HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարցականները վերացան

Երէկուան օրը բնորոշուեցաւ Թուրքիոյ հայոց 85-րդ պատրիարքի ընտրութեան գործընթացէն ներս անկիւնադարձային իրադարձութիւնով մը։ Այսպէս, յետմիջօրէի ժամերուն Իսթանպուլի կուսակալութեան կողմէ պաշտօնեայի մը միջոցաւ Գումգաբու ուղարկուեցաւ պատրիարքական ընտրութեան կանոնադրութիւնը։ Ներքին գործոց նախարարութեան կողմէ պատրաստուած այս կանոնադրութիւնը  պաշտօնական ինքնաշարժով մը Իսթանպուլի կուսակալութենէն ուղարկուեցաւ Պատրիարքարան։ Գումգաբուի մէջ այդ փաստաթուղթը ստացաւ Տ. Շիրվան Քհնյ. Միւրզեան եւ անմիջապէս յանձնեց Պատրիարքական տեղապահ Տ. Սահակ Եպսկ. Մաշալեանին, որու անունով իսկ հասցէագրուած էր կանոնադրութիւնը։

Կանոնադրութեան բովանդակութեան առաջին հերթին վերահասու դարձաւ Տ. Սահակ Եպսկ. Մաշալեան, որու կողքին էր Նախաձեռնարկ մարմնի դիւանի ատենապետ Խոսրով Քէօլէդաւիթօղլու։ Երէկ արդէն Նախաձեռնարկ մարմնի հերթական նիստի օրն էր։ Ուստի, ժողովի ընթացքին ընթերցուեցաւ վեց էջէ բաղկացեալ կանոնադրութիւնը, որուն կցուած է ցուցակ մը՝ իւրաքանչիւր ընտրաշրջանին վիճակելիք պատգամաւորներու քանակին վերաբերեալ։ Առաջին ընթերցման լոյսին տակ Նախաձեռնարկ մարմնի անդամները ընդհանուր արժեւորումի մը ենթարկեցին կանոնադրութիւնը։ Անոնք որոշեցին վաղը արտահերթ ժողով մը գումարել, ընթացքին աւելի խորաթափանց ուսումնասիրել կանոնադրութիւնը եւ գործադրութեան ճանապարհին յստակեցնել Նախաձեռնարկ մարմնի դիրքորոշումը։ Երէկ իսկ Նախաձեռնարկ մարմինը արդէն համայնքային մամուլին փոխանցեց պետութենէն հասած կանոնադրութիւնը։

Մինչ այդ, տեղապահ Տ. Սահակ Եպսկ. Մաշալեան այս պահէն սկսեալ ընտրական գործընթացի յաջորդ փուլերը պիտի հունաւորէ՝ ըստ իրեն վիճակած լիազօրութիւններուն եւ պատասխանատուութիւններուն։ Երէկ յետմիջօրէի ժամերուն լսումներ շրջանառութեան մէջ մտան, թէ այս առաւօտ Պատրիարքարանի մէջ պիտի գումարուէր Կրօնական ժողովը, սակայն աւելի վերջ յայտնի դարձաւ, որ այդպիսի պարագայ մը խնդրոյ առարկայ չէր։ Տ. Սահակ Եպսկ. Մաշալեան թեկնածու սրբազաններու վերաբերեալ անհրաժեշտ աշխատանքը կատարելէ վերջ կը նախատեսէ ժողովի հրաւիրել Կրօնական ժողովը, որու նիստին զուգահեռ ալ պիտի կազմակերպուի Եկեղեցականաց համագումարը։

Կանոնադրութեան հասնելով ընտրական գործընթացի վերաբերեալ հիմնական հարցականներն ալ, ըստ էութեան, վերացած կը համարուին։ Նախապէս ուղարկուած կանոնադրութիւններուն բաղդատմամբ թէեւ մեծ տարբերութիւն մը չկայ բովանդակութեան մէջ, սակայն յարաբերաբար աւելի զգալի է 1863-ի Ազգային Սահմանադրութեան ազդեցութիւնը։ Արդարեւ, պատրիարքական թեկնածու պիտի կարենան ըլլալ միայն Պոլսոյ Աթոռին ենթակայ սրբազանները։ Սա Սահմանադրութեամբ նախատեսուած պարագայ մըն է, որու շուրջ նախկին կանոնադրութիւններուն մէջ յարաբերաբար աւելի ճկուն մօտեցում մը կը ցուցաբերուէր՝ արտասահմանէ այլ թեկնածուներու մասնակցութեան տեսակէտէ։ Սակայն ներկայ իրավիճակին մէջ, մեր համայնքային շրջանակներուն կողմէ Ազգային Սահմանադրութեան համար յաճախակիօրէն կատարուած յղումներուն եւ Սահմանադրական ատեանին կողմէ արձակուած վճռին ալ ազդեցութեամբ՝ թեկնածութեան պարագաներուն համապատասխան սահմանում մը բերուած է։ Այդ սահմանումը գործնականօրէն թէեւ որոշ չափով սահմանափակում կը նշանակէ, սակայն, բնականաբար, համայնքը նման իրավիճակներու մէջ պէտք է վարուի որոշ հաւասարակշռութեամբ՝ խուսափելու համար տարուբերումներէ եւ զերծ մնալու համար հակասական պահանջներէ։

Այժմու կանոնադրութեան նորութիւններէն մին ալ Ազգային պատգամաւորական ժողովի անդամներու թիւի բարձրացումն է։ Անցեալ անգամուան 89 պատգամաւորին փոխարէն այս անգամ թիւը բարձրացած է 120-ի։ Սա որոշ չափով արդար ընտրութեան մը ենթագետինը կը համարուի, որովհետեւ հայահոծ թաղերու պատգամաւորներու թիւը բարձրացուած է՝ ընդհանուր արդիւնքին վրայ ուղղակիօրէն ազդելիք ձեւով։ Այս առումով եւս ուշագրաւ է, որ Ազգային պատգամաւորական ժողովի անդամներու թիւը բարձրացուած է՝ 1863-ի Ազգային Սահմանադրութեան մէջ նախատեսուած թիւին։

Կարեւոր նորութիւններէն մին ալ այն է, որ թէ՛ ընտրողներու եւ թէ պատգամաւորներու թեկնածուներու պարագային նուազագոյն տարիքի շեմը իջեցուած է 18-ի։

Կանոնադրութեան հասնելուն զուգահեռ պատրիարքական ընտրութեան գործընթացը պիտի աշխուժանայ անբաղդատելիօրէն, մինչ յառաջիկայ օրերուն կը նախատեսուի նաեւ հասարակական բուռն քննարկում մը՝ անոր բովանդակութեան եւ մեր համայնքի իրաւունքներուն տեսակէտէ։

*

Ո՛Ր ԸՆՏՐԱՇՐՋԱՆԷՆ ՔԱՆԻ՛ ՊԱՏԳԱՄԱՒՈՐ

Ֆէրիգիւղ                            22

Պաքըրգիւղ                         14

Եշիլգիւղ                              10

Գատըգիւղ                            7

Գնալը Կղզի                          3

Օրթագիւղ                            3

Սկիւտար Ս. Կարապետ        2

Նարլըգաբու                         2

Ենիգիւղ                               2

Ետիգուլէ                              2

Պէյօղլու                                2

Սամաթիա                            6

Մայր Եկեղեցի                       3

Սկիւտար Ս. Խաչ                  2

Պալաթ                                 1

Պէշիկթաշ                             1

Պէյքոզ                                  1

Պօյաճըգիւղ                          1

Պիւյիւքտերէ                         1

Էյուպ Ս. Աստուածածին        1

Էյուպ Ս. Եղիա                     1

Ղալաթիա                            1

Կետիկփաշա                       1

Հալըճըօղլու                         1

Գանտիլլի                            1

Գարթալ                              1

Գումգաբուի Դուրս               1

Գուրուչէշմէ                         1

Գուզկունճուք                      1

Ռումելի Հիսար                    1

Թոփգաբու                          1

Ենիգաբու                           1

Տիյարպաքըր                      1

Իսքենտերուն                      1

Կեսարիա                           1

Քըրըքհան                          1

Վաքըֆլըգիւղ                      1

Աշխարհականներ՝               103

Կղերականներ՝                      17

Ընդհանուր՝                         120

նյութի աղբյուրը՝ jamanak.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter