
Վարչապետը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին
Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Այս մասին փոխանցում է վարչապետի պաշտոնական կայքը:
Արարողակարգային ձեռքսեղմումից և վարչապետի կողմից ՄԱԿ-ի հյուրերի գրքում գրառում կատարելուց հետո տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Անտոնիո Գուտերեշի երկկողմ հանդիպումը։
Ըստ հաղորդագրության` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի վարչապետին ՄԱԿ-ի կենտրոնակայանում և նրա մասնակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին։ Անտոնիո Գուտերեշը նշել է, որ ՄԱԿ-ը հետևում է Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին:
Վարչապետի խոսքով՝ Հայաստանի նոր կառավարությունը հանձնառու է կյանքի կոչել բարեփոխումների մեծ փաթեթ՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը, օրենքի գերակայության ապահովմանը, դատաիրավական ոլորտի բարեփոխմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, հավասար հնարավորությունների ապահովմանը, և Հայաստանը կարևորում է միջազգային գործընկեր կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի աջակցությունը բարեփոխումներն արագ և հաջող կյանքի կոչելու գործում։
Ինչպես ասվում է հաղորդագրությունում, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ՄԱԿ-ն իր լիարժեք աջակցությունն է հայտնում Հայաստանի բարեփոխումների օրակարգին։ Վարչապետ Փաշինյանը գոհունակություն է հայտնել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի հետ աշխատանքի կապակցությամբ՝ նշելով, որ կառավարությունն արդյունավետ համագործակցում է ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության հետ։
Հայաստանի վարչապետը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի, գլոբալ մարտահրավերների, միջազգային և տարածաշրջանային զարգացումների շուրջ։
Մեկնաբանել