HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Օդանավակայան տանող ճանապարհը համայնքապետի թեկնածուն «պաստառապատել է»

Երևանից «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհին՝ խաչմերուկի հարևանությամբ, մոտ 100 մետր երկարությամբ գովազդային պաստառներ են փակցված՝ ճանապարհը բաժանող ցանկապատի երկայնքով: Փարաքարի համայնքապետի թեկնածուներից Դավիթ Մինասյանը որոշել է քարոզչական նյութերը փակցնել օրենքով չնախատեսված վայրերում: Օդանավակայան գնացող քաղաքացիների, օտարերկրյա հյուրերի աչքից պաստառներն աննկատ չեն մնում:

Սեպտեմբերի 29-ին Փարաքարում համայնքի ղեկավար են ընտրելու: Թեկնածուները չորսն են, որոնցից երկուսը Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու անդամներ են, մեկը՝ համայնքի ղեկավարի տեղակալն է, մյուսը՝ գործող համայնքապետը:

Դավիթ Մինասյանը ևս համայնքի ավագանու անդամ է: Առաջին անգամ չէ, որ վերջինս չնախատեսված վայրերում քարոզչական պաստառներ է փակցնում: Նա քարոզչական նյութեր էր փակցրել նաև մշակույթի տան տարածքում:

Թիվ 14 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գրիգոր Նազարյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ չնախատեսված վայրերում քարոզչական նյութեր փակցնելու համար բանավոր արդեն զգուշացրել են Դավիթ Մինասյանին: Նա գյուղի մշակույթի տան տարածքից պաստառներն արդեն հեռացրել է: Ինչ վերաբերում է օդանավակայան տանող պետական նշանակության ճանապարհի երկայնքով փակցված պաստառներին, ապա Գրիգոր Նազարյանի խոսքերով, այդ մասին թեկնածուն ևս զգուշացվել է բանավոր կարգով:

«Եթե պաստառները չհեռացվեն կհարուցվի վարչական վարույթ»,- ասաց թիվ 14 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը:

Պարզաբանում ստանալու նպատակով զանգահարեցինք նաև թեկնածուին, սակայն նա հեռախոսազանգերին չէր պատասխանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter