HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նալբանդյանը մասնակցել է Աֆղանստանից թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին նվիրված պակտին

Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան Վիեննայում մասնակցեց Աֆղանստանից թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին նվիրված Փարիզյան պակտի նախարարական երրորդ համաժողովին, որին ներկա էին եւ ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը, շուրջ հինգ տասնյակ երկրների բարձրաստիճան պատվիրակություններ:

Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Ավստրիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի, Ալեն Ժյուպեի եւ Միխայել Շպինդելեգերի նախագահությամբ տեղի ունեցած նիստին ելույթ ունեցավ նաեւ Էդվարդ Նալբանդյանը:

Իր խոսքում Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց թմրադեղերի ապօրինի շրջանառության դեմ միջազգային հանրության պայքարում Հայաստանի ներդրումը  եւ վերահաստատեց  ՀՀ վճռականությունը շարունակելու ակտիվորեն աջակցել միջազգային ջանքերին, ներառյալ Փարիզի պակտին և այլ միջազգային նախաձեռնություններին, որոնց նպատակն է նվազեցնել և արմատախիլ անել թմրամիջոցների ապօրինի արտադրությունը, առևտուրն ու թրաֆիքինգը:

Վիեննայում Էդվարդ Նալբանդյանի օրակարգը հագեցած էր նաեւ երկկողմ հանդիպումներով:

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերի հետ:

Հանդիպմանը զրուցակիցները հանգամանալից քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այս ենթատեքստում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը մտահոգություն հայտնեց շփման գծում լարվածության պահպանման կապակցությամբ եւ կարեւորեց միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծումը:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը անդրադարձան նաեւ Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին:

Վիեննայում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ նաեւ իր ռուսաստանցի գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ:

Նախարարների հանդիպմանն անդրադարձ արվեց երկկողմ օրակարգի հարցերին, միջազգային  եւ տարածաշրջանային զարգացումներին:

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը քննարկեցին երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի կատարելագործմանն առնչվող հարցեր:   Հայաստանի ԱԳ նախարարը վերահաստատեց Ռուսաստանի իր գործընկերոջն ուղղված Երեւան այցելելու հրավերը: 

Վիեննայում հանդիպում կայացավ նաեւ ԵԱՀԿ մշտական խորհրդի նախագահ դեսպան Իոն Օ’լիին:

Նախարար Նալբանդյանը Հայաստանի աջակցությունը հայտնեց ԵԱՀԿ-ում Իռլանդիայի նախագահության առաջնահերթությունների իրականացմանը:

Էդվարդ Նալբանդյանն ու դեսպան Օ'լին անդրադարձան Իռլանդիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Իէմոն Գիլմորի` Հայաստան նախատեսվող այցին: 

Հանդիպման օրակարգում էր նաեւ արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Այս առնչությամբ դեսպան Օ'լին վերահաստատեց ԵԱՀԿ նախագահության աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին:  

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ավստրիայի փոխվարչապետ, Եվրոպական եւ արտաքին գործերի նախարար Միխայիլ Շպինդելեգերի հետ:

Հայաստանի եւ Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին այս տարի նախատեսվող Ավստրիայի Նախագահի Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները:

Նախարարներ Նալբանդյանն ու Շպինդելեգերը բովանդակալից զրույց ունեցան տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիների, եվրոպական կառույցների եւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացման վերաբերյալ, մտքեր փոխանակեցին միջազգային օրակարգի եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ: 

Հայաստանի ԱԳ նախարարի հաջորդ հանդիպումը Չերնոգորիայի արտգործնախարար Միլան Ռոչենի հետ էր:

Հանդիպման օրակարգում էին երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, տնտեսական փոխգործակցության զարգացման, ապակենտրոնացված համագործակցության, Չերնոգորիայի ԱԳ նախարարի Երեւան կատարելիք այցին առնչվող հարցեր:

Վիեննայում Էդվարդ Նալբանդյանը ծավալուն հարցազրույց տվեց Ավստրիայի առաջատար «Der Standart» թերթին:

Նույն օրը, ավարտելով այցելությունը, Էդվարդ Նալբանդյանը վերադարձավ Երեւան:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter