
Ինչի հաշվին է աճում տնտեսական ակտիվության ցուցանիշը
Այս տարվա հունվար-օգոստոսին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 7 %-ով աճել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։
Ինչպես տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեից (ՀՀ ՎԿ), արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա առաջին ութ ամիսներին ընթացիկ գներով կազմել է 1 տրլն 260 մլրդ դրամ՝ 2018 թվականի նույն ամիսների համեմատ ավելանալով 9.5 %-ով։
Շինարարության ծավալն այս ընթացքում կազմել է 208.2 մլրդ դրամ՝ աճելով 4.4 %-ով։
Առևտրաշրջանառությունը 1 տրլն 986 մլրդ դրամ է, աճը՝ 9 %:
Ծառայությունների ծավալը կազմել է 1 տրլն 284 մլրդ դրամ՝ ավելանալով 15.5 %-ով։
Գյուղատնտեսության տվյալները չեն հրապարակվել։ Վիճկոմիտեի մեկնաբանմամբ՝ դրանք հրապարակվում են միայն եռամսյակային պարբերականությամբ՝ պայմանավորված գյուղատնտեսական արտադրանքի արտադրության սեզոնայնությամբ և բնակլիմայական ոչ կայուն պայմաններից կախված ամսական արտադրության տատանողականության համահարթեցման անհրաժեշտությամբ:
Իսկ միայն օգոստոսին, 2018 թվականի օգոստոսի նկատմամբ, ՏԱՑ-ի աճը կազմել է 7.6 %: Հուլիսին գրանցված 12-ամսյա աճի համեմատ (8.3 %) այն որոշակիորեն թուլացել է։
Ինչ վերաբերում է արտաքին առևտրաշրջանառությանն, ապա հունվար-օգոստոսին ապրանքների արտահանումը Հայաստանից կազմել է 1.66 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճելով 4.6 %-ով։
Իսկ ներմուծումը կազմել է 3.184 մլրդ դոլար, աճը՝ 0.7 %:
Մեկնաբանել