Բացահայտվել է կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության կատարման դեպք
Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ԲՍՓ գործակալության սպասարկման ոլորտում կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության կատարման դեպք: Այս մասին հաղորդում են ԱԱԾ մամուլի կենտրոնից։
Հաստատված փաստական տվյալների համաձայն՝ Արարատի մարզի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննությունների հանձնաժողովի բուժվիճակագիրը, հաշմանդամության կարգի երկարացման համար դիմած քաղաքացուց համապատասխան պաշտոնատար անձանց միջոցով կաշառքի դիմաց հիշյալ գործընթացը կազմակերպելու խոստմամբ, ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, պահանջել ու ստացել է գումար, որից հետո անմիջապես բռնվել է։
Բացահայտված դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019 թ. սեպտեմբերի 25-ին հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։
Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ՝ հնարավոր կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված անձանց բացահայտելու, պատասխանատվության կանչելու և վերջիններիս գործողությունների արդյունքում տուժած քաղաքացիների շրջանակը պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինականուժի մեջ մտած դատավճռով։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել