
Էջմիածնում 118 մլն դրամով վերանորոգվում են համեմատաբար բարեկարգ փողոցները
Էջմիածին համայնքի փողոցների և ներհամայնքային ճանապարհների ընդհանուր երկարությունը մոտ 340 կմ է, որից ասֆալտապատ է 240 կմ, իսկ մնացածը՝ հողային:
Բարեկարգ է ճանապարհների կեսից էլ պակաս հատվածը: Քաղաքի բնակիչների զգալի մասը նշել է, որ քաղաքում ավելի շատ չվերանորոգված փողոց կա, քան վերանորոգված: Արամ Մանուկյան թաղամասի և Հունան Ավետիսյան փողոցների անմխիթար վիճակի մասին քաղաքացիներն ամենաշատն են հիշատակել: Փոխարենն այս օրերին վերանորոգվում են ճանապարհներ, որոնք համեմատաբար բարվոք վիճակում են:
«Ավելի հեշտ է ասել, թե որ փողոցներն են վերանորոգված, քան հակառակը՝ որոնք վերանորոգման կարիք ունեն: Վերանորոգված փողոցներն ավելի քիչ են, կան մոռացված փողոցները: Քաղաքային իշխանություններն ավելի շատ ուշադրություն են դարձնում կենտրոնական փողոցներին, ահավոր վիճակում են քաղաքի ծայրամասային փողոցները»,-ասում է էջմիածնեցի Արմեն Սարգսյանը:
Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակում հիմնանորոգվում է Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին և Վռամ Կոստանյան փողոցների, ինչպես նաև վերջինի թիվ 4, 6, 8 շենքերի ճանապարհնեերի ասֆալտբետոնե ծածկը: Ամբողջական քանդվելու է ասֆալտը և կառուցվելու է նորը:
Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 117 մլն 720 հազար դրամ է, որից համայնքի մասնաբաժինը կազմում է 55 %՝ 64 մլն 746 հազար դրամ:
Նշենք, որ ծրագրով հաղթող է ճանաչվել «Շինպլյուս» ՍՊԸ-ն: Հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև սեպտեմբերի 30-ը: Վազգեն Առաջին փողոցի երկարությունը կազմում է 771,5 մ, Վ. Կոստանյանինը՝ 365,7 մ, իսկ վերը նշված շենքերի ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 267 մ:
Այս փողոցները համեմատաբար լավ վիճակում են, պարբերաբար կատարվել են փոսալցման աշխատանքներ: Ի տարբերություն Հունան Ավետիսյան, Անդրանիկ, Նավասարդյան, Մամիկոնյան փողոցների, որտեղ ասֆալտը քայքայվել և հսկայական փոսեր են առաջացել, Վ. Առաջին և Վ. Կոստանյան փողոցները բարեկարգ վիճակում են, չկան փոսեր, պահպանված է ասֆալտե շերտը: Մինչդեռ, օրինակ, Հ. Ավետիսյան փողոցը անձրեւային օրերին դառնում է գրեթե անանցանելի: Աշակերտները մինչև հասնում են դպրոց ոտքից գլուխ կորում են ցեխի մեջ:
Էջմիածնի համայնքապետարանում համարում են, որ քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող Վազգեն Առաջին և Վռամ Կոստանյան ասֆալտապատ փողոցները կհեշտացնեն երթևեկը և´ վարորդների և´ հետիոտների համար, կկազմակերպվի անվտանգ երթևեկություն:
Համայնքապետարանը հաստատում է, որ քաղաքի մի շարք փողոցներ անմխիթար վիճակում են, որտեղ ասֆալտբետոնե շերտը քայքայված է, առկա են փոսեր:
«Այս փողոցներից շատերում իրականացվում են փոսալցման աշխատանքներ»,-պարզաբանում են Էջմիածնի համայնքապետարանից:
Մեկնաբանել