HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Նոր Խարբերդում վարակման դեպքն է՞լ է ջրվելու

Ոստիկանությունը փառահեղ քննություն է կատարել

Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում անցյալ տարվա հունիսի սկզբին խմելու ջրից բնակչության զանգվածային վարակման դեպքից կարճ ժամանակ անց բնակչության զանգվածային վարակման դեպք արձանագրվեց նաև Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում: Չնայած կատարվածի հասարակական հնչեղությանը և բնակչության առողջությանը անմիջական առնչությանը, հաճախ նույնիսկ 1-2 հավի գողության մասին հասարակությանը տեղեկացնող ոստիկանությունն այդ դեպքից հետո լռեց:

Սակայն մոտ կես տարի հետո` ս. թ. հունվարի 10-ին, ինքներս հրապարակայնորեն դիմեցինք ՀՀ ոստիկանություն ու հարցրինք` «Ինչո՞ւ քրեական գործ չի հարուցվել Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած հիշյալ դեպքից մի քանի օր անց Նոր Խարբերդում բնակչության զանգվածային վարակման դեպքի առնչությամբ, այդ երկու դեպքերի միջև ի՞նչ տարբերություն կա: Եթե մեր ունեցած այս տեղեկությունը ճիշտ չէ, և, այնուամենայնիվ, քրեական գործ հարուցվել է, ապա ի՞նչ է պարզվել դրա նախաքննությամբ, որևէ մեկին մեղադրանք առաջադրվե՞լ է, տվյալ քրեական գործն ի՞նչ կարգավիճակում է»: Ոստիկանությունից օրերս ստացանք մեր հարցի պատասխանը, որը ներկայացնում ենք ստորև.

«Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում, չպարզված հանգամանքներում, խախտվել են սանիտարահակահամաճարակային կանոնները, ինչի հետևանքով 2011 թ. հունիսի 9-ից մինչև 14-ն ընկած ժամանակահատվածում առաջացել է մարդկանց զանգվածային հիվանդացում, այն է` նույն գյուղի 11 և Այնթափ գյուղի 2 բնակիչներ հիվանդացել են սուր աղիքային ինֆեկցիայի տարբեր հիվանդություններով:

Դեպքի առթիվ 2011 թ. հունիսի 15-ին «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրի հաղորդման շուրջ նախապատրաստված նյութերով 2011 թ. հուլիսի 14-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասով և կատարվում է նախաքննություն:

Քրեական գործի նախաքննության ընթացքում հարցաքննվել է 11 տուժող, կատարվել են դատաբժշկական և դատամանրէաբանական փորձաքննություններ: Անցկացվել են քննչական և օպերատիվ-հետախուզական համապատասխան միջոցառումներ: Սակայն ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումները դրական արդյունք չեն տվել: Ջրի մանրէաբանական հետազոտության արդյունքներում ախտածին մանրէներ չեն հայտնաբերվել:

Նոր Խարբերդ գյուղի խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրամբարի ջրատար խողովակից վերցված 2 նմուշների և փականի դատամանրէաբանական փորձաքննությամբ նույնպես աղիքային խմբի ախտածին մանրէներ չեն հայտնաբերվել:

14.09.2011 թ. քրեական գործով վարույթը կասեցվել է ՀՀ քր. դատ. օր. 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով»:

Ծանոթանալով այս պատասխանին` արդեն իսկ կասկածներ ունենք, որ նախաքննության փոխարեն նախաքննության երևութականություն է ստեղծվել` չնայած նշանակված-իրականացված փորձաքննություններին և կատարված մյուս գործողություններին: Այդ ինչպե՞ս ջրի մանրէաբանական հետազոտության արդյունքներում ախտածին մանրէներ չեն հայտնաբերվել (հետաքրքիր է` ով կամ ովքեր են ցանկացել, որ չհայտնաբերվեն), երբ 2011 թ. ամռանը հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության տեսչության պետ Արտավազդ Վանյանն ինքը Նոր Խարբերդի դեպքի առնչությամբ ասաց. «...համաճարակաբանական հետազոտությունները լիարժեք ցույց են տալիս, որ դա ջրային բնույթի էր: Միանշանակ` աղբյուրը հանդիսանում էր ջուրը»: Ակնհայտ չէ՞ հակասությունը...

Մի պահ պատկերացնենք, թե պարոն Վանյանը սխալվել է, թեև նման սխալ հնարավոր չէ պատկերացնել: Ո՞ւմ պարզ չէ, որ սուր աղիքային ինֆեկցիայի հիվանդություններով բնակչության զանգվածային վարակումը տեղի է ունեցել հենց ջրից` եթե նկատի ունենանք, որ նրանք տարբեր ընտանիքներից ու նույնիսկ տարբեր բնակավայրերից են, վարակվել են միաժամանակ, նույն սննդամթերքից, ասենք, աղացած մսից կամ դդմիկի կոտլետից չեն օգտվել, և միակ բանը, որից բոլորն էլ օգտվել են, ջուրն է եղել:

Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ջրի մանրէաբանական հետազոտության արդյունքներում ախտածին մանրէներ չեն հայտնաբերվել, ապա շատ կարևոր է ունենալ ճշմարիտ պատասխանն այն հարցի, թե տվյալ ջրի նմուշը ե՞րբ է վերցվել, խոսքը ո՞ր օրը, ո՞ր ժամին վերցված նմուշի մասին է: Այդ կապակցությամբ պատասխանում բառ անգամ չկա, բայց գրեթե կասկած չունենք, որ տվյալ նմուշը վերցվել է հիշյալ տեսչության պետին հայտնի նմուշից հետո:

Մինչդեռ բավական էր միայն, որ նշված բնակավայրերից մեկնումեկում աղմուկ բարձրանալուց կամ առաջին իսկ ահազանգից հետո (այսինքն` ավելի վաղ, քան «Ժամը» ծրագրի հիշյալ հաղորդումը) ջրամատակարար ընկերությունը ջրին խառնվող քլորի միացության չափաքանակը մի փոքր ավելացներ, ախտածին մանրէներն այլևս չէին հայտնաբերվի: Այդ ընթացքում ընկերությունը կարող էր գտնել ու վերացնել ջրի վարակման պատճառը:

Նոր Խարբերդ գյուղի խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրամբարի ջրատար խողովակից վերցված 2 նմուշների և փականի դատամանրէաբանական փորձաքննությամբ աղիքային խմբի ախտածին մանրէներ չհայտնաբերելը նույնպես ջրի վարակված չլինելու օգտին փաստարկ չէ, քանի որ, ինչպես Ա.Վանյանն էլ նշել էր, Խարբերդի դեպքը նույնպես լոկալ բնույթ ուներ: Ոստիկանության պատասխանից ակնհայտ է, որ նմուշառումը կատարվել է օրվա կարգավորիչ ջրամբարի ջրատար խողովակից, և փականն է դատամանրէաբանական փորձաքննության ենթարկվել, սակայն վթարը և վարակի թափանցումը կարող էր կատարված լինել այդ ջրամբարից, այսինքն` ջրաղբյուրից հետո, մինչև սպառողներն ընկած հատվածում: Այդ դեպքում բնական է, որ ախտածին մանրէները չէին հայտնաբերվի:

Գրեթե կասկած չունենք, որ տվյալ քրեական գործը նույնպես, ի վերջո, կկարճվի, կարժանանա Նուբարաշենում խմելու ջրից բնակչության զանգվածային վարակման փաստով հարուցված քրեական գործի ճակատագրին:

Կարծում ենք` մեր այս և թեմայի հետ առնչվող նախորդ հրապարակումներից պարզ է արդեն, որ երբ խոսքը ջրամատակարար ընկերության մասին է, ոստիկանությունը չի ցանկանում քրեական գործերն իրենց տրամաբանական ավարտին հասցնել:

Արթուր Հովհաննիսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter