կամ պիտի պայթես, կամ պիտի հանձնվես… Ու Շուշիի կռվում ամենադժվարը մեր` չորրորդ վաշտի կենտրոնական ուղղությունն էր: Էն ժամանակ տեխնիկայի մեծ ուժը Սամվել Կարապետյանի դասակում էր, ինքն էլ կանգնել ասել էր` ճանապարհով մենք ենք բարձրանալու: Երբ գիտես, որ ժամանակին դու ես էդ ճանապարհով բարձրացել, հիմա ամեն գնալուց քեզ լավ ես, էլի, զգում»:

 Իր մարտական կենսագրության մեջ Մ. Ավշառյանը դժվարանում է այնպիսի դեպք հիշել, երբ օրհասական թվացող իրավիճակում ինքը հուսալքվել է, թեւափաթ եղել: Փոխարենը, ասում է, որ պահեր են եղել, երբ ուրախությունից լաց է եղել: «Ասկերանի ՊՇ-ում ծառայելուս ժամանակ մի խնդիր եղավ` հավաքել 16-18 տարեկան տղաների ու տանկային վաշտ ստեղծել: Տղաներին հավաքեցինք, երկու ամիս հետները պարապեցինք, օդանավակայանում երդման արարողություն անցկացրինք: Փաստորեն, դա մեր «երիտասարդական» վաշտն էր: Մի անգամ Աղդամում դասերի էինք, առավոտյան թուրքերը մոտ 20 միավոր տեխնիկայով հարձակվեցին: Շիրվանլի, Ղարաղաշլի գյուղերի մոտով ուղիղ Աղդամի վրա էին գալիս: Էդ ժամանակ մեր տանկերից մեկը Շիրվանլիում էր, մեկն էլ Քենգեռլիում`«Ճարի պոստ»-ում: Էստեղ Ջհանգիրյան Մարտիկն էր իր տղաներով, էն կողմն էլ` Ավանեսյան Վարդանը: Ու ամեն մեկը երեք տանկ խփեց: Մի չորս տանկ էլ ականի վրա պայթեցին, մնացածն էլ հետ գնացին: Դասերից շտապեցինք էդտեղ: Խնդիր էր տրված կրակել դիմացը գտնվող ցանկացած զրահատեխնիկայի վրա, կապ չուներ` խփված կլինի, թե գործող: Մարտը, որ վերջացավ, ՊՇ-ի հրամանատար Վիտալի Բալասանյանը կապվեց հետս: Հիմա խոսում եմ, բայց լացս գալիս է, հուզված եմ, ասում է. «Զոհ ե՞ս տվալ», ասում եմ` չէ, «Հինչ որ մարդու հետ պյան ա՞ պատահալ», ասում եմ` չէ, «Բա խի՞ ես տի խոսում», ասում եմ.«Էս վաշտը իրա մարտական մկրտությունն անցել ա, արդեն կարող ա կռվի գնա»: Մինչեւ դա մենք սովորեցնում էինք Սովետի ժամանակ Տ-55-ի, Տ-62-ի վրա տանկիստ ծառայած տղերքին, իսկ էդ երիտասարդ տղաներին զրոյից ենք ամեն ինչ սովորեցրել»,- հպարտությամբ հիշում է տանկային գումարտակի նախկին հրամանատարը:

Օմարից մինչեւ Հորադիզ անցած ազատամարտիկը վստահ է, որ ներկայիս սերունդը իր սերնդից ավելի լավն է: Դրան նա ունի հետեւյալ բացատրությունը. «Ամեն ժամանակ էլ ունի իր հերոսները, ու ես կարող եմ ասել, որ էդ երեխաները, մեզնից ծնվելով, մեզնից ավելի ուժեղ, ավելի լավն են լինելու: Մեր ժամանակ 70 տարի եկեղեցի չի եղել, ո՞վ է իմացել` ինչ է հայրենիքը. միայն Շարժման մեջ մտած մարդիկ: Իսկ մյուսները երբ տեսել են, որ կռիվ է գնում, ասել են` մենք էլ պիտի գնանք: Բայց հիմա մեր երեխաներին էդ ամեն ինչը` հայրենասիրություն, ոգի, մնացածը, մենք սերմանում ենք: Բայց չնայած դրան` կուզեմ, որ էդ ամեն ինչը ավելի ուժեղանա: Մեր հակառակորդի ագիտացիան այս առումով բավականին ուժեղ է: Մենք պիտի երեխաներին սերմանենք, որ թուրքը մեր դարավոր թշնամին է, նրա հետ ընկերություն, բարեկամություն, եղբայրություն չկա: Մի մետր հող էլ չպիտի տրվի: Որ վաղը էն երեխան, ում հայրը զոհվել է, օրինակ, Ֆիզուլիում, Ջաբրայիլում, չգա ասի. «Քեռի, բա պապաս էնտեղ զոհվել ա, որ, օրինակ, էդ հողը պետք չի եղել, խի՞ ա դրա համար զոհվել…»:

Ըստ հայ սպայի` մեր պատասխանը վերջին ժամանակներս հակառակորդի ուժգնացող հոխորտանքներին մեկն է. «Այսօրվա դրությամբ մենք բոլոր պարապմունքներով մեր զինվորին հասցնում ենք այն վիճակի, որ նա կարողանա հակառակորդին խոցել: Դիրքում կանգնած զինվորին հարցնում են. «Ինչի՞ ես պատրաստ»: Ասում է. «Պատրաստ եմ հայրենիքի համար զոհվել»: Բայց ոչ. մեր զինվորը պիտի պատրաստ լինի նրան, որ հակառակորդի զինվորն իր հայրենիքի համար զոհվի: Այսօր ամեն ինչ կատարվում է, որ հակառակորդին արժանի պատասխան տանք հարկ եղած դեպքում, ու բանը միայն դա չէ: Չմոռանանք, որ դեռ իրենց ձեռքին հողեր ունենք… Քանի՞ անգամ է եղել` ասել ենք, որ էլ չենք կռվում, բայց իրենք վերսկսել են ու մի երկու շրջան էլ են հանձնել: Հիմա էլ կսկսեն` մի քանի շրջան էլ կհանձնեն…»:

Մայիսի 9-ի եռատոնի առթիվ գնդապետ Մ. Ավշառյանը նախ շնորհավորում է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, նրանց մաղթում առողջություն. «Ճիշտ է, որքան գնում, այնքան նվազում են նրանք, բայց էլի երջանկություն է, որ հիմա դեռ մեր կողքին կան պատերազմի վետերաններ, ու նրանք ուշադրության կենտրոնում են եղել միշտ: Նրանց կարելի է միայն քաջ առողջություն ցանկանալ: Եվ փառք Հայրենական մեծ պատերազմում զոհված մարտիկներին: Շուշիի համար կցանկանամ, որ հայոց բերդաքաղաքն էլ կյանքում չլինի ադրբեջանական, ծաղկի, գեղեցկանա, քանդված տուն չլինի քաղաքում, միայն ու միայն լավ հուշեր մնան Շուշիից: Մեր զինծառայողներին էլ շնորհավորում եմ Պաշտպանության բանակի օրվա առիթով` Գերագույն գլխավոր հրամանատարից, ՊԲ հրամանատարից մինչեւ խրամատում կանգնած զինվորին, ցանկանում առողջություն, ուժ ու բազկի ամրություն»:

Մխիթար Էդուարդի Ավշառյանը ծնվել է 1965 թ. փետրվարի 21-ին Ստեփանակերտում: 1983-85 թթ. ծառայել է Գերմանիայում տեղակայված ԽՍՀՄ զորախմբում` տանկային դասակի հրամանատար: 1985-91 թթ. աշխատել է Ստեփանակերտի երկաթգծի կայարանում` բեռնափոխադրման բաժնի պետ: 1991-92-ին կամավորական ջոկատի, ապա ԼՂՀ ԻՊՈՒ 4-րդ վաշտի (վերջինս 1992-ի օգոստոսից ընդգրկվել է նոր ձեւավորված Կենտրոնական պաշտպանական շրջանի կազմում) կազմում մասնակցել է ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերի: 1992-95-ին` զրահաջոկատի, ապա Ասկերանի ՊՇ-ի տանկային գումարտակի հրամանատար:

ԼՂՀ Ինքնապաշտպանության կոմիտեի նախագահի հրամանով 1992-ի դեկտեմբերին ԻՊՈՒ 4-րդ վաշտի եւ զրահաջոկատի հիմքի վրա ստեղծված տանկային գումարտակը (Ասկերանի ՊՇ-ի ստորաբաժանում) Մխիթար Ավշառյանի հրամանատարությամբ 1992-94 թթ.-ին մասնակցել է Ասկերանի (Սառնաղբյուր, Արանզամին, Փրջամալ, Նախիջեւանիկ, Դահրավ, Քյաթուկ, Քարագլուխ, Փառուխ, Արավուս, Սարդարաշեն, Խրամորթ, Խանաբադ), Մարտակերտի (Կուսապատ, Ներքին Հոռաթաղ, Մեհմանա, Դրմբոն, Չլդրան, Ղազանչի, Կիչան, Օրթափայա, Բաշ Գյունեփայա, Սրխավենդ, Ջանյաթաղ, Հաթերք, Ումուդլու, Զագլիկ, Չափար, Գետավան), Քելբաջարի (Քելբաջար, Յանշաղ, Օմարի լեռնանցք, Բաղրսաղ, Չիչագլի), Լաչինի (Ֆինգա, Կրխկըզ), Աղդամի (Աղդամ, Ղարվենդ, Սումա, Գյուլիջա, Բոյահմեդլի, Փափրավենդ, Ղըզլ Քենգեռլի, Շիրվանլի, Ղարաղաշլի, Աֆաթլի), Ֆիզուլիի (Ֆիզուլի, Աշաղը Սեիդահմեդլի, Հորադիզ) շրջաների ինքնապաշտպանական եւ ազատագրական մարտերին (գումարտակից զոհվել է 33 տանկիստ-ազատամարտիկ):

1995-97-ին եղել է ԼՂՀ ՊԲ Ն զորամասի սպառազինության գծով փոխհրամանատար, 1997-99-ին` Ն միավորման զրահատանկային ծառայության պետ, 1999-2005-ին` տանկային զորամասի հրամանատար, 2005-06-ին սովորել է Մոսկվայի ռազմական ակադեմիայում, 2006-08-ին եղել է Ն միավորման հրամանատարի առաջնային գծով տեղակալ, 2008-ից` նույն միավորման շտաբի պետ:

Պարգեւատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին եւ 2-րդ աստիճանի շքանշաններով, «Շուշիի ազատագրման համար, «Անդրանիկ Օզանյան», «Ծովակալ Իսակով» մեդալներով, «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով: Ամուսնացած է ունի 2 որդի, 3 դուստր:

Հոդվածն առաջին անգամ տպագրվել է «Հետք» շաբաթաթերթի 2010 թվականի մայիսի 6-ի համարում: 

Մեկնաբանություններ (1)

Վարդան Հակոբյան
Հպարտ եմ, որ իմ ծառայության մեծ մասը անց եմ կացրել հերոս եղբայրների հետ` Արցախում: Անձամբ ծանոթ եմ եղել Ռոմանի, Սլավիկի և Մխիթարի հետ ու լավագույն հիշողություններ ունեմ նրանցից: Մեր երիտասարդությանը ցանկանում եմ հավասարվել հերոսներին, օրինակ վերցնել և նմանվել նրանց: Շնորհակալ եմ հոդվածի հեղինակին, որ չի մոռացել նրանց...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter