HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Գայանե Աբրահամյան. «Միանշանակ է, որ օնլայն տիրույթը ատելության խոսքից ու կեղծ լուրերից պետք է մաքրել»

Մեդիայի ազատության թեմայով միջազգային խորհրդարանական աշխատաժողովին, որին մասնակցել է նաև հայկական պատվիրակությունը, հիմնականում քննարկվել է լրագրողների անվտանգության և կեղծ լուրերի տարածման խնդիրները: Այս մասին խորհրդարանում հրավիրված մամուլի ասուլիսին ասաց պատվիրակության անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը:

Ըստ պատգամավորի՝ այս խնդիրները գրեթե ամբողջ աշխարհի կողմից որակվում են որպես ազգային անվտանգության ու ժողովրդարավության դեմ ուղղված սպառնալիքներ:

Աշխատաժողովին մասնակցել են Բրազիլիայից, Կանադայից, Ռումինիայից, Լատվիայից, Սերբիայից, Մեծ Բրիտանիայից և այլ երկրներից պատգամավորներ, քաղհասարակության ներկայացուցիչներ, լրագրողներ:

Գայանե Աբրահամյանի խոսքով՝ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Մեծ Բրիտանիայի բյուրոյի տնօրեն Ռեբեկա Վինսենտը անդրադարձել է հեղափոխությունից հետո հայկական մեդիայում տեղ գտած փոփոխություններին և շեշտել, որ Հայաստանը բավական լուրջ առաջընթաց է արձանագրել մեդիա ազատությունների, խոսքի ազատության ոլորտում:

«Բառացի կարող եմ ասել, թե ինչ է ասել. նման առաջընթաց ոչ մի երկիր վերջին 10 տարիների ընթացքում չի արձանագրել»,- նշեց Աբրահամյանը:

Պատգամավորը խոսեց նաև գործընկերների ներկայացրած առաջարկների մասին.

«Հիմնական առաջարկը, որպես Եվրոպայի խորհրդի անդամ երկիր, այն էր, որ պետք է մեդիաները և՛ սեփականատիրական, և՛ ֆինանսական թափանցիկության ուղղությամբ աշխատեն: Եվրոպայում այսօր գործող կարգավորումներով որևէ սեփականատեր ավելի քան մեկ մեդիա ընկերություն ունենալու իրավունք չունի, լսարանի 30 տոկոսից ավելին ունենալու հնարավորություն և իրավունք չունեն: Սրանք խիստ կարգավորումներ են, չեմ պատկերացնում, թե որքանով կիրառելի կլինեն Հայաստանում, բայց այն որ այս ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկել, և օնլայն տիրույթը ատելության խոսքից ու կեղծ լուրերից պետք է մաքրել, միանշանակ է»,- ասաց Աբրահամյանը:

Պատգամավորի խոսքով՝ անդրադարձ է եղել նաև 2018 թվականին լրագրողների նկատմամբ բռնության դեպքերին, որոնք կրկնապատկվել են, ընդհուպ՝ սպանության հանգեցնող բռնության դեպքերը:

«Շատ հատկանշական է, որ առաջին իսկ բանախոսը որպես բռնության ամենավառ դեպքերից մեկը որակեց Հրանտ Դինքի սպանությունը՝ հստակ մատնանշելով, որ այն ոչ միայն լրագրողի դեմ ուղղված քայլ էր, այլև խտրականության հողի վրա էր»,- ասաց Գայանե Աբրահամյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter