
Հանդիպել են Հայաստանի և Լիբանանի արտգործնախարարները
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Լիբանանի արտգործնախարար Ջեբրան Բասիլի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ պաշտոնական կայքը:
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պատրաստակամություն հայտնեցին համատեղ ջանքեր գործադրել երկու երկրների և ժողովուրդների միջև ավանդական բարեկամական գործընկերության ամրապնդման և առավել ընդլայնման ուղղությամբ: Այդ առնչությամբ առանձնահատուկ ընդգծվեց Լիբանանի հայ համայնքի դերը:
Հաղորդագրության համաձայն՝ նախարարներ Մնացականյանը և Բասիլին մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի, Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացների շուրջ: Հայաստանի Զոհրաբ Մնացականյանն իր լիբանանցի գործընկերոջը ներկայացրեց Հայաստանի ներգրավվածությունը Լիբանանում խաղաղապահ և տարածաշրջանում հումանիտար առաքելություններին։
Կրոնական ազատությունների և խտրականության դեմ պայքարի համատեքստում նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը՝ նպաստելու կրոնական ազատությունների ապահովմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին և պայքարելու քաղաքական նպատակներով կրոնի և հավատքի շահարկման դեմ:
Մեկնաբանել