
Նվազագույն ամսական աշխատավարձը բարձրացնելու նախագիծը ստացավ ԱԺ հանձնաժողովի հավանությունը
Ազգային Ժողովի առողջապահության, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանի և Վարազդատ Կարապետյանի հեղինակած «Նվազագույն ամսական աշխատավարձը» փոփոխելու նախագծին:
Պատգամավորներն առաջարկում են նվազագույն ամսական աշխատավարձը 55 հազար դրամից դարձնել 63 հազար դրամ: Կառավարության առաջարկն է դարձնել 68 հազար դրամ: Այս նախագծի քննարկումը ընդհատվել էր հանձնաժողովի նախորդ նիստի ժամանակ. նախագծի համահեղինակները Կառավարության ներկայացուցչից հստակ հիմնավորումներ էին խնդրել 68 հազար դրամ նվազագույն ամսական աշխատավարձի առաջարկի համար:
Այսօր էլ քննարկումները բավական երկար տևեցին, սակայն պատգամավորների կարծիքը միանշանակ չէր: Նախագծի համահեղինակ Բաբկեն Թունյանի համար այդպես էլ հստակ չէին Կառավարության հիմնավորումները: Պատգամավորն իր մտահոգությունը հայտնեց, որ աշխատավարձի նման կտրուկ բարձրացումը կարող է հանգեցնել գնաճի կամ գործազրկության: Վերջինս առաջարկեց փոփոխել այնպես, որ 2020 թվականի հունվարի մեկից նվազագույն ամսական աշխատավարձը սահմանվի 63 հազար դրամ, իսկ 2021 թվականի հունվարի մեկից՝ 68 հազար դրամ:
Քվեարկությամբ սակայն ընդունվեց Կառավարության առաջարկը: Նախագիծն ընդգրկվեց լիագումար նիստերի օրակարգ:
Հիշեցնենք, որ նվազագույն ամսական աշխատավարձի նման բարձրացման վերաբերյալ մտահոգություն են հայտնել թե՛ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, թե՛ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել