
Հայաստանում 44 հա սոճի է չորանում
«Մեր սոճիները չորանում են, և ոչ մեկ չգիտի` թե ինչու»,- ասում է Ստեփանավանի անտառտնտեսության աշխատակիցը և ցույց տալիս Գյուլագարակի դենդրոպարկի շրջակա տարածքներում կիսադեղնած և չորացած սոճիները:
Ստեփանավանի անտառտնտեսությունում չորացած սոճիներ շատ կան: Սակայն, պարզվում է, որ սոճիների չորացումը համատարած բնույթ է կրում և տարածվել է նաև այլ մարզերում:
Արագածոտնի անտառտնտեսության ղեկավար Վռամ Աբրահամյանը նույնպես անհանգստացած է: Իրենց մոտ ևս նկատվել է սոճիների չորացման միտում, և այն լայնորեն սկսել է տարածվել: Վռամ Աբրահամյանը նկատել է, որ սոճիները սկսում են չորանալ վերևից: Այնուհետև տարածվում ներքև:
Մեր հարցին, թե ինչ միջոցներ են ձեռնարկում այդ չորացումը կանխելու համար, Վռամ Աբրահամյանը պատասխանում է. «Կնքել ենք, որ կտրենք»:
Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Սահակյանին գրավոր հարցմամբ խնդրեցինք տրամադրել չորացած սոճիների վերաբերյալ տվյալները:
Պարզվում է, որ սոճիների չորացումն ավելի մեծ չափերի հենց վերոնշյալ երկու անտառտնտեսություններում է արձանագրվել` Ստեփանավանի և Արագածոտնի երկուական անտառապետություններում, համապատասխանաբար` 10 և 12 հա-ի չափով: Իսկ ընդհանուր առմամբ` 44 hա չորացող ու չորացած սոճի է գրանցվել Հայաստանում` առավելապես Լոռու, Արագածոտնի և Տավուշի մարզերում:
2019թ. չորացող կամ չորացած սոճուտների նկարագիրը` ըստ մարզերի
Անտառային կոմիտեի տրամադրած տվյալներն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ չորացումը գալիս է Հայաստանի հյուսիսից` Լոռու և Տավուշի մարզից և տարածվում դեպի հարավ: Այս պահի դրությամբ հարավային մարզերից միայն Սիսիանի անտառտնտեսությունում է չորացում արձանագրվել:
Ամբողջությամբ չորացել են Ճամբարակի անտառտնտեսության Կարմիրի անտառպետության սոճիները: Մնացյալ ծառուտների չորացումը հիմնականում 50-70 % է:
Անտառային կոմիտեին հարցրել էինք՝ պարզել են իրենց մասնագետներն, արդյոք, սոճիների չորացման պատճառները, երբվանից է նկատվել սոճիների չորացումը, որքան ծավալի չորացում է արձանագրվել յուրաքանչյուր անտառտնտեսությունում, ինչ միջոցառումներ են ձեռնարկվել ու ինչ արդյունքներ գրանցել:
Սամվել Սահակյանը, մեր գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնել է, որ Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերի անտառածածկ տարածքներում սոճու առանձին ծառերի չորացման ահազանգը ստացվել է 2018թ. աշնանը` Հրազդանի անտառտնտեսության մասնաճյուղի Մեղրաձորի անտառպետությունից:
Սոճիների չորացման պատճառները պարզելու նպատակով համապատասխան մասնագետների մասնակցությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որը մեկնել է տվյալ տարածք ուսումնասիրություններ և նմուշառումներ կատարելու համար:
«Համեմատական տվյալներ ունենալու համար կա անհրաժեշտություն ուսումնասիրելու դեռևս չչորացած կենսունակ ծառերը նույն տարածքներում»,- հայտնել է Ս. Սահակյանը:
Բացի դրանից, Անտառային կոմիտեի ղեկավարը հայտնել է, որ սոճիների չորացման պատճառները պարզելու նպատակով 2018թ. աշնանը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի, Եղեգնուտի, Արծվաբերդի, Նոյեմբերյանի, Տաշիրի, Ճամբարակի, Արագածոտնի և Լալվարի անտառտնտեսության մասնաճյուղերի տարածքներից չորացած և չորացման գնացող սոճիներից վերցված նմուշներն ուղարկվել են Բուսասանիտարական հետազոտությունների լաբորատորիա` փորձաքննության:
«Հիվանդությունների և վնասատուների (ըստ փորձաքննության արդյունքների) տարածումը, զարգացումը կանխարգելելու նպատակով նշված անտառամասերից նախատեսվում է հեռացնել չորացած, ցցաչոր ծառերը և տարածքները մաքրել ջախ-ճյուղիկներից: Նոյեմբերյանի, Ճամբարակի, Հրազդանի, Արագածոտնի անտառտնտեսությունների անտառային տարածքներում հատկացվել են սանիտարական հատման հատատեղեր: Հատման միջոցառումների համար ընտրվել են նշված տարածքներում առկա չորացած, ցցաչոր սոճիները` հիվանդությունների և վնասատուների հետագա տարածումը կանխելու նպատակով»,- հայտնել է Անտառային կոմիտեի ժամանակավոր պաշտոնակատարը:
Անտառային կոմիտեի պատասխանից այդպես էլ պարզ չէ, թե ինչն է չորացման պատճառը: Պատասխանում ակնարկվում է հիվանդությունների և վնասատուների մասին, սակայն որևէ հստակեցում, թե ինչ հիվանդություն է կամ ինչ վնասատուներ են, չկա:
Ամեն դեպքում, արդեն 1 տարի է՝ կոմիտեն ստացել է սոճիների չորացման ահազանգը, սակայն առայժմ միայն դրանք կտրելով է փորձում մեկուսացնել:
Լուսանկարը` Սարո Բաղդասարյանի, Արագածոտնի չորացած սոճիներից
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել