HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շամուտում խոզերը սատկում են. հիվանդ խոզերը լաբորատոր ուսումնասիրության չեն ենթարկվում 

«Էս պահին էլ Շամուտում խոզերի ժանտախտ կա: Գնացեք վերի թաղը, դպրոցի մոտ հարցրեք Օլյան ո՞վ է, մի սուրու խոզ ջարդվեց Օլյայից: Սաղ հորել է, թազա խոզեր առել»,- գյուղամիջում հայտնեց խոտ տեղափոխող բեռնատարի վարորդ Մարտուն Վանյանը: 

298 բնակիչ ունեցող Շամուտն անասնապահական գյուղ է, 618 գլուխ խոշոր եղջերավոր, 331 ոչխար, 68 խոզ է գրանցված գույքագրման գրքում:

Օլյա (Սերիկ) Կիրակոսյանը պատմեց, որ 2007թ.-ից ի վեր Շամուտում խոզերի ժանտախտ հիվանդություն կա, ինքը խոզերին փակի տակ է պահել՝ գոմն ախտահանել է, խոզերին սխտոր է տվել, պենիցիլին սրսկել: «Բայց մեկ է` խոզերս սատկել են»,- ասաց Օլյան:

Անասնաբույժ Մովսես Սարգսյանը մեզ հետ զրույցում ո´չ հերքեց, ո´չ էլ հաստատեց Շամուտում խոզերի ժանտախտի փաստը: «Ես ո՞վ եմ, որ հերքեմ կամ չհերքեմ խոզի ժանտախտ հիվանդությունը: Եթե գյուղացու խոզը սատկել է, նախ ես պետք է գնամ, տեսնեմ: Եթե բացեցի կենդանու որովայնը, խելքս չհասավ դրա լուծումը, ես մարդկանց ասում եմ` տարեք լաբորատորիա: Ես ոչ միայն Օլյային, նման դեպքում բոլոր խոզատերերին առաջարկել եմ դա»,- ասաց անասնաբույժը:

44-ամյա Օլյա Կիրակոսյանի ամուսնուն տարիներ առաջ դաշտում խոտ հավաքելիս կայծակը խփել է: Օլյան իր ուժերով 16 կով և 10 ոչխար է գնել: Տնտեսությունը նա միայնակ է ստեղծել, միայնակ էլ պահում է: Օլյայի խոսքով` մայիս ամսից ի վեր ժանտախտից սատկել են իր 50 խոզերը: Այս տարվա մարտին խոզ գնելու համար Օլյան «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկից 3 մլն դրամ վարկ է վերցրել: Վարկով նա հարևան Աթան գյուղից երկու մերուն, 5 գոճի, 2 բուրվակ է գնել: 

Քանի որ գյուղում այս պահին ժանտախտի վարակ կա, Օլյան իր 7 խոզերը գոմում փակած է պահում: Իր խոզերի հիվանդության պահին և սատկելուց հետո նա տեղյակ է պահել գյուղի անասնաբույժ Մովսես Սարգսյանին: Վերջինս եկել, ջերմաչափ է դրել: Հետո Օլյայի սատկած խոզերից մեկի փորը բացել, ասել է` ախտահարված է, ժանտախտի նշաններ է տեսնում: Դրանից 3 օր հետո, Օլյայի ասելով, իր երեք մեծ խոզերը սատկել են:

«Մի քանի օրվա մեջ ինձանից 40 խոզ է սատկել: Որ խոզը սատկել է, փոս եմ փորել սատկած խոզերի համար: Ես վարչական ղեկավար Բաղիշ Վանյանին փոխհատուցման հարցով դիմել եմ, ասավ` հիմա վնասի փոխհատուցում չկա»,- ասաց Օլյան:

Շամուտի վարչական ղեկավար Բաղիշ Վանյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Օլյան, իսկապես, իր սատկած խոզերի համար փոխհատուցում ստանալու նպատակով դիմել է իրեն: Մեզ հետ զրուցելիս Օլյան պնդեց, որ Մովսես Սարգսյանը իր խոզերի հիվանդությունը չումա (ժանտախտ) է ախտորոշել: Իր հիվանդ խոզերին բուժելու համար Օլյան Վանաձորից ժանտախտի  դեղեր է բերել և ինքն էլ սրսկել: Նրա խոսքով` իր խոզերից բացի՝ ժանտախտից սատկել են Շամուտի նախկին գյուղապետ Սուրիկ Նալբանդյանի մերունը, Յուրիկ Վանեսյանի, Սամվել Վերմիշյանի, Դավիթ Վանյանի և էլի ուրիշների խոզերը: Օլյայի ասելով` պետությունը հիմա միայն  ժանտախտի դեմ է պատվաստում խոզերին: Խոտհունձը ավարտելուց հետո Օլյան որոշել է իր խոզերը Շամուտի Գոմահանդ սարը տանել, ասում է` Գոմահանդում ժանտախտի վարակ չկա, խոզերն ավելի ապահով են:

Գյուղի վարչական ղեկավար Բաղիշ Վանյանի ասելով` 2007-ին Շամուտում ժանտախտի մեծ համաճարակ է բռնկվել: «Մեզ ասացին, որ առնվազն 5 տարի մեր գյուղում պետք է խոզ չպահել: Բայց մեր գյուղացիները չդիմացան, մի քանի ամիս հետո սկսեցին խոզ պահել: Հիմա գյուղում ժողովրդի աչքը վախած է, խուկի հիվանդությանն էլ ժանտախտ են ասում: Բայց չեմ բացառում, Շամուտում խոզերի  ժանտախտ հիվանդության փաստը, քանի որ մեր գյուղում 2007թ. խոզերի ժանտախտի բռնկումից հետո, բացի խոզերի պատվաստումը, ժանտախտի վիրուսը վերացնելու այլ միջոցառում չի իրականացվել»,- ասաց վարչական ղեկավարը: Վերջինս նույնպես նշեց, որ իր տեղեկություններով` սատկել է նաև Շամուտի նախկին գյուղապետ Սուրիկ Նալբանդյանի մերունը, տեղյակ էր նաև Լորուտում  ժանտախտից սատկած խոզերի մասին լուրերից:

Անասնաբույժ Մովսես Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ գարնանը գույքագրման գրքում Շամուտում 100 խոզ է գրանցված եղել: Թումանյանի համայնքապետարանից մեզ հայտնել են, որ սեպտեմբերի 19-ի դրությամբ Շամուտում հաշվառված է 68 գլուխ խոզ: Մովսես Սարգսյանի ասելով` կառավարությունը ժանտախտի դեմ խոզերի պատվաստման պատվաստանյութը տալիս է  համայնքապետարանում գրանցված խոզերի քանակով: Այս տարի խոզերի թվին համապատասխան պատվաստանյութ է տրվել անասնաբույժին:

«Ինչքան խոզ կա, ես պատվաստանյութը բացում եմ և պատվաստում: Բայց մարդիկ կան, որ չեն ուզում իրենց անասունին պատվաստել, ահաբեկված են, ասում են` կերի ու վակցինայի հետ վարակ են տարածում, մարդիկ են էլի, նրանց էլ չի մեղադրելու»,- ասաց Մովսես Սարգսյանը:

Մովսես Սարգսյանն  ասաց, որ Օլյայի խոզերը ժանտախտի դեմ չեն պատվաստվել:

«Ես բացել եմ պատվաստանյութը, գնացել եմ Օլյայի խոզերին պատվաստելու, Օլյան, որպեսզի ժամանակ չկորցնի, երկու պատվաստանյութը՝ ժանտախտը և կարմրախտը միանգամից սրսկելու դեղ կա, բուկետ են ասում, Վանաձորի դեղատներից մեկից առել և ինքն իր խոզերին պատվաստել է»,- ասաց Մովսես Սարգսյանը:

Անասնաբույժի ասելով՝ Օլյային բացատրել է, որ նրա խոզերն այնպես չեն պահվում և այն կենսավիճակում չեն, որ միանգամից՝ ժանտախտ և կարմրախտ ծանր հիվանդությունների պատվաստմանը դիմանան: Այդպես կովերն արհեստական հիվանդանում են:

Մովսես Սարգսյանը չգիտի Շամուտում այս տարի սատկած խոզերի քանակը, քանի որ հիվանդ անասունների մասին ոչ բոլոր գյուղացիներն են նրան տեղեկացնում: Անասնաբույժի ասելով` խոզի հիվանդանալուց հետո գյուղացիները հոգեվարքի մեջ գտնվող խոզերին մորթում և տանում են Վանաձորի շուկայում կամ շենքերի բակերում ու ճանապարհի եզրերին վաճառում: Մովսեսը չի հավատում Օլյայի 50 սատկած խոզի պատմությանը:

«Օլյան աշխատասեր կին է, բայց էդ ամենը ճիշտ չի ասում»,- պնդեց  նա:

Վստահեցնելու համար Մովսեսն իմ ներկայությամբ զանգահարեց Օլյային և իր հեռախոսի բարձրախոսը միացրեց:

-Օլյա ջան, բարձրախոս եմ տալիս, մարդիկ կան, հիմա լսում են քեզ,- ասաց նա: 

- Հա, թող լսեն,- պատասխանեց Օլյան: 

- Օլյա ջան, քեզանից 50 խոզ ե՞րբ է սատկել:

-Գարնանը: 

- Գարնանը դու ինչքա՞ն խոզ ես ունեցել:

- Երկու հատ ծանրած մերուն, 16 հատ էլ խոզ է եղել: 

-Ազիզ, դու էդքան գրած խոզեր չունես, է՜:

- Մոսո, լսի ինչ եմ ասում: Էդ պահին իմ մերունին ծնել են: Ճիշտ ա՞:

- Բայց լսի, դու գիտե՞ս ինչքան խոզ ես հաշվառել, 10 հատ խոզ ես հաշվառել, որից մի հատ` մայր: 

- Լսի ինչ եմ ասում:  էդ 10 հատը, որ հաշվառել եք, էն ժամանակ ծախել եմ, երկու հատ մերուն եմ վերցրել: Դրանք երկու հատն էլ ծնել են ձեր հաշվառումից հետո, արդեն մայիսին մեծ խոզեր են եղել: Դրանք 4 ամսական 16 հատ խոզեր են եղել: Երկու հատ էլ մերուն է եղել: Էսքանը լրիվ սատկել է ինձանից:

- Բա էդ սատկածը ի՞նչ ես արել, Օլյա: 16 հատ 4 ամսական սատկածները թաղե՞լ ես:

- Ինչ եմ արե՞լ, Մովսես, 16 հատ էդ 4 ամսականները: Չէ, չեմ թաղել, մեծ մասը հիվանդ են եղել, մորթել եմ իմ սառնարանի մարազիլկեն լցրել, մինչև հիմի ուտում ենք:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter