
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին
Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ: Այս մասին փոխանցում է ԱԳՆ լրատվական ծառայությունը:
Զոհրաբ Մնացականյանը և Ժան-Բատիստ Լըմուանն անդրադարձ կատարեցին հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակի: Երկուստեք դրական գնահատվեցին Ֆրանսիայի և Հայաստանի միջև բարձր և բարձրագույն մակարդակով պարբերական փոխայցելությունները և շփումները, որոնք նոր լիցք են հաղորդում արյդունավետ երկխոսության և բազմաոլորտ համագործակցության զարգացմանը։
Ըստ հաղորդագրության հանդիպման օրակարգում էին Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցերը։ Հայաստանի արտգործնախարարը և Ֆրանսիայի պետքարտուղարը կարևորեցին համագործակցության իրավական հենք հանդիսացող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս համատեքստում Զոհրաբ Մնացականյանը կարևորեց մարդկանց միջև շփումների խթանումը և մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հոկտեմբերին Մոնակոյում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի օրակարգի և հաջորդ տարի Կազմակերպության 50-ամյակին նվիրված միջոցառումների շուրջ։ Նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունն իր նպաստը բերելու ՖՄԿ առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման և ֆրանկոֆոն արժեքների տարածման գործում։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Հայաստանի արտգործնախարարը զրուցակցին տեղեկացրեց օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպման մասին և իր երախտագիտությունը հայտնեց Ֆրանսիային՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ միասին հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի առնչությամբ:
Մեկնաբանել