
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի Դիկարլոյին
Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Քաղաքական և խաղաղաշինության հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի Դիկարլոյի հետ։ Այս մասին հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Զրուցակիցները բարձր գնահատեցին ՄԱԿ կառույցների հետ հաստատված ակտիվ և արդյունավետ համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու դրա խորացմանը և ընդլայնմանն ուղղված համատեղ քայլերը:
Ըստ հաղորդագրության նախարար Մնացականյանը ներկայացրեց ժողովրդի լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող լայնամասշտաբ բարեփոխումների ընթացքն՝ ուղղված երկրում իրավունքի գերակայության, մարդու իրավունքների, ժողովրդավարության ամրապնդմանը և կայուն զարգացմանը, դատաիրավական համակարգում բարեփոխումների իրականացմանը։ Որպես առաջնահերթություն ընդգծվեց տնտեսական հեղափոխության համար նպաստավոր պայմանների ապահովման կարևորությունը: Երկրում տեղի ունեցող գործընթացներում Հայաստանի արտգործնախարարն առանձնացրեց երիտասարդության և կանանց ակտիվ ներգրավվածությունը:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի շուրջ։
Անդրադարձ կատարելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին՝ նախարար Մնացականյանը Ռոզմարի ԴիԿարլոյին տեղեկացրեց նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպման մասին, ինչպես նաև ներկայացրեց հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները:
Մեկնաբանել