HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորը 22-օրյա հացադուլից հետո ջրադուլ է սկսել

Կալանավոր Վահե Մելոյանը «Արմավիր» ՔԿՀ-ում 22 օր հացադուլի մեջ գտնվելուց հետո երեկ սկսել է ջրադուլը։

Մայրը՝ Վերա Մաթևոսյանը, պնդում է, որ որդին այդ քայլին է դիմել իր ձայնը բարձրացնելու համար։ Ըստ նրա՝  մեղադրանքը եղել է մեկ ցուցմունքի հիման վրա, որը փոխվել է․ «Որդուս ծանոթը՝ Վահեի դեմ ցուցմունք է տվել, նշել, որ Վահեն էլ է եղել իրենց հետ և ինչ-որ տուն են մտել։ Հետագայում ցուցմունքը փոխել է, ասել է, որ Վահեից վրեժ է ուզել լուծի, Վահեն իրենց հետ չի եղել, դրա համար է անունը տվել, սակայն գործը Վահեի մասով չի փակվել»,- ասում է տիկին Վերան՝ հավելելով, որ գործի նյութերում որդու դեմ որևէ ցուցմունք չկա։

Վահե Մելոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 175 հոդվածի 1,2,3,4 կետերով՝ ավազակությունը՝ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով հարձակումը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով։

Վահե Մելոյանը 32 տարեկան է, Սպիտակից է, 1988-ի երկրաշարժի ընթացքում մնացել է փլատակների տակ, ինչի հետևանքով ստացել է վնասվածքներ, մայրն ասում է, որ նրա մոտ հաճախ ագրեսիվ վարքագիծ է դրսևորվում, ունի սրտային անբավարարվածություն՝ սրտի հետին պատի ոչ բավարար սնուցում։ Վահեն ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից։

Վերա Մաթևոսյանին փաստաբան Գևորգ Ստեփանյանը ասել է, որ Վահեն դատաբժշկական զննության է ենթարկվել, պարզվել է, որ առողջ է։

«Ո՞նց կարող է տղես առողջ լինել, եթե ազատվել է բանակից, հիմա եկել, ասում են առողջ է։ Ոտքերը, ձեռքերը ուռում են, չի կարողանում 3 աստիճան բարձրանալ, 97 կգ տղես 67 կգ է դառել, ներվային է, նրա հետ պետք է շատ հանգիստ խոսել», - ասում է մայրը։

Ծնողները և կինը Վահեին չեն տեսել արդեն 9 ամիս, վերջինս կալանավորել է 2019-ի հունվարի 16-ին, քննիչը տեսակցությունների վրա արգելք է դրել։ Վահեի կինը՝ Նվարդ Մելոյանի ասում է, որ սա Վահեի 2-րդ հացադուլն է, առաջին անգամ հացադուլի մեջ է եղել 50 օր, հետո տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, այնտեղ մնացել է 2 ամիս։ Գործով նախորդ նիստին Վահեն չի ներկայացել, չի ներկայացել նաև նրա փաստաբանը, և խափանման միջոցը փոխելու հարցը չի քննարկվել։

«Գոնե որ կարողանայի տեսնել, կհամոզեի, որ դադարեցներ հացադուլը, ջրադուլ չաներ, գոնե մի փոքր կհանգստանար»,- մեզ հետ զրույցում նշում է Վահե Մելոյանի մայրը։

Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը «Հետքի» հետ զրույցում հաստատեց տեղեկատվությունը, նշեց, որ Վահե Մելոյանը սեպտեմբերի 2-ից գտնվում է հացադուլի մեջ, նա հրաժարվել է սննդից։ Պետական մարմինների կողմից որևէ այց չի եղել։ Վահե Մելոյանը միայնակ պահվում է հացադուլավորների համար նախատեսված խցում։

Լուսանկարը՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter